Apple. iPhone 6s և iPhone 6s Plus-ի բոլոր մոդելները նախնական պատվերով արդեն վաճառված են

Apple. iPhone 6s և iPhone 6s Plus-ի բոլոր մոդելները նախնական պատվերով արդեն վաճառված են

PanARMENIAN.Net - Apple ընկերության նորագույն iPhone 6s և iPhone 6s Plusսմարթֆոնների բոլոր տարբերակները վաճառված են նախնական պատվերներով: Այդ մասին ասվում է ընկերության պաշտոնական կայքում: Սարքերի վաճառքը մեկնարկում է սեպտեմբերի 25-ին:

16, 64 և 128 ԳԲ ներկառուցված հիշողությամբ iPhone 6s-ը հնարավոր կլինի գնել $649, $749 և $849 (համապատասխանաբար մոտ 314.000, 363.000 և 411.000 դրամ ըստ ընթացիկ փոխարժեքի), իսկ iPhone 6s Plus-ը հիշողության նույն ծավալով կհայտնվի շուկայում $749, $849, $949 գնով (համապատասխանաբար մոտ 363.000, 411.000 և 460.000 դրամ ըստ ընթացիկ փոխարժեքի): Մինչև տարեվերջ Apple-ը մտադիր է սմարթֆոնների վաճառք սկսել աշխարհի մոտ 130 երկրում:

Վաճառքի առաջին ալիքի բոլոր երկրներում առաքման մոտավոր ժամկետը 1-2 շաբաթով հետաձգվել է, և այժմ iPhone 6s և iPhone 6s Plus սմարթֆոնները սեպտեմբերի 29-ից շուտ ստանալ հնարավոր չի լինի: Ընկերությունը դեռ չի բացահայտում ձևակերպված նախնական պատվերների հստակ քանակը, սակայն վստահեցնում է, որ iPhone 6s և iPhone 6s Plus-ի պահանջարկը շատ մեծ է: Վերլուծաբանները կարծում ոն, որ ընկերության երկրպագուները ձևակերպել են մոտ 4,5 մլն նախնական պատվեր: Անցյալ տարի առաջին օրն այդ ցուցանիշը կազմեց 4 մլն:

Ավելի վաղ Apple-ը հայտարարել էր, որ ամենից շատ պահանջված է iPhone 6s Plus մոդելը, որի պահանջարկը գերազանցել է բոլոր սպասելիքները: 2014-ին Apple-ը ռեկորդ սահմանեց` առաջին 3 օրում վաճառելով 10 մլն նմուշ iPhone 6s և iPhone 6s Plus: Սակայն արդեն այս տարի, ինչպես ասում են ընկերությունում, ռեկորդը կարող է գերազանցվել:

Նոր iPhone 6S ու iPhone 6S Plus սմարթֆոնները ներկայացվեցին սեպտեմբերի 9-ին, Սան Ֆրանցիսկոյի Բիլ Գրեհեմի անվան դահլիճում տեղի ունեցած հատուկ միջոցառման ընթացքում։ Apple-ը չի փոփոխել սարքավորումների դիզայնը, և արտաքին տեսքով դրանք անհնար է տարբերել ներկայիս iPhone 6 ու iPhone 6 Plus սմարթֆոններից։ Սակայն երկու գաջեթների կորպուսը պատրաստված է 7000 սերիայի այլումինի համաձուլվածքից, իսկ արդեն սովորական գունային լուծումներին միացել է «վարդագույն ոսկի» գույնը։

3D Touch տեխնոլոգիան, որը ընկալում է սմարթֆոնի էկրանին հպումները, սեղմումներն ու ուժեղ սեղմումները, դարձավ գլխավոր նորամուծությունը։ Էկրանները պահպանել են նույն անկյունագիծն ու խտությունը, ինչ նախորդ սմարթֆոններում էր։ 3D Touch-ի հնարավորությունները կկիրառվեն բազմաբնույթ հավելվածներում ու խաղերում։ Օրինակ, iMessage մեսենջերում ուժեղ սեղմումը թույլ կտա տեսնել հղման պրեվյուն՝ չբացելով Safari բրաուզերը։ Բացի այս, iPhone 6s-ում իրացվել է Taptic Engine տակտիլ հակառակ կապի համակարգը։

iPhone 6s և iPhone 6s Plus սմարթֆոնների ապարատային միջուկը ներկայացված է նոր՝ Apple A9 64 բիտ չիփսեթով, որը 70%-ով նախորդից ավելի արտադրողական է, իսկ գրաֆիկայի մշակման դեպքում այն նախորդին գերազանցում է 90%-ով։ Իսկ չիփսեթում ինտեգրված M9 համապրոցեսորը ստացել է ընդլայնված հնարավորություններ, այդ թվում՝ Siri թվային օգնականի մշտական ձայնային ակտիվացման։

Սմարթֆոններում, նախորդների համեմատ, տեղադրված է շատ ավելի հզոր հիմնական 12 մեֆապիքսել խտությամբ iSight ֆոտոխցիկ, որը կարողանում է նկարահանել 4K-տեսանյութեր։ Իսկ Live Photos նոր ֆունկցիան ավտոմատ կերպով ձայնագրում է կարճ տեսահոլովակ՝ ֆոտոխցիկի կոճակի սեղմումից առաջ ու հետո։ Ստացված «կենդանի» անիմացված լուսանկարները կարելի է օգտագործել, որպես iPhone-ի ու iPad-ի էկրանային ֆոն։

Սմարթֆոնի դիմային մասում տեղադրված է FaceTime նորացված 5 մեգապիքսել խտությամբ ֆոտոխցիկը՝ Retina Flash ֆունկցիայով, որը սմարթֆոնի էկրանը վերածում է լուսային բռնկման միջոցի։ Ընդ որում՝ էկրանի լուսավորությունը կարող է սովորական լուսավորության համեմատ աճել երեք անգամ։ Սմարթֆոնները ստացել են նաև LTE Cat.6 ցանցերի, Wi-Fi 802.11ac աջակցություն և մատնահետքերի՝ երկու անգամ ավելի արագ Touch ID սքաներ։

Apple Inc. ամերիկյան կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Կուպերտինո քաղաքում, Apple-ը նախագծում և մշակում է սպառողական էլեկտրոնիկա, համակարգչային ծրագրային ապահովում։ Էփլի լավագույն հայտնի արտադրանքներ են Mac գիծի համակարգիչները, iPod նվագարկչի, iPhone սմարթֆոնը, iPad պլանշետները:

Apple-ն աշխարհի երկրորդ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունն է, և աշխարհի երկրորդ խոշորագույն բջջային հեռախոս արտադրողը Սամսունգից հետո: 2014-ին ապրաքանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը ($153.3 միլիարդ արժողությամբ):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---