Դամասկոսում հայ է զոհվել. Չնայած պատերազմին, հայկական վարժարանները կվերաբացվեն

Դամասկոսում հայ է զոհվել. Չնայած պատերազմին, հայկական վարժարանները կվերաբացվեն

PanARMENIAN.Net - Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում սեպտեմբերի 3-ին ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Ֆարես Խուրի շրջանը, ինչի հետևանքով նաև հայ է զոհվել՝ Սարգիս Պարսիկյանը։ Պայթյունից հետո նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, փորձել վիրահատությամբ փրկել կյանքը, բայց չի հաջողվել, պատմել է սիրիահայ լրագրող Զարմիկ Պողիկյանը՝ նշելով, որ Պարսիկյանը երկար տարիներ մայրաքաղաքում բնակվող արհեստավոր էր:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, լրագրողը պատմել է, որ վերջին շաբաթվա ընթացքում հրթիռակոծությունները հաճախակի են դարձել հատկապես քրիստոնյաներով բնակեցված թաղամասերում։ Պողիկյանը, սակայն, հերքել է մամուլում տարածված լուրերը, թե ահաբեկիչները գրավել են Դամասկոսի մի քանի հայկական թաղամասեր՝ դրանք «անհիմն լուրեր» որակելով:

Զարմիկ Պողիկյանը նշել է, որ իրավիճակն առավել ծանր է Հալեպում, որտեղ այս շաբաթ կրկին էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման խնդիր է առաջացել։ Ջրի պակասը լրացնելու համար Հալեպում նորից սկսել են ջրհորներ փորել։

Արդեն ամիսներ շարունակ Հալեպ խմելու ջուր չի մատակարարվում, էլեկտրաէներգիան զգալի խափանումներով է գործում, իսկ համացանցն արդեն մի քանի ամիս է՝ չի գործում։

Նրա փոխանցմամբ՝ չնայած պատերազմական վիճակին, սեպտեմբերի 2-րդ կեսին կսկսեն գործել հայկական վարժարանները։ Տեղական իշխանությունները, հաշվի առնելով աշակերտների օր-օրի պակասող թիվը և տնտեսական ծանր վիճակը, որոշել են վարժարաններից մի քանիսը միավորել․

«Ազգային չորս վարժարանների փոխարեն այժմ ունենք ազգային իշխանությանը ենթակա երկու վարժարան ու նախակրթարան»,- պատմել է նա:

Հայտնի չէ, թե պատերազմական երկրում քանի հայ է շարունակում ապրել։ Տեղացիների փոխանցմամբ՝ միայն Հալեպից վերջին 4 տարվա ընթաքում մոտ 60.000 հայ է արտագաղթել։

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները մարտերի ընթացքում առաջ են եկել դեպի Դամասկոսի կենտրոն: Այժմ ԻՊ-ն մարտեր է վարում սիրիական մայրաքաղաքի հարավային շրջաններում։Ջիհադականները մոտենում են քաղաքի կենտրոնին այլ ընդդիմադիրների հսկողության տակ գտնվող տարածքները հետ գրավելու հաշվին։ Կառավարական զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածքներն այդ շրջանում նրանց դեռևս չի հաջողվել գրավել:

2011-ի մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է մոտ 125.000 մարդ, մոտ 4,2 մլն-ը՝ փախստական դարձել, 2 մլն մարդ փախել է հարևան երկրներ: Իրաքի և Սիրիայի տարածքի մեծ մասը զավթած «Իսլամական պետության» ասհաբեկչական խմբավորումը ԿՀՎ–ի տվյալներով` ունի մոտ 30.000 գրոհային, զավթած տարածքներում հռչակել է խալիֆայություն 2014-ին և ձգտում է ընդլայնել իր տարածքը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---