Գյուղատնտեսության բոլոր ճյուղերում աճ կա. 7 ամսում՝ 14,8%

Գյուղատնտեսության բոլոր ճյուղերում աճ կա. 7 ամսում՝ 14,8%

PanARMENIAN.Net - 2015-ին ընդհանուր առմամբ բարենպաստ էր գյուղատնտեսության համար. պետական աջակցության ծրագրերի, ցանքատարածությունների ավելացման, արտադրության ինտենսիվության ավելացման ու ամենակարևորը` գյուղացու աշխատանքի արդյունքում 2015-ին 2014-ի համեմատությամբ գրանցվել են էական դրական տեղաշարժեր: Այս մասին ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ սեպտեմբերի 9-ին ներկայացնելով վերջին յոթ ամիսներին նախարարության իրականացրած աշխատանքները և անդրադարձել առաջիկա ծրագրերին:

ԱՎԾ տվյալներով` ընթացիկ տարվա հունվար-հուլիսին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 328,4 մլրդ դրամ, որը 14,8%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, ընդ որում բուսաբուծության ճյուղում աճը կազմել է 28,6%, իսկ անասնապահությունում` 4,2 %: Նշված ժամանակահատվածում բուսաբուծության համախառն արտադրանքը կազմել է 145,4, իսկ անասնաբուծությանը` 183,0 մլրդ դրամ:

Կարապետյանն ընդգծել է, որ աճ առկա է գյուղատնտեսության ոլորտի բոլոր ճյուղերում` թե բուսաբուծության և թե անասնաբուծության մեջ:

Նա նշել է, որ բավարարվել է պետական օժանդակության ծրագրերով մարզպետարանների կողմից ներկայացված պահանջարկն ամբողջությամբ, 2015-ին ավելացվել է նաև գյուղվարկերի սուբսիդավորման տոկոսադրույքը` այն կազմել է 6%, հնարավորություն տալով գյուղացիական տնտեսություններին շուկայականից անհամեմատ ցածր` 8%-ով վարկեր ձեռք բերել:

Նախարարը կարևորել է նաև գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման և վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակի բարձրացման ուղղությամբ գրացված դրական արդյուքները: Նրա խոսքով` այդ ցուցանիշը 2014-ին կազմել է 74,4 %` 2010–ի 63,2 %-ի դիմաց: Ընդհանուր առմամբ, գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները 2010-2014-ի ընթացքում ավելացել են մոտ 50 հազ. հեկտարով: Այդ միտումը շարունակվել է նաև ընթացիկ տարում: Ցանքատարածությունները 2015-ին 2014-ի համեմատությամբ ավելացել են 18,5 հազ. հեկտարով և կազմել 351,3 հազ. հեկտար՝ վարելահողերի օգտագործման մակարդակը հասցնելով 78,5 %-ի:

Ընդհանուր առմամբ, սերմնաբուծության, սերմապահովության բնագավառում և գյուղատնտեսության մեջ օգտագործվող կարևորագույն ռեսուրսների մատչելիության բարձրացման ծրագրերը նպաստել են հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացմանը և հացահատիկային տնտեսության ինտենսիվացման մակարդակի բարձրացմանը:

Հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծավալները 2014-ին գերազանցել են 2010-ի մակարդակը 81,0 %-ով, իսկ բերքատվությունը բարձրացավ մոտ 54,0 %-ով: Ցորենի արտադրության ծավալները նշված ժամանակահատվածում ավելացել են ավելի քան 84,0 %-ով, իսկ բերքատվությունը` 52,4 %-ով:

Ծրագրերի իրականացումն իր դրական ազդեցությունն ունեցավ ցորենի ինքնաբավության մակարդակի բարձրացման վրա: Հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները գերազանցում են 2014-ի մակարդակը 5,8 %-ով կամ 11,0 հազ. հեկտարով, իսկ ցորենի ցանքատարածությունների աճը կազմել է 4,7 %, կամ 5,0 հազ. հեկտար:

Բացի այդ այս տարի զգալիորեն` 9,4 %-ով կամ մոտ 2,5 հազ. հեկտարով ավելացել են բանջարանոցային մշակաբույսերի տարածքները, 3 %-ով կամ գրեթե 1000 հեկտարով ընդլայնվել են բոստանային մշակաբույսերի տարածքները, ավելի քան 3,0 %-ով կամ շուրջ 1000 հեկտարով ավելացել են կարտոֆիլի, 3,2 հազ. հեկտարով կամ 4,1 %-ով` կերային մշակաբույսերի ցանքատարածությունները:

Նախարարը հավելել է, որ 2015-ին աշխատանքներ են իրականացվել նաև ջերմատնային տնտեսության զարգացման ուղղությամբ:

