Թուրքիայում շարունակվում են քրդերի գրոհները և հակաահաբեկչական գործողությունները

Թուրքիայում շարունակվում են քրդերի գրոհները և հակաահաբեկչական գործողությունները

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-ի երեկոյան Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինները մի շարք հարձակումներ են իրականացրել Թուրքիայի արևելյան և հարավարևելյան երեք գավառներում: Շիրնակ գավառում, որը սահմանակից է Սիրիայի և Իրաքի հետ, ահաբեկիչները կրակ են բացել Ուլուդերեի ռազմակայանի վրա: Հարձակվողներն օգտագործել են դիպուկահարների հրացաններ և նռնականետեր: Երկու զինվոր վիրավորվել է, շրջանում անցկացվում է զինյալների որոնման և չեզոքացման գործողություն:

Իրաքին սահմանակից Հաքքյարի գավառում ՔԱԿ-ը գնդակոծել է Չուկուրջա շրջանի վարչության և ժանդարմերիայի հրամանատարական շենքերը: Տուժածներ չկան: Անվտանգության ուժերը պատասխան կրակ են բացել, որից հետո գրոհայինները հեռացել են, իշխանությունները նրանց որոնման գործողություն են սկսել:

Վանի Գյուլփինար շրջանում գրոհայինները հեռահար կառավարմամբ ական են պայթեցրել ճանապարհի եզրին, սակայն սարքը ուշացումով է գործի դրվել և ռազմատեխնիկան չի վնասվել: Տուժածներ չկան:

Մինչդեռ սեպտեմբերի 2-ին Ստամբուլի ոստիկանության հատուկ նշանակության ուժերը ստուգայցեր են իրականացրել քաղաքի եվրոպական մասում:

Զրահատրանսպորտի օգնությամբ ոստիկանությունն արգելափակել է այն թաղամասերի մուտքերը, որտեղ իրականացվում էր գործողությունը: Օդից ուժայիններին աջակցում էին ոստիկանության ուղղաթիռները, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Հատուկ նշանակության ուժերը խուզարկություններ են անցկացրել բնակարաններում, ինչպես նաև տեղի ինտերնետ-սրճարանում: Իրավապահները կոտրել են դռները, առգրավել եմ տեսախցիկների տեսագրությունները: Չի բացառվում, որ այդ սրճարանից են օգտվել գրոհայինները, կամ այն եղել է նրանց հանդիպման վայրը: Ձերբակալվածների քանակի մասին դեռ հաղորդագրություններ չկան:

Թուրքիայում բնակվող քրդերն անհանգստացած են. նրանց խոսքով, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հայտարարված պայքարի քողի տակ Թուրքիայի ղեկավարությունն իրականում հարվածներ է հասցնում ահաբեկիչներին դիմակայող քրդերին:

Օգոստոսի 20-ին հայտնի դարձավ, որ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) Թուրքիայի Դերսիմ նահանգն ինքնավար մարզ է հայտարարել և անցակետեր տեղակայել մարզի գլխավոր մայրուղում: Թուրքիայի Հաքքարիի նահանգապետարանը օգոստոսի 27-ին Իրանին սահմանակից (40 կմ) Յուքսեքովա քրդաբնակ քաղաքում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրություն է հայտարարեվել նաև հարավ-արևելյան և արևելյան ավելի քան 111 շրջանում: Սրված իրավիճակի պատճառով Վանա լճի Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 6-ին` կիրակի օրը, կայանալիք պատարագը չեղյալ է հայտարարվել:

Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում:

Թուրքիան հուլիսի 24-ին ռազմական գործողություն է սկսել Սիրիայում ԻՊ գրոհայինների և Հյուսիսային Իրաքում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---