Վարչապետը՝ Տավուշում. Գործադիրը կփոխհատուցի բնակիչների՝ կրակահերթերից կրած վնասները

Վարչապետը՝ Տավուշում. Գործադիրը կփոխհատուցի բնակիչների՝ կրակահերթերից կրած վնասները

PanARMENIAN.Net - Հակառակորդի կողմից կրակահերթերի հետևանքով սահամանամերձ համայնքների բնակիչների բնակարանների կրած վնասները ՀՀ կառավարությունը կփոխհատուցի: Դրանում սահմանամերձ գյուղերի բնակիչներին վստահեցրել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ, ծանոթացել սահմանային գոտում առկա իրավիճակին, այնտեղ իրականացվող ծրագրերի ընթացքին և խնդիրներին:

Կառավարության ղեկավարի առաջին կանգառը եղել է Պառավաքար համայնքում: Բնակիչների հետ հանդիպմանը Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով սահմանում տիրող լարված իրավիճակին և հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտման դեպքերին, ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները սահմանամերձ համայնքների բնակիչների կողքին են և եկել են, որպեսզի տեղում ծանոթանան նրանց խնդիրներին:

Վերջին շրջանում իրավիճակը սահմանին ու շփման գծում լարված է: Սեպտեմբերի առաջին օրերից հակառակորդը կրակի տակ է պահում Տավուշի մարզը: Սեպտեմբերի 2-ի երեկոյան մինչև ուշ գիշեր հակառակորդը կրակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, այդ թվում՝ ականանետերից, նախևառաջ դիրքերի, ինչպես նաև որոշ սահմանամերձ գյուղերի ուղղությամբ:

Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը տարբեր սոցիալական և հարկային արտոնություններ սահմանելով, սահմանամերձ համայնքների բնակիչների համար փորձում է հնարավորինս աջակցել նրանց և լուծում տալ նրանց սոցիալական խնդիրներին: Տեղի բնակիչները բարձրացրել են համայնքի որոշ հատվածներում գազիֆիկացմանը, ճանապարհատվածի վերանորոգմանը, ոռոգման ջրի, մանկապարտեզի ներքին հարդարմանը, ուսանողների ուսման վարձերին վերաբերող խնդիրներ:

Գործադիրի ղեկավարը խոստացել է դրանք քննարկել կառավարությունում և տալ համապատասխան լուծումներ: Հովիկ Աբրահամյանն այնուհետև այցելել է Սևքար համայնք: Տեղի բնակիչները նշել են, որ հակառակորդի կրակահերթերի պատճառով համայնքում որևէ խուճապ չկա և իրենք ապրում են առօրյա կյանքով: Սևքարի համայնքապետը բնակիչների անունից շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ համայնքի ջրագծի և մշակույթի տան վերակառուցման համար: Միաժամանակ մարզպետ Հովիկ Աբովյանը տեղեկացրել է, որ առաջիկայում էլ կսկսվեն Սևքարի դպրոցի հիմնանորգման աշխատանքները:

Հովիկ Աբրահամյանի այցելած հաջորդ համայնքը Կոթին է եղել: Կոթեցիները կառավարության ղեկավարին շնորհակալություն են հայտնել հակառակորդի կողմից պարբերաբար իրականացվող կրակահերթերի այս օրերին իրենց այցելելու համար և նշել, որ իրենց բարոյահոգեբանական վիճակը, ինչպես միշտ, այսօր էլ բարձր է: Այնուհետև վարչապետը լսել է համայնքի բնակիչներին հուզող հարցերը, որոնք վերաբերել են վառելափայտով ապահովմանը, 27 հեկտար ցորենի արտերը կրակոցների հետևանքով չմշակելուն, ինչպես նաև ուսանողների ուսման վարձերին: Գործադիրի ղեկավարը խոստացել է անհրաժեշտ գումարներ տրամադրել ինչպես վառելափայտի, այնպես էլ չմշակված ցորենի դաշտերի փոխհատուցման համար: Վարչապետը համայնքապետին հանձնարարել է կառավարություն ներկայացնել Կոթիի ուսանողների ցանկը՝ նրանց ուսման վարձերի խնդրին ևս լուծում տալու համար:

Տավուշի 20 գյուղն էլ այս կամ այն չափով ընկել են կրակի տակ։ Հակառակորդին լռեցնել հնարավոր է եղել միայն պատասխան կրակից հետո։ Կրակոցներից Կոթիի 2 բնակիչ է վիրավորվել, որոնց վիճակը կայուն է, կյանքի էլ վտանգ չի սպառնում:

Սեպտեմբերի 2-ին հակառակորդի գնդակից Տավուշում պայմանագրային զինծառայող է զոհվել՝ 1975-ին ծնված Հայկ Կառլենի Դևոյանը:ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել սահմանապահ համայնքերի բնակիչներին իրենց ոգին բարձր պահելու համար և շեշտել, որ Հայաստանի իշխանությունները՝ Նախագահի գլխավորությամբ, կանգնած են մեր սահմանամերձ բնակչության թիկունքին և սահմանապահ համայնքների բոլոր խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---