ՄԱԳԱՏԷ-ն առաջընթաց է արձանագրել Իրանի հետ միջուկային գործարքում

ՄԱԳԱՏԷ-ն առաջընթաց է արձանագրել Իրանի հետ միջուկային գործարքում

PanARMENIAN.Net - Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հույս է հայտնել, որ ՄԱԳԱՏԷ-ն ու Թեհրանը կկարողանան հանգուցալուծել բոլոր առկա տարաձայնություններն Իրանի միջուկային խնդրի հարցում, հայտնել է ԻՌՆԱ գործակալությունը:

Այս հայտարարությունը հաջորդեց ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի այցին Թեհրան, որի ընթացքում նա հանդիպումներ է ունեցել Սալեհիի, երկրի նախագահ Հասան Ռոուհանիի, ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆի, ինչպես նաև Իրանի խորհրդարանի անդամների հետ:

«Իրանը միանգամայն գոհ է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի այցից, և մենք հուսով ենք, որ առկա գործակցությունը մինչև տարեվերջ արդյունք կտա բազմամյա հակասությունների հանգուցալուծման հարցում»,-մեջբերում է գործակալությունը Սալեհիի խոսքը, որը նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի այցը արդյունավետ կլինի և կգոհացնի բոլոր կողմերին:

Ամանոն նաև այցելել է Իրանի ռազմական օբյեկտը Փարչինում, ուր Իրանը երկար ժամանակ թույլ չէր տալիս գործակալության աշխատակիցների մուտքը` ՄԱԳԱՏԷ-ն ցանկանում էր ստուգել, թե արդյոք այնտեղ չի իրականացվում չհայտարարագրված միջուկային գործունեություն: ՄԱԳԱՏէ-ն իր հայտարարության մեջ նշում է, որ ռազմական օբեյկտի պարունակությունը ստուգվել է ըստ կազմակերպության չափանիշների, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը մամուլի ասուլիսում ամփոփել է Փարչինում ռազմական օբյեկտի տեսչության արդյունքները: Նա հայտարարել է, որ Իրանի իշխանությունները պատրաստակամություն են ցուցադրում «միջուկային գործարքի» իրագործման պայմանների կատարման ուղղությամբ:

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը նշել է, որ կազմակերպությունն առաջին անգամ կարողացավ տեսչական ստուգում անցկացնել Փարչինում: Մինչ այդ միջազգային դիտորդներին հասանելի էին միայն օբյեկտի արբանյակային լուսանկարները: Փարչինում տեսչական ստուգման հնարավորությունը վկայում է, որ Իրանի իշխանությունները պատրաստակամ են կյանքի կոչելու Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության իրականացման «Ճանապարհային քարտեզը», հայտնում է vestifinance.ru-ն:

Ընդ որում Ամանոն նշել է, որ մինչ տեսչական աշխատանքի ավարտը Իրանը «դեռ շատ անելիք» ունի:

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության հասան Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը կչեղարկի Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ, ասվում է բանակցությունների արդյունքում ընդունված համաձայնագրի նախագծում: «Եվրամիությունը կկասեցնի բոլոր այն դրույթները, որոնք սահմանափակումներ են ենթադրում Իրանի դեմ, ներառյալ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Իրանն իր հերթին պարտավորվում է ձեռնամուխ լինել բոլոր պայմանավորվածությունների կատարմանը միջուկային հարցի վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում: Հանվում է նաև ԵՄ օդանավակայաններում Իրանի բեռնատար ինքնաթիռների վայրէջքի արգելքը: Թեհրանն ու «վեցյակը» պայմանավորվել են նաև հանել ԵՄ համար գործող «նավթի, գազի, բենզինի և նավթաքիմիայի» արտահանման բոլոր սահմանափակումները, ինչպես նաև «ածխաջրածինների արդյունահանման համար նախատեսված սարքավորումների» արտահանման մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---