Ուորլիքը հրապարակել է Ադրբեջանի արձակած արկի լուսանկարը. «Սրումը վտանգավոր է»

Ուորլիքը հրապարակել է Ադրբեջանի արձակած արկի լուսանկարը. «Սրումը վտանգավոր է»

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter սոցցանցի իր միկրոբլոգում սեպտեմբերի 4-ին տարածել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ արձակված արկի բեկորի լուսանկարը։

«Սա 120 միլիմետրանոց ականանետի արկ է, որը, ըստ տեղեկությունների, օգտագործվել է Ղարաբաղյան հակամարտության ընթացքում։ Նման սրումն անընդունելի է ու վտանգավոր»,- գրել է Ուորլիքը:

Ընդ որում՝ նա նշել է, որ երկու կողմն էլ հայտարարում են իրենց դեմ ականանետերի ու ծանր զենքի կիրառման մասին:

Այդ և այլ լուսանկարներ ավելի վաղ տարածել էր ԼՂՀ ՊՆ-ն՝ որպես հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի զինատեսակների օգտագործման ապացույցներ:

Ուորլիքը սեպտեմբերի 3-ին ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությանը հայտարարել է, որ իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գծում բավական ժամանակ կայուն է եղել։Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին բազմիցս կոչ են արել թուլացնել լարվածությունն ու լրջորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը՝ հավելելով, որ ԵԱՀԿ-ն առաջարկում է վստահության ամրապնդման, հրադադարի ռեժիմի պահպանման և բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծել, գրել է Tert.am-ը:

Վերջին շրջանում հակառակորդը սկսել է հաճախակի կիրառել խոշոր տրամաչափի հրաձգային և հրթիռահրետանային զինատեսակներ, ինչը ադրբեջանական քարոզչությունը անհաջողությամբ փորձում է հերքել:

Վերջին շրջանում իրավիճակը սահմանին ու շփման գծում լարված է: Սեպտեմբերի առաջին օրերից հակառակորդը կրակի տակ է պահում Տավուշի մարզը: Սեպտեմբերի 2-ի երեկոյան մինչև ուշ գիշեր հակառակորդը կրակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, այդ թվում՝ ականանետերից, նախևառաջ դիրքերի, ինչպես նաև որոշ սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: Տավուշի 20 գյուղն էլ այս կամ այն չափով ընկել են կրակի տակ։ Հակառակորդին լռեցնել հնարավոր է եղել միայն պատասխան կրակից հետո։ Կրակոցներից Կոթիի 2 բնակիչ է վիրավորվել, որոնց վիճակը կայուն է, կյանքի էլ վտանգ չի սպառնում:

Սեպտեմբերի 2-ին հակառակորդի գնդակից Տավուշում պայմանագրային զինծառայող է զոհվել՝ 1975-ին ծնված Հայկ Կառլենի Դևոյանը:ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով:

Սեպտեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 100 անգամ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Չնայած վերջին օրերի համեմատ խախտումները նվազել են, այնուամենայնիվ հակառակորդը կիռարելով տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներ, այդ թվում 60 և 82մմ ականանետեր, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 1800 կրակոց:

Սեպտեմբերի 2-ի տոնական և 1-ի նախատոնական օրերին հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:Նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց: Վերոնշված զինատեսակներից բացի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ճնշելով հակառակորդի ակտիվությունը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---