ԲՀԿ-ն կողմ է սահմանադրական փոփոխություններին.Դեմ լինելու փաստարկներ չկան

ԲՀԿ-ն կողմ է սահմանադրական փոփոխություններին.Դեմ լինելու փաստարկներ չկան

PanARMENIAN.Net - Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քննարկումներն ավարտվել են. որոշվել է սահմանադրական բարեփոխումներին կողմ քվեարկել: Այս մասին սեպտեմբերի 22-ին լրագրողներին հայտնել է ԲՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը:

«Մենք միանգամից չենք որոշել «այո» ասել: Դեմ լինելու կամ չսատարելու որևէ փաստարկ չկա, մենք բազմաթիվ քննարկումների ենք մասնակցել և տեսել ենք, որ իշխանությունը գնացել է այն քայլին, որ այսուհետ Ազգային ժողովը կձևավորվի միայն մեծամասնական կարգով»,- ասել է Բաբայանը՝ նշելով, որ սա պատմական իրողություն է:

Նրա խոսքով՝ նոր սահմանադրությամբ խորհրդարանը ստանձնելու է շատ ավելի կարևոր դեր, քան մինչ այս ունեցել է, գրում է Tert.am-ը:

Այդուհանդերձ, պատգամավորը նկատել է, որ աշխարհում իդեալական սամանադրություններ չկան, իդեալական չէ նույնիսկ ԱՄՆ-ի սահմանադրությունը:

«Մայր օրենքը մի բան է, որից հետո բխելու են տարբեր օրենսդրական փոփոխություններ խորհրդարանում: ԲՀԿ-ն ամեն ինչ անելու է, որ այնպիսի օրենքներ ընդունելի դարձնի, որպեսզի հասարակությունն իր մաշկի վրա զգա այդ փոփոխությունների կարևորությունը և անհրաժեշտությունը», - հավելել է Բաբայանը:

ՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 18-ի ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է, որ խորհրդարանում քննարկումները ցույց են տվել, թե առկա քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը դրական վերաբերմունք է արտահայտել սահմանադրական փոփոխությունների հաստատմանը: Նա նշել է, որ խորհրդարանում կա քաղաքական կոնսոլիդացիա:

Այսպիսով, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ԱԺ-ում կայացած քննարկումներին ասել է, որ Սահմանադրական փոփոխությունները երկրի որակական զարգացման համար նոր դուռ են բացելու: Նա շեշտել է, որ 1991-ից ի վեր, երբ սահմանադրական փոփոխությունների հարցը մտել է քաղաքական օրակարգ, Դաշնակցությունը խորհրդարանական կառավարման համակարգի համոզված կողմնակից է եղել:

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը ԱԺ նիստին պարզաբանել է, թե ինչու է կողմ Սահմանադրական բարեփոխումներին:

Ըստ նրա՝ առաջարկվող փոփոխությունը մի քանի անգամ բարձրացնում է դատական համակարգի անկախությունը, քան գործողն է: Մինասյանի խոսքով՝ իշխանության ժառանգաբար անցնելու խնդիրը նույնպես լուծվում է Սահմանադրության նոր նախագծով:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նիստին ասել է, որ Հայաստանում պետական շինարարության ավանդույթներ ձևավորված չեն, այլ «մեր վզին փաթաթված է պետական կառավարման ուժային մոդելը»: Այս մոդելը, նրա խոսքով, ժառանգված է խորհրդային ժամանակներից ու դրա հիմնական հատկանիշը բռնությունն է:

Դրա հետ կապված, Արզումանյանը՝ խորհրդակցելով կուսակցության անդամների հետ դրական է վերաբերում խորհրդարանական համակարգին անցնելուն:

Սահմանադրական փոփոխություններին դեմ է «Ժառանգություն» կուսակցությունը: Կուսակցության վերջնական դիրքորոշման մասին սեպտեմբերի 4-ին լրագրողներին տեղեկացրել է կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հիմնավորելով այդ հայտարարությունը՝ Հովհաննիսյանը նկատել է, որ սահմանադրական փոփոխությունները արվում են իշխանության վերարտադրությունն ապահովելու համար: Ըստ նրա՝ փորձ է արվում կուսակցապետություն ստեղծել:

Սահմանադրական փոփոխություններին դեմ է նաև «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը: ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե նախագծի բովանդակությունն ապացուցում է ՀԱԿ-ի այն կանխատեսումը, որ, խորհրդարանական համակարգի անցման քողի տակ, նախագահ Սերժ Սարգսյանի միակ նպատակը նախագահի պաշտոնավարման երրորդ ժամկետի սահմանադրական արգելքի շրջանցումն է և իր ռեժիմի վերարտադրության ապահովումը:

Սահամանդրության նախագիծը ԱԺ-ն կշարունակի քննարկել նաև արտահերթ նիստում: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ սեպտեմբերի 18-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` օրակարգում ունենալով ՀՀ Նախագահի նախաձեռնած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդունելու մասին հարցը (քննարկման շարունակություն):

Ազգային ժողովը սեպտեմբերի 15-ին քվեարկությամբ հաստատել է և օրակարգ ներառել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջարկված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը: ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում հաստատել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացնել ՀՀ նախագահին: Նախագահը օգոստոսի 21-ին նախագիծը ՀՀ Ազգային ժողով է ուղարկել:

Հրապարակված Սահամանդրության նախագծի 5-րդ գլուխը վերաբերում է Հանրապետության նախագահին: Ըստ դրա, Սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով (գործող Սահմանադրությամբ 5 տարով է): Նույն անձը նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ (ներկայիս երկու անգամվա փոխարեն):Նախագահին ընտրում է ընտրիչների ժողովը, որի կազմում Ազգային ժողովի պատգամավորներ են և նրանց թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից: Սահմանադրության 4-րդ գլուխը վերաբերում է Ազգային ժողովին: Ըստ փոփոխված տարբերակի՝ ԱԺ կազմված է լինելու առնվազն 101 պատգամավորից (գործող Սահմանադրությամբ 131 է): Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվելու ազգային փոքրամասնություններին: Խորհրդարանն ընտրվում է համամասնական ընտրակարգով 5 տարի ժամկետով: (գործող Սահմանադրությամբ ընտրակարգերը երկուսն էին՝ համամասնական ու մեծամասնական): Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն և կառավարության ծրագրի հիմնադրույթներ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---