Ուորլիք. Իրավիճակի սրումը պատասխան չէ

Ուորլիք. Իրավիճակի սրումը պատասխան չէ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter սոցցանցի իր միկրոբլոգում հերթական գրառում է արել՝ վերջին շրջանում շփման գծում իրավիճակի սրման վերաբերյալ:

«Ըստ վստահելի զեկույցների, երկու կողմերն էլ ականանետներ են օգտագործել, ինչի արդյունքում խաղաղ բնակիչներ են զոհվել: Իրավիճակի սրումը պատասխան չէ», - գրել է Ուրլիքը:

Սեպտեմբերի 5-ին համանախագահը Twitter-ում գրել է, որ ԵԱՀԿ-ն դատապարտում է խաղաղ բնակիչների միտումնավոր թիրախավորումը Ղարաբաղյան հակամարտության ընթացքում և հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելու տարբերակի կողմնակից է:

Սեպտեմբերի 4-ին Ուորլիքը Twitter-ում տարածել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ արձակված արկի բեկորի լուսանկարը։

«Սա 120 միլիմետրանոց ականանետի արկ է, որը, ըստ տեղեկությունների, օգտագործվել է Ղարաբաղյան հակամարտության ընթացքում։ Նման սրումն անընդունելի է ու վտանգավոր», - գրել է համանախագահը:

Ընդ որում՝ նա նշել է, որ երկու կողմն էլ հայտարարում են իրենց դեմ ականանետերի ու ծանր զենքի կիրառման մասին:

Այդ և այլ լուսանկարներ ավելի վաղ տարածել էր ԼՂՀ ՊՆ-ն՝ որպես հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի զինատեսակների օգտագործման ապացույցներ:

Ուորլիքը սեպտեմբերի 3-ին ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությանը հայտարարել է, որ իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գծում բավական ժամանակ կայուն է եղել։Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին բազմիցս կոչ են արել թուլացնել լարվածությունն ու լրջորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը՝ հավելելով, որ ԵԱՀԿ-ն առաջարկում է վստահության ամրապնդման, հրադադարի ռեժիմի պահպանման և բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծել:

Վերջին շրջանում իրավիճակը սահմանին ու շփման գծում լարված է:

Ըստ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի՝ սահմանին լարվածությունը մեծացնելով Ադրբեջանը թերագնահատում է ԵԱՀԿ միջնորդների աշխատանքը և փորձում շանտաժի ենթարկել Մինսկի խմբի համանախագահող երկրներին:

Նրա խոսքով, ամեն անգամ, երբ միջնորդները սկսում են ակտիվացնել հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքը, հանդիպումներ կազմակերպել, հակառակորդը փորձում է սահամանին դրությունը լարելով իր նախապայմաններն առաջ տանել:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 6-ին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ առաջնագծում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունների հաճախականությունը և այդ ընթացքում կիրառվող զինատեսակների քանակական ու որակական աճի դինամիկան փաստում է, որ Բաքուն, հանձինս իր ռազմաքաղաքական ղեկավարության, որդեգրել է իրավիճակը պատերազմականին մոտեցնելու հանցավոր մարտավարություն:

Ըստ դրա, վերջին շրջանում հակամարտ զորքերի շփման գոտում տեղ գտնող զարգացումներն ու դրանց զուգահեռ իրականացվող ռազմաշունչ հայտարարություններն ասվածի վկայությունն են:

Սեպտեմբերի լույս 5-ի գիշերը և առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներ ու ականանետեր: Անկանոն բնույթի կրակահերթեր են արձակվել ՀՀ Տավուշի մարզի սահմանային դիրքերի ու սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ: Նախորդ օրերի համեմատությամբ` հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների պարբերականությունը նվազել է: ՀՀ զինված ուժերի առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` հակառակորդի ակտիվությունը ճնշելու և կրակակետերը լռեցնելու նպատակով: ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրենց պահպանության ներքո գտնվող դիրքերը և սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով:

Սեպտեմբերի 4-ին` ժամը 17:00-ի սահմաններում, հակառակորդի ձեռնարկած գործողության արդյունքում, մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել են ԼՂՀ պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Մարատ Ռուդոլֆի Խաչանյանը և Արման Վաչագանի Ստեփանյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Վերջին շրջանում հակառակորդը սկսել է հաճախակի կիրառել խոշոր տրամաչափի հրաձգային և հրթիռահրետանային զինատեսակներ, ինչը ադրբեջանական քարոզչությունը անհաջողությամբ փորձում է հերքել:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---