Կասպրշիկը կայցելի Բաքու. Նա անհանգստացած է հրադադարի հաճախ խախտումներով ու կորուստների աճով

Կասպրշիկը կայցելի Բաքու. Նա անհանգստացած է հրադադարի հաճախ խախտումներով ու կորուստների աճով

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) Անջեյ Կասպրշիկը անհանգստացած է հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում վերջերս դիտարկվող հրադադարի հաճախակի խախտումների և կորուստների աճող թվի կապակցությամբ: Այդ մասին սեպտեմբերի 7-ին ադրբեջանական APA լրատվական գործակալությանը ասել են ԵԱՀԿ-ի գլխավոր գրասենյակից՝ հայտնելով, որ Կասպրշիկը այս շաբաթ կժամանի Ադրբեջան:

Այցելության ընթացքում ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հանդիպումներ կունենա Բաքվում: «Բացի այդ, Կասպրշիկը կանոնավորապես այցելություններ է կատարում ռազմաճակատի առաջնային գիծ՝ դիտարկում անցկացնելու համար», - ասել են ԵԱՀԿ-ի գրասենյակից, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Սեպտեմբերի 4-ին անցկացվել է ԵԱՀԿ առաքելության Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկումը: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են Կասպրշիկը և նրա դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) ու Եվգենի Շարովը (Ուկրաինա): Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա) և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Սեպտեմբերի 5-ին Կասպրշիկիին ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հանդիպմանը քննարկվել են վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: Երկուստեք մտահոգություն է հայտնվել շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակի դարձած դեպքերի կապակցությամբ:

Վերջին շրջանում իրավիճակը սահմանին ու շփման գծում լարված է:

Ըստ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի՝ սահմանին լարվածությունը մեծացնելով Ադրբեջանը թերագնահատում է ԵԱՀԿ միջնորդների աշխատանքը և փորձում շանտաժի ենթարկել Մինսկի խմբի համանախագահող երկրներին: Նրա խոսքով, ամեն անգամ, երբ միջնորդները սկսում են ակտիվացնել հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքը, հանդիպումներ կազմակերպել, հակառակորդը փորձում է սահամանին դրությունը լարելով իր նախապայմաններն առաջ տանել: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 6-ին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ առաջնագծում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունների հաճախականությունը և այդ ընթացքում կիրառվող զինատեսակների քանակական ու որակական աճի դինամիկան փաստում է, որ Բաքուն, հանձինս իր ռազմաքաղաքական ղեկավարության, որդեգրել է իրավիճակը պատերազմականին մոտեցնելու հանցավոր մարտավարություն:

Ըստ դրա, վերջին շրջանում հակամարտ զորքերի շփման գոտում տեղ գտնող զարգացումներն ու դրանց զուգահեռ իրականացվող ռազմաշունչ հայտարարություններն ասվածի վկայությունն են:

Սեպտեմբերի լույս 5-ի գիշերը և առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներ ու ականանետեր: Անկանոն բնույթի կրակահերթեր են արձակվել ՀՀ Տավուշի մարզի սահմանային դիրքերի ու սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ: Նախորդ օրերի համեմատությամբ` հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների պարբերականությունը նվազել է: ՀՀ զինված ուժերի առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` հակառակորդի ակտիվությունը ճնշելու և կրակակետերը լռեցնելու նպատակով: ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրենց պահպանության ներքո գտնվող դիրքերը և սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով:

Սեպտեմբերի 4-ին հակառակորդի ձեռնարկած գործողության արդյունքում, մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել են ԼՂՀ պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Մարատ Ռուդոլֆի Խաչանյանը և Արման Վաչագանի Ստեփանյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Վերջին շրջանում հակառակորդը սկսել է հաճախակի կիրառել խոշոր տրամաչափի հրաձգային և հրթիռահրետանային զինատեսակներ, ինչը ադրբեջանական քարոզչությունը անհաջողությամբ փորձում է հերքել:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---