Թվային հեռուստահեռարձակումը հասանելի է ՀՀ ամբողջ տարածքում. Անալոգայինից անցումն ավարտված է

Թվային հեռուստահեռարձակումը հասանելի է ՀՀ ամբողջ տարածքում. Անալոգայինից անցումն ավարտված է

PanARMENIAN.Net - Անալոգայինից թվային հեռուստահեռարձակման անցնելու գործընթացն ավարտված է։ Հայաստանի ամբողջ տարածքում թվային հեռարձակումը հասանելի է: Այս մասին տեղեկացնում է տրանսպորտի և կապի նախարարությունը:

Մարզերում բնակվող քաղաքացիները բոլորովին նոր որակով կկարողանան դիտել 9, իսկ Արարատյան դաշտավայրին և Երևանին հարակից տարածքներում բնակվողները՝ 18 հեռուստաալիք: Թվայնացումն էականորեն կրճատում է հեռահաղորդման վրա ծախսվող էներգիան։

ՀՀ-ում թվային հեռուստահեռարձակում իրականացնելու առաջին փորձը կատարվել է դեռևս 2006-ին, սակայն մի շարք խնդիրների պատճառով գործընթացը դադարեցվել է։ Եվ միայն 2009-ին, երբ կառավարության որոշմամբ հաստատվեց թվային հեռարձակման հայեցակարգը, դրվեց հեռուստատեսային թվային հեռարձակման գործընթացի սկիզբը։ Ներդրման տեխնիկական աշխատանքներն սկսվել են 2014-ի հունվարի 14-ից։ Աշխատանքներն իրականացրել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունն իր հիմնական գործընկեր՝ «Էրիքսոն»» և «Ինթելսաթ» կազմակերպությունների հետ։

«Նախկինում մեր միջին ցուցանիշը մարզային բնակավայրերում կազմում էր 3, 4 հեռուստածրագիր, այժմ մարզերում հեռարձակվում է 9 հեռուստածրագիր: Դրանք մշտապես հեռարձակվելու են անվճար և հասանելի են լինելու բոլոր քաղաքացիներին: Երևանի գոտում սոցիալական փաթեթում ներառվել է 18 հեռուստածրագիր, այսինքն՝ բոլոր այն երևանյան հեռուստածրագրերը, որոնք գործել են նաև անալոգային հեռարձակման փուլում»,- ասել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության (ՀՀՌՑ ՓԲԸ ) գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը:

Գործող օրենսդրությամբ՝ անալոգային հեռուստահեռարձակման վերջնաժամկետը նախատեսված է 2016-ի հունվարի 1-ը:

Թվային հեռուստատեսություն դիտելու համար մարդիկ պետք է նոր հեռուստացույց գնեն կամ ձեռք բերեն դեկոդեր, որը ազդանշանը կդարձնի թվային, սակայն սոցիալական բաղադրիչ ունեցող անապահով ընտանիքներին դրանք կտրամադրվեն անվճար, մյուսներին՝ մատչելի գներով:

«Մենք հունվարի 1-ին դադարեցնելու ենք անալոգային հեռարձակումը, եթե այլ իրավական ակտ կամ այլ իրավական մոտեցում մինչ այդ օրինականացված չլինի Հայաստանում: Կարծում եմ, քաղաքացիները սարքը ձեռք բերելու խնդրի լուծումը չպետք է թողնեն վերջին օրվան, որովհետև դա կարող է շուկայում առաջացնել ծանրաբեռնվածություն», - ասել է ՀՀՌՑ ՓԲԸ գլխավոր տնօրենը։

Թվային հեռուստահեռարձակման ներդրման հայեցակարգում նախատեսված է մարզային հեռուստաընկերության կարգավիճակ ունեցող հեռուստաընկերություններին ևս ներառել հանրային հեռարձակման ցանցի մեջ. յուրաքանչյուր մարզում հեռարձակվող ծրագրերի մեջ ներգրաված է նաև տվյալ մարզի մեկական մարզային հեռուստաընկերություն: Այս պահին օրենսդրորեն դեռևս բաց է մարզերի առանձին բնակավայրերում նախկինում գործող հեռուստաընկերությունների գործունեությունը թվային հեռարձակման ձևաչափում:

Ամալյանի խոսքով՝ քննարկվում են տարբեր մոտեցումներ, և պահպանվել է սկզբունքային դիրքորոշում՝ այդ հեռուստաընկերություններին հնարավորություն տալ շարունակելու իրենց գործունեությունը։

«Վերգետնյա թվային հեռարձակմամբ մենք ապահովել ենք հանրապետության տարածքի ավելի քան 98.5%-ը, բայց դրանով հանդերձ չենք բացառում, որ նույնիսկ Երևանում կարող է լինել շենք, շինություն, որ չունի տեսանելիություն հեռուստաաշտարակին: Նման շինությունների համար միանշանակ հասանելի է արբանյակային ազդանշանը», - հավաստիացրել է Ամալյանը։

Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացն իրականացնելու համար նախատեսված էր մոտ 7 միլիարդ դրամ: Իրականացվել է նախատեսվածից ավելի աշխատանք առանց լրացուցիչ ֆինանսավորման:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---