Human Rights Watch-ն առաջարկում է զրկել Ադրբեջանին ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից. Պատճառը լրագրող Իսմայիլովայի դատավճիռն է

Human Rights Watch-ն առաջարկում է զրկել Ադրբեջանին ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից. Պատճառը լրագրող Իսմայիլովայի դատավճիռն է

PanARMENIAN.Net - Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Խադիջա Իսմայիլովային։

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն սեպտեմբերի 1-ին 7,5 տարվա ազատազրկման է դատապարտել «Ազատություն» ռադիոկայանի ադրեջանական ծառայության հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային:

Իշխանությունները Իսմայիլովային մեղադրում են յուրացումների, հարկերից խուսափելու, պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ: Լրագրողը հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ իր դեմ հարուցված քրեական գործը քաղաքական ենթատեքստ ունի և կապված է իր հետաքննական հրապարակումների հետ:

Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Քենեթ Ռոթըընդգծել է, թե վաղուց արդեն ժամանակն է, որ միջազգային հանրությունը չսահմանափակվի միայն խոսքերով և կոնկրետ քայլեր անի Իսմայիլովայի և այլոց բանտից ազատ արձակման համար: Այս համատեքստում Human Rights Watch-ն առաջարկել է զրկել ադրբեջանական պատվիրակությանը ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից, գրում է Tert.am-ը:

«Իշխանությունները ճնշում են գործադրել գործընթացի վրա՝ մերժելով պաշտպանության գրեթե բոլոր միջնորդությունները, այդ թվում՝ նրան զրկելով դատախազության մեղադրանքների դեմ ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից: Իսմայիլովայի զայրացուցիչ դատավճիռն ի ցույց է դնում Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամությունը՝ շրջանցել օրենքն ու վրեժ լուծել քննադատներից», - ասել է Ռոթը:

Ադրբեջանում 8,5 տարվա ազատազրկման դատապարտված իրավապաշտպան Լեյլա Յունուսն ու Իսմայիլովան հայտնվել են ԱՄՆ պետդեպի՝ անազատության մեջ պահվող 20 կանանց ցանկում: Պետքարտուղարությունն արշավ է սկսել այդ կանանց ազատ արձակելու համար, որոնք ազատազրկված են աշխարհի տարբեր երկրներում:

Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, կին բանտարկյալների ցանկը Twitter-ում հրապարակել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը:

Փաուերի խոսքով՝ ցանկում ներառված են քաղաքական և այլ դրդապատճառներով կալանքի տակ պահվող կանայք:

«Մենք չենք մոռացել ձեր մասին, և մենք կշարունակենք ճնշումը ձեր կառավարությունների վրա՝ ձեզ ազատ արձակելու համար»,-հայտարարել է Փաուերը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Իսմայիլովային և այլ կալանավորների, որոնք իրենց հիմնարար ազատություններն են իրականացրել։

«Մենք նաև անհանգստացած ենք քննության և դատավարության ընթացքում գրանցված խախտումների պատճառով, այդ թվում՝ վկաների ցուցմունքների բացակայությունն ու այլ հիմնական փաստեր: Այս դեպքը ևս մի ապացույց դարձավ Ադրբեջանում մարդու իրավունքների սահմանափակումների, այդ թվում՝ մամուլի ազատության սահմանափակման առումով», - ասվում է Պետդեպի հաղորդագրության մեջ:

Կառույցը Ադրբեջանի կառավարությանը նաև կոչ է արել իրականացնել ստանձնած միջազգային պարտավորությունները՝ մարդու իրավունքների և իր քաղաքացիների հիմնարար ազատությունները պաշտպանելու առումով:

Իսմայիլովան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող բիզնեսների վերաբերյալ հետաքննություններ է անցկացրել և գրել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների կոռումպացված լինելու մասին: Ձերբակալվել էր 2014-ի դեկտեմբերի 5-ին՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով: Սակայն փետրվարի 13-ին դատախազությունը նրան մեղադրանք է ներկայացրել ևս 3 հոդվածով՝ խոշոր չափի յուրացումներ, անօրինական գործարարությամբ զբաղվել, լիազորությունների չարաշահում, որը ծանր հետևանքներ է ունեցել:

Բաքվի դատարանը մայիսին երկարաձգել է Իսմայիլովայի կալանքի ժամկետը 3 ամսով՝ մինչև օգոստոսի 24-ը: Դատախազությունը պնդում է, որ ազատության մեջ լրագրողը կարող է ազդել քննության վրա կամ թաքնվել: Սա արդեն լրագրողի կալանքի ժամկետի երրորդ երկարաձգումն է:

Օգոստոսի 11-ին Իսմայիլովան դարձել է Էլիսոն Դես Ֆորգսի անվան հեղինակավոր մրցանակի չորս դափնեկիրից մեկը։ «Էլիսոն Դես Ֆորգսի անվան մրցանակը հանձնվում է նրանց, ովքեր արիաբար պայքարում են մարդու իրավունքների համար՝ հաճախ վտանգավոր իրավիճակներում և անձնական մեծ զոհաբերությունների գնով»,- հայտարարել է Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը։ Ավելի վաղ՝ հուլիսի 30-ին, Իսմայիլովային ԱՄՆ Մամուլի ազգային ակումբն իր բարձրագույն մրցանակն է շնորհել:

Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար:

Օգոստոսի 13-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն իրավապաշտպան Լեյլա Յունուսին դատապարտել է 8,5 տարվա ազատազրկման, իսկ նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին՝ 7 տարվա ազատազրկման՝ ունեցվածքի, այդ թվում՝ անշարժ գույքի բռնագրավմամբ։ Արիֆ Յունուսը մեղավոր է ճանաչվել ադրբեջանական Քրեական օրենսգրքի 178.3.2 հոդվածով (խարդախություն, որիհետևանքով խոշոր չափի վնաս է հասցվել)։ Լեյլա Յունուսը մեղավոր է ճանաչվել նույն հոդվածով, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրության, հարկերը վճարելուց խուսափելու, փաստաթղթեր կեղծելու մեղադրանքներով: Իրավապաշտպաննների դատավճիռը խիստ քննադատել են և պահանջել նրանց ազատ արձակել Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը, ԱՄՆ-ի պետքարտուղարությունը, Եվրամիությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---