Գերմանիայի ՆԳՆ. Աճում է փախստականների դեմ ռասիզմի հողի վրա կատարված հանցագործությունների քանակը

Գերմանիայի ՆԳՆ. Աճում է փախստականների դեմ ռասիզմի հողի վրա կատարված հանցագործությունների քանակը

PanARMENIAN.Net - Վերջին ամիսներին Գերմանիայի տարածքում զգալիորեն աճել է ռասայական անհանդուրժողականության հողի վրա կատարված հանցագործությունների քանակը, ինչը կապված է Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներից փախստականների աննախադեպ հոսքի հետ, ասել է ԳԴՀ ՆԳ նախարար Թոմաս դը Մեզիերը Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա նշել է նաև, որ Գերմանիա ժամանող ներգաղթյալների թիվը քառակի անգամ ավելացել է նախորդ տարվա համեմատ: «Միայն հուլիսին ԳԴՀ է ժամանել 83.000 փախստական, օգոստոսին թիվը պետք է 90-100.000-ին մոտ լինի: Միայն նախորդ շաբաթ երկիր է մուտք գործել 25.000 մարդ: Դա շատ մեծ թիվ է»,-ասել է նա:

Ավելի վաղ Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դը Մեզիերը հայտարարել էր, որ ազատ տեղաշարժը Շենգենի գոտում կարող է վտանգի տակ հայտնվել: Եվրոպական երկրները մեծ խնդիրներ ունեն կապված ներգաղթյալների աննախադեպ հոսքի հետ:

Ըստ նրա, դա մեծ խնդիր է դարձել նույնիսկ «այնպիսի լավ կազմակերպված և հարուստ երկրի համար, ինչպիսին Գերմանիան է»: Նա վստահ է, որ հարցի լուծումը պետք է գտնել ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ ԵՄ:

Նախարարն ասել է, որ ԵՄ մակարդակով հարկավոր է մշակել քվոտաների համակարգ` բաշխելով փախստականներին բոլոր երկրներով, քանի որ Գերմանիան ի վիճակի չէ իր տարածքում շատ մեծ թվով փախստականների ընդունել: «Զգալիորեն աճել են աջակողմյան գաղափարախոսությամբ հիմնավորված հանցագործությունները` վիրավորանք, ատելություն, բռնություն ապաստան փնտրողների դեմ, փախստականների հարցերով զբաղվող կազմակերպությունների դեմ: Ընթացիկ տարվա 6 ամսում նման հանացոգորոծությունների քանակը ավելին է, քան նախորդ ամբողջ տարվա ընթացքում»,-ասել է նախարարը:

Նա նշել է, որ իշխանությունները դիմադրում են դրան ինչպես քաղաքական միջոցներով, այնպես էլ` իրավապահ մարմինների օգնությամբ: Ըստ նրա, ազատ երկրում «կարելի է բանավիճել և վիճել միգրացիոն քաղաքականության մասին, սակայն չի կարելի վիրավորել և հարձակվել այստեղ ապրող մարդկանց վրա»:

Նա նշել է, որ Գերմանիայի բնակիչների զգալի մասը օտարերկրացիներ են, իսկ երկրին «հարկավոր են որակավորում ունեցող աշխատողներ, որոնք աշխատում են, հարկեր են վճարում, պահպանում են Գերմանիայի օրենքներն ու անթերի են իրենց պահում», հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ ԵՄ «Տրիտոն» գործողության ղեկավարի հրապարակած տվյալների, 2015-ի հունվար-հուլիսին ԵՄ տարածք է մուտք գործել 340 հազար ներգաղթյալ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց քանակը մոտ 123,5 հազար էր, իսկ ամբողջ 2014-ին եղել է 280 հազար: Առաջին անգամ վերջին ամիսների ընթացքում հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:

Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: ԵՄ երկրների ներքին և արտաքին գործերի նախարարները մտադիր են հանդիպել Փարիզում հոկտեմբերին` քննարկելու համար ապօրինի ներգաղթյալների աննախադեպ հոսքը Եվրոպա: Այդ մասին օգոստոսի 21-ին հայտնեց Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Բերնար Կազնյովը Բեռլինում իր գերմանացի պաշտոնակից Թոմաս դը Մեզիերի հետ հանդիպմանը:

Դուբլինի կոնվենցիան, որն ուժի մեջ է մտել 1997 թ., իրավունք է տալիս օտարերկրացիներին փախստականի կարգավիճակ խնդրել Եվրամիության ցանկացած երկրում նույն պայմաններով, նշում է BBC-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---