Զախարյան. ՀԷՑ-ի վաճառքն էլէներգիայի սակագնի վրա չի ազդի

Զախարյան. ՀԷՑ-ի վաճառքն էլէներգիայի սակագնի վրա չի ազդի

PanARMENIAN.Net - ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը սեպտեմբերի 17-ի Կառավարության նիստից հետո անդրադառձել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի օտարման մասին Կառավարության որոշումին:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ վաճառքից հետո սակագինը վերանայվի, Զախարյանը բացասական պատասխան է տվել:

«Սակագինն արդեն գործում է, դրա վերաբերյալ վերջնական դիրքորոշում Կառավարությունը կունենա հանձնաժողովում կատարվող ուսումնասիրություններից հետո», - ասել է նախարարը, մեջբերում է Tert.am-ը:

Դիտարկմանը, թե որտեղի՞ց նման համոզմունք, որ սակագինը չի վերանայվի, եթե ուսումնասիրությունները դեռ ավարտված չեն, նախարարն ասել է. «Սակագինը ո՞նց կարող է վերանայվել, եթե սակագինն այսօր գործում է»:

Հարցին, թե կարելի՞ է համարել, որ անիմաստ է ՀԵՑ-ում աուդիտի հետ կապված ծախսը, նախարարը պատասխանել է, թե սակագնի հիմնավորվածության վերաբերյալ ուսումնասիրությունները կատարվում են հանրային պահանջով:

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 17-ի նիստին որոշում է ընդունել օտարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 100% բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը: Այդ ընկերությանը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի օտարման հայտը ներկայացրել էր«Ինտեր ՌԱՕ»-ն:

Իսկ ինչ վերաբերում է ՀԵՑ-ի կուտակված պարտքին և թե ինչպես է հարցը լուծվելու, նախարարը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ պարտավորությունները կփոխանցվեն նոր ընկերությանը:

Զախարյանն ընդգծել է, որ Կառավարությունը հայտին հավանություն տալով՝ հանձնարարել է ներկայացված բոլոր փաստաթղթերն ուսումնասիրել:

Լրագրողների դիտարկմանը, թե վերոնշյալ ընկերությունը գրանցված է օֆշորային գոտում, նախարարը պատասխանել է, որ Կառավարությունը դեռ պետք է ուսումնասիրի բոլոր փաստաթղթերը այնուհետև նա կպատասխանի բոլոր հարցերին:

Զախարյանը վաճառքի գնի հետ կապված տեղեկություն ևս չի հաղորդել:

Կառավարությունը օտարման հայտով որոշման նախագծում հանձնարարականներ է տվել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ ֆինանսների նախարարին և ՀՀ էկոնոմիկայի նախարարին՝ հիմք ընդունելով Կառավարության 2001-ի հուլիսի 20-ի «ՀՀ էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցույթի նախնական որակավորման և մրցույթին մասնակցելու սկզբունքները հաստատելու մասին» N 668 որոշմամբ հաստատված ՀՀ էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցույթի նախնական որակավորման և մրցույթին մասնակցելու սկզբունքները, պահանջել համապատասխան փաստաթղթեր, ուսումնասիրել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության համապատասխանությունը սկզբունքների չափանիշներին, բանակցել և մշակել պայմանագրի նախագիծ, որով նշված ընկերությունը ամբողջովին կստանձնի Կառավարության և «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության միջև 2002-ի օգոստոսի 26-ին կնքված ՀԷՑ ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանագրի վաճառքից բխող գնորդի բոլոր պարտավորությունները:

«Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» (Liormand holdings limited) ընկերությունը գրանցվել է 2010-ին Կիպրոսում: Ընկերության գործունեության, սեփականատերերի մասին տվյալները բացակայում են: I-cyprus.com կայքում նշվում է, որ ընկերության մասին տվյալներ կարելի է ստանալ որոշակի վճարի դիմաց:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---