«Եվրանեսթ»-ի համանախագահներն արձագանքել են Բաքվի՝ կառույցից դուրս գալու որոշմանը

«Եվրանեսթ»-ի համանախագահներն արձագանքել են Բաքվի՝ կառույցից դուրս գալու որոշմանը

PanARMENIAN.Net - «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի համանախագահներ Հայդի Հաուտալան (Կանաչների կուսակցություն, Ֆինլանդիա) և Վիկտոր Դոլիձեն (Վրաստան) սեպտեմբերի 16-ին խորն ափսոսանք են հայտնել Ադրբեջանի Միլի մեջլիսի՝ Արևելյան հարևանության քաղաքականության խորհրդարանների պատգամավորներին և անդամներին (Եվրանեսթ) միավորող խորհրդարանական գործակցության գործընթացից դուրս գալու ընթացակարգ սկսելու վերաբերյալ։ Երկու համանախագահները, այնուամենայնիվ, նշել են, որ մեջլիսի հետ «իրադրությունը քննարկելու հնարավորությունը դեռևս բաց է»։

Համանախագահների հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ նման զարգացումը նաև կխոչընդոտի տարածաշրջանային ակնհայտ կարևորություն ունեցող միասնական խորհրդարանական ընթացակարգերում Ադրբեջանի խորհրդարանի անդամների ձայնը լսելի դարձնելու գործընթացը, գրում է Panorama.am-ը:

«Եվրանեսթ»-ի Խորհրդարանական Վեհաժողովը շարունակում է մնալ Արևելյան գործընկերության խորհրդարանական հարթակը։ Որպես այդպիսին, այն շարունակելու է գործել, համապատասխան ինտեգրման և հրապարակայնության ոգուն, որպեսզի նպաստի Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության միջև քաղաքական և տնտեսական ինտեգրման արագացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը», - ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ անդամակցությունը «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովին, նախևառաջ, շարունակում է լինել կամավոր և չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր մտահոգ արևելյան դաշնակցի ինքնուրույն ընտրությունը: Այս առումով համանախագահները հաշվի են առնում և հարգում են Ադրբեջանի մեջլիսի՝ կառույցից դուրս գալու որոշումը:

Եվրախորհրդարանը սեպտեմբերի 10-ի նիստում Ադրբեջանում լրագրողների ու ակտիվիստների հիմնարար ազատությունների ու իրավունքների խախտումները դատապարտող բանաձև է ընդունել: Բանաձևի տեքստում հիշատակվում է մարդու իրավունքների աղետալի վիճակն Ադրբեջանում, նշվում է քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ գործադրվող ճնշումների մասին։

Եվրախորհրդարանի փաստաթուղթը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին կատարել Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի առաջ ստանձնած պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում, կատարել այդ կազմակերպությունների խորհուրդները՝ իրավիճակի բարելավման համար, ավելի ժողովրդավար նախընտրական միջավայր ստեղծել։

Սեպտեմբերի 15 –ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարել է, որ երկիրը կասեցնում է Եվրամիության հետ միջխորհրդարանական գործակցությունը՝ Ադրբեջանում մարդու իրավունքների մասին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևից հետո:««Եվրանեսթն» արդեն վերածվել է ամորֆ մի ուժի, ինչի պատճառով էլ Ադրբեջանի խորհրդարանը բնականաբար դադարեցնում է գործակցությունն այդ կառույցի հետ։ Դա Ադրբեջանի խորհրդարանի իրավունքն է: Դուք, հավանաբար, գիտեք, որ Ադրբեջանի խորհրդարանի և Եվրախորհրդարանի միջև գործակցությունն ևս կասեցվել է»,- հայտարարել է Ալիևը՝ նշելով, որ Բաքուն ադեկվատ պատասխան է տվել Ադրբեջանի դեմ ձեռնարկվող քայլերին:

Սեպտեմբերի 14-ին կայացած Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի մեջլիսի հատուկ նիստում բանաձև է ընդունվել սեպտեմբերի 10-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի առնչությամբ:

Մեջլիսը որոշել է, որ «Եվրանեսթ»-ի Խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգի համաձայն՝ անցնում է այդ կազմակերպությունում Ադրբեջանի խորհրդարանի անդամակցության դադարեցման վերաբերյալ ընթացակարգային կանոնների կատարմանը, իսկ ընթացակարգի ժամանակահատվածում մեջլիսի պատվիրակությունները չեն մասնակցի «Եվրանեսթի» միջոցառումներին։

Որոշում է կայացվել նաև վերջ դնել ներկայիս ձևաչափով Եվրամիություն-Ադրբեջան խորհրդարանական գործակցության հանձնաժողովի գործունեությանը մասնակցությանը և խորհուրդ է տրվել Ադրեջանի նախարարների կաբինետին վերանայել Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրին մասնակցության նպատակահարմարությունը:

Ադրբեջանի խորհրդարանը նաև կոչ է արել Եվրոպական խորհրդարանին ուշադրություն դարձնել Եվրոպայում իսլամատյացությանն ու այլատյացությանը, ինչպես նաև պահանջել է Եվրոպական խորհրդարանից վերջ դնել Ադրբեջանի դատական համակարգի նկատմամբ ճնշման փորձերին՝ «կոնկրետ հանցավոր գործողությունները քաղաքականացնելու ճանապարհով»։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տնօրեն Մայքլ Լինքը սեպտեմբերի 12-ին հայտարարել է, որԱդրբեջանի կողմից դիտորդների թվի սահմանափակումների պատճառով ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ստիպված է հրաժարվել նոյեմբերի 1-ին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկելուց:

Բազմաթիվ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---