11  12.09.15 - Ոստիկանությունը բերման է ենթարկել Բաղրամյանի ցուցարարներից ոմանց ու ցրել «Ոչ թալանին» նախաձեռնության ցույցը

Ոստիկանությունը ցրել է ցուցարարներին ու բացել Բաղրամյանը․ Կան բերման ենթարկվածներ

Ոստիկանությունը ցրել է ցուցարարներին ու բացել Բաղրամյանը․ Կան բերման ենթարկվածներ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 12-ի առավոտյան՝ ժամը 05։00-ի սահմաններում, Բաղրամյան պողոտան ազատելուհամար ցուցարարներին տրված ժամանակի ավարտից հետո ոստիկանությունն ուժող բացել է Բաղրամյան պողոտան՝ միաժամանակ բերման ենթարկելով ցուցարարների մի մասին։ Ըստ իրավապահների տարածած հայտարարույթան, «ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը, լիազոր մարմնի պահանջները հավաքի մասնակիցներին փոխանցելու նպատակով դիմել է հավաքի կազմակերպիչներին, սակայն վերջիններս ոստիկանության համապատասխան գործողություններին չեն արձագանքել»:

Ավելի ուշ ոստիկանության ներկայացուցիչը հայտարարությամբ դիմել է հավաքի մասնակիցներին՝ պահանջելով 30 րոպեի ընթացքում կամովին վերացնել Բաղրամյան պողոտայի անօրինական արգելափակումը, «քանի որ այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների և հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը: ՀՀ ոստիկանությունն առաջարկել է հավաքը շարունակել Բաղրամյան պողոտայի ոչ երթևեկելի հատվածում կամ այն տեղափոխել «Ազատության» հրապարակ, ինչպես նաև նախազգուշացրել, որ ներկայացված պահանջը նշված ողջամիտ ժամկետում չկատարելու դեպքում ոստիկանությունը ստիպված է լինելու Բաղրամյան պողոտայի անօրինական արգելափակումը վերացնել հարկադրաբար՝ իրեն օրենքով վերապահված լիազորությունների գործադրման միջոցով»:

Քանի որ իրավապահների պահանջը չի կատարվել, ոստիկանությունը ձեռնամուխ է եղել Բաղրամյան պողոտայի արգելափակման վերացմանը:

«Ոստիկանական միջոցառումների իրականացման ընթացքում առերևույթ իրավախախտում կատարած անձինք տարվել են ՀՀ ոստիկանության բաժիններ», ասվում է հայտարարությունում:

Ժամը 06:00-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի բնականոն երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է։

Ավելի ուշ ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը տեղեկացրել է, որ բողոքի ակցիան ցրելու ժամանակ 48 ցուցարար տարվել է ոստիկանության Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Մաշտոց բաժիններ, որտեղ արձանագրություններ են կազմել և բոլորը բաց են թողնվել, գրում է «Ազատություն» ռադիոկայանը: Բաժիններ տարված բոլոր ցուցարարների նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ են կազմվել:

Այս անգամ ջրցան մեքենան գործի է դրվել միայն ցուցարարներին պողոտայից հեռացնելուց հետո՝ Բաղրամյանը մաքրելու համար։

Հայաստանում էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքը շարունակող «Ոչ թալանին» քաղնախաձեռնությունը սեպտեմբերի 11-ին բողոք-հավաք էր կազմակերպել Ազատության հրապարակում, որը արդյունքում ևս մեկ ինքնաբուխ նստացույցի մեկնարկի վերածվեց։ Քաղնախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն իր ելույթում հայտարարեց, թե հաշվի առնելով հարցի շուրջ վերջին զարգացումները՝ որոշել են փողոցային պայքար սկսել ու միայն չեղարկման են գնում, մինչև վերջ են գնալու: Երևանի փոքր կենտրոնով երթի ընթացքում մասնակիցներն անցորդներին ու տանից իրենց հետևող քաղաքացիներին կոչ էին անում դուրս գալ փողոց, միանալ իրենց: Բաղրամյանի սկզբնամասում՝ այն հատվածում, որտեղ մոտ երկու ամիս առաջ Բաղրամյանը փակվել էր, ցուցարարներին դիմավորեց խիտ ոստիկանական պատ՝ թույլ չտալով առաջ շարժվել:Երթի մասնակիցները նստեցին Բաղրամյանում՝ վանկարկելով «Նստացույց»:

Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որում 6 ժամ ժամանակ տվեց՝ մինչև առավոտյան ժամը 05:00-ն՝ ցուցարարների պահանջն արտահայտելու և Բաղրամյան պողոտայի «անօրինական արգելափակումն ինքնակամ վերացնելու համար»:

Կարդացեք նաև՝ «Ոչ թալանին»-ը նորից փակել է Բաղրամյանը․ Ոստիկանները մինչև 05։00-ն ժամանակ են տվել

31  11.09.15 - «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ցույցը ընդդեմ էլերկտրաէներգիայի թանկացման
#ElectricYerevan

«Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ՀՀ-ում էլէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտով: Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարեց հայտը՝ որոշելով օգոստոսի 1-ից սակագինը բարձրացնել 6,93 դրամով, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց հասարակության շրջանում:

«Ոչ թալանին» քաղնախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց սկսեցին Ազատության հրապարակում: Արդեն ամսի 22-ին նրանք երթով շարժվեցին դեպի ՀՀ նախագահի նստավայր՝ իրենց բողոքն արտահայտելու, բայց ոստիկանությունը փակել էր դեպի նախագահական տանող Բաղրամյան պողոտայի սկզբնամասը: Ցուցարարները որոշեցին նստացույցը շարունակել հենց ոստիկանական պատնեշի մոտ: 10 ժամ տևած նստացույցից հետո ոստիկանությունը բազմաթիվ կոչերից հետո գործողությունների դիմեծ՝ ջրցան մեքենայի միջոցով փորձելով ցրել նստացույցը: Դրանից բացի, ցուցարարների, ինչպես նաև ցույցը լուսաբանող մի շարք լրագրողների հանդեպ իրավապահները ֆիզիկական ուժ կիրառեցին, կոտրելով նաև տեսա- ու ֆոտոխցիկները: ավելի ուշ մոտ 25 մարդ բուժօգնության դիմեց՝ ստացված վնասվածքների պատճառով:

Ցույցի վայրից 237 քաղաքացի բերման ենթարկվեց ոստիկանության տարբեր բաժանմունքներ, որոնք ավելի ուշ բաց թողնվեցին:

Ցուցարարների հանդեպ ոստիկանների կողմից ուժի կիրառումը զայրացրեց հասարակությանն ու հաջորդ երեկոյան Բաղրամյանում արդեն հազարավոր մարդիկ հավաքվեցին նույն պահանջով՝ չեղարկել սակագնի բարձրացման մասին ՀԾԿՀ որոշումը: Բազմաթիվ ցուցարարներ գիշերներ էին լուսացնում Բաղրամյան պողոտայում: Արդեն հունիսի 27-ին ՀՀ նախագահը հայտարարություն տարածեց, որում ասվում էր, թե ՀԷՑ-ում աուդիտ կանցկացվի, ու մինչև դրա եզրակացության արդյունքների հրապարակումը Կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ամբողջ բեռը:

Նա ցուցարարներին կոչ արեց ազատել Բաղրամյան պողոտան, բայց վերջիններս հայտարարեցին, թե շարունակելու են բողոքի ակցիան, քանի որ իրենց պահանջը որոշման չեղարկումն էր: Արդեն հաջորդ օրը «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները ցուցարարների հետ քննարկման արդյունքում որոշեցին՝ պետք է նստացույցը շարունակել Ազատության հրապարակում ու քննարկել հաջորդ քայլը, բայց ցուցարարներից շատերը համաձայն չէին: Այդպիսով, հավաքվածների մի մասը տեղափոխվեց Ազատության հրապարակ, մեծամասնությունը՝ մնաց Բաղրամյանում, նշելով, որ պահանջը չի փոխվել ու այնքան են մնալու, մինչև որոշումը չչեղարկվի, ոչ թե կասեցվի:

Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից նստացույցի մասնակիցների նկատմամբ ուժի կիրառումից տուժած 16 քաղաքացի հայց ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Արդեն հուլիսի 3-ին ՀՀ ՀՔԾ-ն քրգործ հարուցվեց հունիսի 23-ի ցույցը ցրելու ընթացքում ոստիկանների կողմից լրագրողների հանդեպ գործադրված ֆիզիկական ուժի դեպքերի առթիվ: Գործը հարուցվեց ՀՀ ՔՕ 309-րդ և 164-րդ հոդվածների 2-րդ մասերով և 185-րդ հոդվածի 1-ին մասով` բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---