Քեմերոն. Ավելի լավ է խաղաղություն հաստատել Սիրիայում, քան ընդունել փախստականների հոսքը

Քեմերոն. Ավելի լավ է խաղաղություն հաստատել Սիրիայում, քան ընդունել փախստականների հոսքը

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կարծում է, որ ավելի լավ է հասնել խաղաղության ու կայունության հաստատմանը Սիրիայում, քան ընդունել փախստականների գնալով աճող հոսքը:

«Մենք ընդունել ենք իրոք ապաստանի կարիք ունեցող սիրիացի փախստականների որոշ մասին, սակայն ես կարծում եմ, որ ավելի կարևոր է փորձել խաղաղություն և կայունություն հաստատել այդ աշխարհամասում»,-ասել է նա լրագրողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Չեմ կարծում, որ մենք կարող ենք լուծում գտնել ուղղակի ավելի շատ փախստականներ ընդունելով»,-հայտարարել է նա:

Մեծ Բրիտանիան թույլ է տվել իր տարածքում ապաստանել միայն հազար փախստականի, այդ թիվն անհամեմատելի է Եվրոպան հեղեղած փախստականների հսկայական քանակի հետ:

Ավելի վաղ Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանն իր հերթին հայտարարեց, որ Եվրոպայում փախստականների ճգնաժամի հանգուցալուծումը կապված է Եվրամիության արտաքին սահմանների ամրապնդման հետ: «Լուծումն այն կլինի, որ ամրապնդենք արտաքին սահմանները, Դուբլինի համաձայնագրում ասվում է արտաքին սահմանների գրանցման մասին, բայց մենք չունենք այդպիսի սահմաններ»,-ասել է նա` ելույթ ունենալով կառավարության նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում:

ՄԱԿ-ի տվյալներով, միայն 2015 թվականին ավելի քան 300 հազար փախստական է ժամանել Եվրոպա՝ պատերազմից և սովից փրկվելու նպատակով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց քանակը մոտ 123,5 հազար էր, իսկ ամբողջ 2014-ին եղել է 280 հազար: Առաջին անգամ վերջին ամիսների ընթացքում հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին:

Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: ԵՄ երկրների ներքին և արտաքին գործերի նախարարները մտադիր են հանդիպել Փարիզում հոկտեմբերին` քննարկելու համար ապօրինի ներգաղթյալների աննախադեպ հոսքը Եվրոպա: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ արտահաերթ խորհրդակցությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Բրյուսելում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---