ՀԷՑ-ն աուդիտի անցկացման բաց մրցույթ է հայտարարել

ՀԷՑ-ն աուդիտի անցկացման բաց մրցույթ է հայտարարել

PanARMENIAN.Net - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը հայտարարել է բաց մրցույթ` աուդիտորական ծառայությունների մատուցման համար: Այս մասին տեղեկացնում է ՀԷՑ-ի պաշտոնական կայքը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 2009-2014-ի ծախսերի աուդիտի, համաձայնեցված ընթացակարգերի իրականացման ու համապատասխանության աուդիտի անցկացման տեխնիկական առաջադրանքը պատրաստվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՌԴ Էներգետիկայի նախարարության միացյալ ջանքերով:

Նախնական գնահատականներով, աուդիտի անցկացման ժամկետը կկազմի 3 ամիս:

Մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջները և ծառայությունների ու մրցույթի ընթացակարգի մանրամասն նկարագիրը ներառված են մրցութային փաստաթղթերում, որոնք կտրամադրվեն ցանկացած մասնակցի՝ նրա գրավոր պահանջի համաձայն` ըստ համապատասխան կարգի:

ՀԷՑ-ը հրավիրում է իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին մասնակցել մրցույթին: Մրցութային հայտերը պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան 2015-ի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 10:00-ին: Ծրարների հրապարակային բացման ընթացակարգը կիրականացվի 2015-ի սեպտեմբերի 30-ին` ժամը 11:00-ին:

Մինչդեռ, Կառավարության կողմից ՀԷՑ-ում աուդիտ անցկացնող ընկերությունը արդեն ընտրվել է. Կառավարությունը օգոստոսի 13-ի նիստում սահմանել է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցումն իրականացվելու է «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» ՓԲԸ-ի միջոցով:

«Այս խորհրդատվության արդյունքներով հանրությունը կստանա իրեն հուզող շատ հարցերի պատասխաններ, նաև մենք՝ կառավարությունը: «Դելոյթ ընդ Տուշ» ընկերությունը միջազգային համբավ ունեցող խոշոր ընկերություն է, և կարծում եմ, որ նրանց եզրակացությունից հետո մենք առաջ գնալու հիմքեր կունենանք», - ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ Կառավարությունը ռուսական կողմի հետ համատեղ է աշխատում ՀԷՑ-ում իրականացվելիք աուդիտի վրա:

ՀԾԿՀ-ն ակնկալում էր, որ խորհրդատուն կկարողանա աշխատանքը սկսել մինչև օգոստոսի 10-ը: Դրա առաջին փուլի ակնկալվող տևողությունը մոտ 6-7 շաբաթ է, 2-րդ փուլի՝ մոտ 7-8, 3-րդ՝ 6-8 շաբաթ: Այսինքն՝ աուդիտը կտևի գրեթե մինչև տարեվերջ:

Աուդիտի աշխատանքի շրջանակն է. էներգետիկ համակարգի գործառնական վերլուծություն, ներառյալ` արտադրողից մինչև սպառող գնագոյացման արժեշղթայի ուսումնասիրություն, սակագնի կառուցվածքի հիմնական բաղկացուցիչ մասերի, ինչպես նաև շուկայի տատանումների ու մյուս գործոնների նկատմամբ դրանց զգայունության ընդհանուր նկարագրի ներկայացում: Ստեղծված իրավիճակի և Հանձնաժողովի որոշումների ամփոփում՝ հիմնված առկա տեղեկությունների և ինստիտուցիոնալ գործելակերպերի վրա: Ստեղծված իրավիճակի ներքո սակագների չբարձրացման հետևանքների գնահատում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---