Պան Գի Մունն առաջարկել է Սիրիայում քիմիական գրոհները հետաքննելու իր ծրագիրը

Պան Գի Մունն առաջարկել է Սիրիայում քիմիական գրոհները հետաքննելու իր ծրագիրը

PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դիմել է Անվտանգության խորհրդին և առաջարկել է Սիրիայում քիմիական գրոհները հետաքննելու սեփական պլանը: Ըստ Associated Press-ի, գլխավոր քարտուղարը խորհուրդ է տվել ստեղծել անկախ եռակողմ հանձնաժողով փորձագետների մասնակցությամբ, որը կգլխավորի իր օգնականը: Նպատակը պետք է լինի քլորի և այլ թունավոր նյութերի օգտագործման մեղավորների բացահայտումը:

Պան Գի Մունի առաջարկն արված է 2235 բանաձևի ոգով, որը ԱԽ-ն միաձայն ընդունեց 2015-ի օգոստոսի 7-ին: ՄԱԿ գլխավոր քարտուղարն ու Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գլխավոր տնօրեն Ահմեդ Ուզյումջուն խնդրեցին հետաքննող մարմնի ստեղծման վերաբերյալ քայլեր առաջարկել, որի նպատակը պետք է լինի Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետաքննությունը, հայտնում է Լենտա.ռու-ն:

Օգոստոսի 22-ին քիմիական զենքի կիրառման մեջ մեղադրվեցին «Իսլամական պետության» գրոհայինները:

ԻՊ-ն գրավեց քիմիական զենքի արտադրության «Ալ Մուտանա» գործարանն Իրաքում, որտեղ Սադդամի ռեժիմը 1980-ականներին մեծ քանակությամբ թունավոր գազ էր արտադրում, այդ թվում զարին: Ըստ ԿՀՎ տվյալների, Պարսից ծոցում առաջին պատերազմից հետո 1991 թ. գործարանը դադարեցրեց քիմզենքի արտադրությունը, սակայն պահեստներում դեռ բավարար քանակով թունաքիմիկատներ են պահվում: Քլորի գազով ականները գրոհայինները կարող էին հափշտակել նաև Սիրիայի տարածքում: Այդ զենքը ենթակա չէր Ասադի զանգվածային ոչնչացման զենքի արսենալի վերացման մասին համաձայնագրի գործողությանը:

2015-ի փետրվարի 2-ին ՌԴ-ն հայտարարեց Սիրիայի լիակատար քիմիական զինաթափման մասին` Դամասկոսը Մոսկվայի և Վաշինգտոնի միջնորդությամբ դարձավ ՔԶԱԿ անդամ և ոչնչացրեց իր քիմիական զինանոցը:

ՄԱԿ ԱԽ-ն սեպտեմբերի 27-ին միաձայն հավանություն տվեց Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ բանաձևին: Բանաձևը բացառում է ուժի կիրառումը Սիրիայում և ընդհանրապես 7-րդ հոդվածի ցանկացած կիրառում: Բանաձևի տեքստն ընդունվեց Ռուսաստանի և ԱՄՆ ինտենսիվ բանակցությունների արդյունքում: Նրա հիմքում 2013թ. սեպտեմբերի սկզբին Ժնևում ընդունած համաձայնությունն է:

ՄԱԿ մամուլի ծառայությունը հոկտեմբերի 6-ին հայտնել էր, որ սիրիացիները ոչնչացրել են քիմիական զենքի պաշարների մեծ մասը Քիմզենքի արգելման կազմակերպության փորձագետների ղեկավարությամբ: Դուրս է բերվել և ոչնչացվել մոտ 800 տոննա քիմիական նյութ, իսկ ՄԱԿ և ՔԶԱԿ համատեղ առաքելությունը ոչնչացնում է քիմզենքի արտադրության օբյեկտները երկրում:

2014-ի դեկտեմբերին Սիրիայի իշխանությունները զգուշացրեցին միջազգային հանրությանը, որ ծայրահեղականները կարող են գրավել թունավոր նյութերի պահպանման համար նախատեսված արդյունաբերական օբյեկտները:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---