Չինաստանի վարչապետ. Հետաքրքրված ենք Իրան–ՀՀ երկաթուղու կառուցմամբ

Չինաստանի վարչապետ. Հետաքրքրված ենք Իրան–ՀՀ երկաթուղու կառուցմամբ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 22-ին Պեկինում հանդիպել է ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ:

Հայաստանի և Չինաստանի վարչապետները մանրամասն քննարկել են Իրան–Հայաստան երկաթուղու, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ներդրումային ծրագրերը: Քեցյանը վերահաստատել է չինական կողմի հետաքրքրվածությունը այս հարցում: Նա պատրաստակամություն է հայտնել համատեղ ծրագրեր իրականացնել Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման, արդյունաբերության, հումանիտար և այլ ոլորտներում:

Դեռևս հունիսին չինական Չինաստանի քաղաքացիական ինժեներական շինարարական կազմակերպությունը (CCECC) ցանկություն է հայտնել մասնակցել ՀՀ հարավային երկաթուղու կառուցմանը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է CCECC խորհրդի նախագահ Վու Վանլիանգին և ընկերության ներկայացուցիչներին: Վանլիանգին վերահաստատել է չինական կազմակերպության հետաքրքրությունը և ցանկությունը մասնակից դառնալուՀայաստանի հարավային երկաթուղու կառուցման ծրագրին: Չինական կողմը ներկայացրել է ծրագրի ֆինանսավորման հնարավոր մի քանի մեխանիզմներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկաթուղու կառուցման վերաբերյալ մի շարք այլ հարցեր: Կողմերը հանգամանալից քննարկել են «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրականացման առանձնահատկությունները: Երկուստեք ընդգծվել է երկաթուղու կառուցման կարևորությունը ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար:

Աբրահամյանը բարձր է գնահատել հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակը: Վարչապետը նաև նշել է, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Ընդգծելով, որ տնտեսական ոլորտում առկա է գործակցության մեծ ներուժ՝ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ այցը նոր լիցք կհաղորդի հայ-չինական կապերի ամրապնդմանը և տնտեսական գործակցության ընդլայնմանը։

Փաստելով, որ վերջին տարիներին երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ակտիվորեն զարգանում է, կողմերը բարձր են գնահատել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մարտին կայացած պետական այցը ՉԺՀ, ինչը երկու երկրների բարեկամական հարաբերությունները որակական նոր մակարդակի է բարձրացրել և նոր թափ է հաղորդել հայ-չինական գործակցության զարգացմանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 27-ի պետական այցովՉԺՀ-ում էր գտնվում: Նախագահը հայտարարել էր, որ Հայաստանն ակնկալում է չինական ընկերությունների ակտիվ մասնակցությունը Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման գործում:

«Հայաստանի և Չինաստանի ղեկավարների միջև հանդիպման արդյունքների հիման վրա մենք ակտիվորեն աշխատում ենք բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների առաջխաղացման և ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ», - ասել է Աբրահամյանը:

Վարչապետները կարևորել են ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, տրանսպորտի, քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, գիտության, կրթության, մշակույթի, քաղավիացիայի ոլորտներում հետագա գործակցության խորացումը, համատեղ կոնկրետ ծրագրերի իրականացումը: Այս համատեքստում կարևոր է համարվել Առևտրատնտեսական գործակցության հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը:

Աբրահամյանը նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններն առաջընթաց են արձանագրել, և զգալի աճել էապրանքաշրջանառությունը (ավելի քան կես միլիարդ դոլար): Քեցյանը իր հերթին ընդգծել է, որ բոլոր ոլորտներում՝ թե քաղաքական, թե տնտեսական և թե հումանիտար, առկա է արդյունավետ փոխգործակցություն, և Չինաստանը պատրաստ է խորացնելու և ամրապնդելու դրանք։

Նա նաև տեղեկացրել է, որ Չինաստանում ուսանող հայ երիտասարդների կրթաթոշակը հաջորդ տարվանից կբարձրացվի:

Հանդիպման վերջում Աբրահամյանը Չինաստանի վարչապետին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան. հրավերն ընդունվել է:

Դեռևս 2013-ի դեկտեմբերին Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսիին, պատասխանելով Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հստակ ժամանակացույցի մասին հարցին, նշեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ Իրանը իրազեկել է Հայաստանի իշխանություններին, որ պատրաստ է կառուցել ճանապարհի Ջուղա-Մեղրի իրանական հատվածը սեփական միջոցներով, երբ Հայաստանը միջոցներ գտնի իր հատվածը կառուցելու համար: «Եթե ներդնողներ լինեն և հնարավոր լինի կառուցել ճանապարհի հայաստանյան հատվածը, հետագայում Վրաստանի ու Ռուսաստանի հետ կապելու հեռանկարով, մենք պատրաստ ենք մեր բյուջեի միջոցներով կառուցել մեր հատվածը: Մենք նաև պատրաստ ենք մեր փորձը կիսել, քանի որ Իրանը ինժեներատեխնիկական մեծ հնարավորություններ ունի ու երկաթուղիների կառուցման մեծ փորձ»,-ասել էր դեսպանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---