«Շանթ -2015». Փախստականներին նվիրված Կառավարության պայմանական նիստն ու Տավուշում օդային տագնապը

«Շանթ -2015». Փախստականներին նվիրված Կառավարության պայմանական նիստն ու Տավուշում օդային տագնապը

PanARMENIAN.Net - «Շանթ -2015» զորավարժությունների շրջանակում սեպտեմբերի 5-ին Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում վրանային ճամբար է բացվել՝ մտացածին երկրներից Հայաստան եկած ներգաղթյալների համար:

Ըստ զորավարժության սցենարի, վրանային պայմանները ոչ բարվոք վիճակում են, ներգաղթյալները բողոք են ներկայացնում պետության դեմ, որպեսզի պայմանները բարելավվեն: Նրանց հետ հանդիպում են Կառավարության անդամները, լրագրողներին ասել է խաղաղապահ բրիգադից մայոր Էդգար Խալաթյանը:

«Զորավարժության նպատակն է բացահայտել, թե նման պայմաններում նախարարություններն ինչպես են կատարում իրենց գործունեությունը», - նշել է նա:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության ապստանի հարցերով բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը տեղեկացրել է, որ կազմվել է միջոցառումների պլան, նախատեսված է պետական բոլոր իրավասու մարմինների կոնկրետ գործողություններ, թե որ մարմինը ինչ պետք է անի նման պարագայում, գրում է Panorama.am-ը:

«Այն անձիք, ովքեր Հայաստանի տարածքը հատել են այնպիսի հանգամանքների առկայության պայմաններում, որ իրենց կյանքին ու ազատություններին վտանգ է սպառնում իրենց քաղաքացիության երկրում, մեր օրենսդրությամբ այդ անձիք անցնում են Հայաստանի հովանավորության ներքո, չեն վերադարձվում իրենց ծագման երկիր», - նշել է բաժնի պետը:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի իրավաբանական բաժնի պատասխանատու Քեյթ Պոչապսկին լրագրողներին ասել է, թե ՄԱԿ-ի փախստականների հարցերով զբաղվող գրասենյակը ողջունում է, որ զորավարժությունների շրջանակում ներառված է նաև փախստականների մեծ հոսքի սցենարը:

Նա նաև ողջունել է այն հանգամանքը, որ, ըստ սցենարի, փախստականների խնդիրները լուծելու գործում ընդգրկված են հնարավորինս շատ գերատեսչություններ, կառույցներ: Ըստ նրա, էական է, որ փախստականների հոսքի ժամանակ ընդգրկված են լինում ոչ միայն պետական մարմիններ, այլ նաև միջազգային, հասարակական կազմակերպությունները:

Պոչապսկին նաև տեղեկացրել է, որ միգրացիոն ճգնաժամի պայմաններում իրենց գնահատականներով` սպասվում է մինչև 3000 սիրիացու հոսք դեպի Հայաստան: Ըստ նրա՝ հոսքո կլինի փուլ առ փուլ:

Հնարավոր փախստականների հիմնախնդիրները տեղում ուսումնասիրելն ու դրանց անհապաղ լուծումներ տալու հարցը սեպտեմբերի 4-ին քննարկվելէ նաև ՀՀ կառավարության պայմանական արտագնա նիստին, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Մինչ նիստի օրակարգային հարցին անցնելը, կառավարության ղեկավարը զորավարժությունների սցենարով ընդունել է փախստականների խմբին, ծանոթացել նրանց մտահոգող խնդիրներին:

Վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին արագ լուծումներ տալ փախստականների կողմից բարձրացված տարաբնույթ հարցերին: Ներկայացված խնդրի վերաբերյալ ընդունվել է կառավարության որոշում:

Սեպտեմբերի 5-ին հանրապետության ամբողջ տարածքում անցկացվող «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների սցենարով ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ժամը 10.07-ին և Տավուշի մարզի Իջևան քաղաքում ժամը 10.15-ին ազդարարման շչակների միջոցով հնչեցվել է «Օդային տագնապ» ուսումնական ազդանշան:

Սեպտեմբերի 3-ից 6-ը ՀՀ տարածքում անցկացվում է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն: Զորավարժությունը ղեկավարում է ՀՀ նախագահը:

Համապետական նշանակության այս զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակն առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: ՄԱԿ-ի տվյալներով, միայն 2015 թվականին ավելի քան 300 հազար փախստական է ժամանել Եվրոպա՝ պատերազմից և սովից փրկվելու նպատակով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց քանակը մոտ 123,5 հազար էր, իսկ ամբողջ 2014-ին եղել է 280 հազար: Առաջին անգամ վերջին ամիսների ընթացքում հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---