Սիրիայում հրադադարի մասին համաձայնությունը խախտվել է, Հոմսում պայթյուն է որոտացել

Սիրիայում հրադադարի մասին համաձայնությունը խախտվել է, Հոմսում պայթյուն է որոտացել

PanARMENIAN.Net - Սիրիայի որոշ քաղաքներում ժամանակավոր հրադադարի մասին համաձայնությունը խափանվել է մի քանի վայրերում գնդակոծությունների հետևանքով: Այդ մասին հայտնել է Al Arabiya-ն Սիրիայում մարդու իրավունքների դիտարկման խորհրդի տվյալների վրա հղումով:

Կրակի երկօրյա դադարեցման մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել Սիրիայում ընթացող հակամարտության կողմերի միջև: Նախօրեին կողմերը հրադադարը երկարաձգելու մասին որոշում էին կայացրել, հայտնում է «Գազետա.ռու»-ն:

48-ժամյա հրադադարի մասին համաձայնությունը ձեռք էր բերվել բանակի, լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման և սիրիացի ապստամբների ներկայացուցիչների միջև: Մասնավորապես, բանակցություններին մասնակցել էինն «Ահրար աշ Շամ» շարժման ներկայացուցիչներ, որը ենթարկվում է «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպությանը: Հրադադարը հայտարարվել էր Զաբադանի քաղաքում, շիաների Քեֆրայա և Ալ Ֆուա գյուղերի մոտ` երկրի հյուսիս-արևմուտքում:

Մինչդեռ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, սիրիական Հոմսում ահաբեկչական գործողության հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել: Պայթել է ականապատ մեքենան: «Պայթուցիկով լցոնված KIA մակնիշի մեքենան կեղծ պետական համարանիշերով պայթել է Սեթին փողոցում` Զահրա հրապարակի կողմից, կան զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում: Պատճառված է նյութական վնաս»,-ասել է գործակալությանն աղբյուրը ռազմական շրջանակներից:

Նախորդ անգամ հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք էր բերվել օգոստոսի սկզբին Թուրքիայի և Իրանի աջակցությամբ: Հրադադարից հետո մարտերը շարունակվեցին:

Սիրիայում պատերազմի սկսվելուց ի վեր` 2011-ի մարտից, սեփական տունը ստիպված է եղել լքել մոտ 10 մլն մարդ, դա երկրի բնակչության գրեթե կեսն է: Այս տվյալները հրապարակվել են Սիրիայում մարդու իրավունքների հնարավոր խախտումների քննության վերաբերյալ ՄԱԿ զեկույցում: Սիրիայում իրար դեմ են կռվում կառավարական բանակը, չափավոր ապստամբները, իսլամիստական խմբավորումները, այդ թվում «Ալ Քայիդայի» հետ կապված «Ան Նուսրան» և ծայրահեղական «Իսլամական պետությունը»:

Վերջին տարիներին Սիրիայի քրիստոնյա բնակչության գրեթե կեսը լքել է երկիրը պատերազմական գործողությունների պատճառով:

Իրաքի և Սիրիայի տարածքի մեծ մասը զավթած «Իսլամական պետության» ասհաբեկչական խմբավորումը ԿՀՎ–ի տվյալներով` ունի մոտ 30.000 գրոհային, զավթած տարածքներում հռչակել է խալիֆայություն 2014-ին և ձգտում է ընդլայնել իր տարածքը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---