Ներկայումս ջերմատների ընդհանուր տարածքը կազմում է 770 հա, որից ապակեպատ` 270, թաղանթապատ` 500 հա: Ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ջերմատները կազմում են 85 հա, մինչև տարեվերջ Կոտայքի և Արարատի մարզերում կկառուցվեն ևս մոտ 40-50 հա արդիական տեխնոլոգիաներով հագեցած ջերմատներ: Ջերմատնային տնտեսության զարգացման արդյունքում ընթացիկ տարվա գարնանից հանրապետության շուկաներում իրացվել է հիմնականում տեղական արտադրության լոլիկ և վարունգ:

Նախարարի խոսքով` մեծ է Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի ավելացումը և անասնապահության զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացումը պայմաններ ստեղծեցին անասնաբուծական մթերքների արտադրության ծավալների ավելացման համար: 2015 –ի 7 ամիսներին անասնաբուծության համախառն արտադրանքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է 4,2 %-ով և կազմել է 183,0 մլրդ դրամ: Ըստ օպերատիվ տվյալների` 2015 –ի անցած ամիսներին շարունակվել է անասնագլխաքանակի ավելացման միտումը:

Մասնավորապես ընթացիկ տարվա հուլիսի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ խոշոր եղջերավորների գլխաքանակն ավելացել է 3,6 %-ով և կազմել 775,0 հազ. գլուխ: Մանր եղջերավորների գլխաքանակի աճը գնահատվում է 7,2 % և կազմել է 981,0 հազ. գլուխ: Խոզերի գլխաքանակի աճը նշված ժամանակահատվածում ըստ օպերատիվ տվյալների գնահատվում է 11,4 % և կազմում է 185,0 հազ. գլուխ:

Գյուղնախարարը հավաստիացրել է, որ իրականացված նախապատրաստական աշխատանքների արդյունքում հանրապետությունում մթերումներն ընթանում են սահուն:

Սեպտեմբերի 9-ի դրությամբ գյուղատնտեսական մթերք վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 22 հազ. տոննա բանջարեղեն, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 4,0 %-ով, իսկ պտղի մթերումների ծավալը կազմել է 11700,0 տոննա, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 2,7 անգամ:

Նախարարը հավելել է, որ գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացումը նպաստել է ընթացիկ տարում թարմ բուսաբուծական մթերքների արտահանման ծավալների ավելացմանը:

Ընդհանուր առմամբ, արտահանման ծավալները գերազանցում են 2015-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը 72,0 %-ով, իսկ 2014-ի արտահանման տարեկան ցուցանիշն արդեն իսկ գերազանցվել է 18,0 %-ով (8550 տոննայով) ընդ որում, ծիրանի արտահանման ծավալները 11,8 անգամ (2014թ, արտահանվել է 1791,2 տոննա): Արտահանման գործընթացը շարունակվում է, և իրական նախադրյալներ կան նախորդ տարվա նկատմամբ ծավալների կրկնապատկման համար:

2015 –ի սեպտեմբերի 9-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 55 հազ. տոննա պտուղբանջարեղեն, խաղող և կարտոֆիլ, այդ թվում` 29130 տոննա պտուղ, որից՝ 21250 տոննա ծիրան, 2204 տոննա կեռաս, ինչպես նաև 2500 տոննա խաղող, 18246,0 տոննա բանջարեղեն և 4893 տոննա կարտոֆիլ:

2015-ին ընդլայնվել է թարմ բուսաբուծական մթերքներ արտահանվող երկրների շրջանակը, արտահանման մեջ գերակշռում է Եվրասիական տնտեսական միության երկրների մասնաբաժինը, մասնավորապես Ռուսաստանին բաժին է ընկել արտահանման ընդհանուր ծավալի 82,9 %-ը, 2014-ի նույն ժամանակահատվածի 32,9 %-ի դիմաց:

Գյուղատնտեսական մթերքների իրացմանը նպաստելու համար ընթացիկ տարում նույնպես ուշադրություն է դարձվել մայրաքաղաքում գյուղատնտեսական մթերքների տոնավաճառների կազմակերպմանը: Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմակերպվել է թվով 40 տոնավաճառ, որոնց մասնակցության համար գրանցվել է մոտ 5000 գյուղացիական տնտեսություն: Միջին հաշվով 2 տոնավաճառում 1 օրվա ընթացքում իրացվում է 80-90 տոննա գյուղմթերք, ընդհանուր առմամբ՝ շուրջ 3400 տոննա:

Ամփոփելով խոսքը` նախարարը հավաստիացրել է, որ առկա են բոլոր նախադրյալները 2015-ը բարձր ցուցանիշերով եզրափակելու համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---