Նախարար. ՀՀ ԶՈւ-ն վերահսկում է իրավիճակը, տուժած բնակիչներին էլ աջակցություն կցուցաբերվի

Նախարար. ՀՀ ԶՈւ-ն վերահսկում է իրավիճակը, տուժած բնակիչներին էլ աջակցություն կցուցաբերվի

PanARMENIAN.Net - Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին վերահսկվում է, սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով, վերջին երկու օրվա առանձնահատկությունն այն է, որ գնդակոծում են Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը, հատկապես` Տավուշի մարզի գյուղերը, գրում է «Երկիր»-ը:

«Անկասկած, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ամեն ինչ անում են` կանխելու այդ անմարդկային երևույթները, որովհետև գնդակոծվում են խաղաղ բնակավայրերը: Ցավոք, այսօրվա մեր սահմանային կոնֆիգուրացիան այնպես էր ստեղծված, որ որոշ տեղերում, որտեղ հակառակորդն ունի դիրքային առավելություններ, օգտվում է դրանից` գնդակոծելով դիրքերից»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ բանակային կորպուսի հրամանատարությունը երեկ արել է ամենը, որ զսպի հակառակորդին, և այս պահի դրությամբ իրավիճակը հանդարտ է:

Նախարարի խոսքով` ՊՆ-ն ՏԻՄ-երի և տարածքային կառավարման մարմինների հետ ճշտում է` ինչ կորուստներ են ունեցել բնակիչները, որպեսզի համապատասխան աջակցություն ցուցաբերվի:

«Ունենք երկու վիրավոր քաղաքացիների շրջանում, որոնք թեթև վիրավորում են ստացել և գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո»,- ասել է Օհանյանը:

Սեպտեմբերի 2-ին հակառակորդի գնդակից պայմանագրային զինծառայող է զոհվել՝ 1975-ին ծնված Հայկ Կառլենի Դևոյանը:ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով:

Լրագրողների հարցին՝ ճի՞շտ է, որ Տավուշի գնդակոծված գյուղերից տարհանում են բնակիչներին, Օհանյանը պատասխանել է. «Տեղյակ չեմ, չէ»:

Հարցին, թե միջազգային կառույցները տեղեկացված են արդյոք սահմանային լարվածության մասին, նախարարն արձագանքել է. «Դիվանագետները, կարծում եմ, զբաղվում են այդ հարցով»:

Վերջին շրջանում իրավիճակը սահմանին ու շփման գծում լարված է: Սեպտեմբերի առաջին օրերից հակառակորդը կրակի տակ է պահում Տավուշի մարզը: Սեպտեմբերի 2-ի երեկոյան մինչև ուշ գիշեր հակառակորդը կրակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, այդ թվում՝ ականանետերից, նախևառաջ դիրքերի, ինչպես նաև որոշ սահամանամերձ գյուղերի ուղղությամբ: Տավուշի 20 գյուղն էլ այս կամ այն չափով ընկել են կրակի տակ։ Հակառակորդին լռեցնել հնարավոր է եղել միայն պատասխան կրակից հետո։ Կրակոցներից Կոթիի 2 բնակիչ է վիրավորվել, որոնց վիճակը կայուն է, կյանքի էլ վտանգ չի սպառնում:

Կարդացեք նաև՝ Տավուշում պայմանագրային է զոհվել. Լայնածավալ գործողությունների նախանշաններ չկան

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---