ԵԱՀԿ ԽՎ-ն Ադրբեջանի մեջլիսի ընտրություններին դիտորդներ չի ուղարկի` ԺՀՄԻԳ-ի օրինակին հետևելով

ԵԱՀԿ ԽՎ-ն Ադրբեջանի մեջլիսի ընտրություններին դիտորդներ չի ուղարկի` ԺՀՄԻԳ-ի օրինակին հետևելով

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ խորհրդարանական վեղաժողովը դիտորդներ չի ուղարկելու նոյեմբերի 1-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այս որոշումն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Իլկա Կաներվան, հայտնում է վեղաժողովի պաշտոնական կայքը:

Կաներվան նման որոշում է կայացրել, քանի որ Ադրբեջանի իշխանությունների կողմից սահմանված սահմանափակումների պատճառով ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) ընտրություններին նույնպես դիտորդներ չի ուղարկում:

«Ադրբեջանի կառավարությունը սահմանափակումներ է մտցրել մեր ԵԱՀԿ ավանդական գործընկերոջ՝ ԺՀՄԻԳ-ի աշխատանքներում: Որպես արդյունք՝ ԺՀՄԻԳ-ը ստիպված է եղել չեղարկել դիտորդական այցելությունն Ադրբեջան: Ես կարծում եմ՝ ճիշտ կլինի, եթե այս պայմաններում մենք նույնպես չմասնակցենք Ադրբեջանի ընտրություններին», - ասել է նա:

Որոշումը սեպտեմբերի 23-ին հաստատել է ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Սպենսեր Օլիվերը:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տնօրեն Մայքլ Լինքը սեպտեմբերի 12-ին հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից դիտորդների թվի սահմանափակումների պատճառով ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ստիպված է հրաժարվել նոյեմբերի 1-ին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկելուց:

Ավելի վաղ՝ Եվրախորհրդարանը սեպտեմբերի 10-ի նիստում Ադրբեջանում լրագրողների ու ակտիվիստների հիմնարար ազատությունների ու իրավունքների խախտումները դատապարտող բանաձև է ընդունել: Բանաձևի տեքստում հիշատակվում է մարդու իրավունքների աղետալի վիճակն Ադրբեջանում, նշվում է քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ գործադրվող ճնշումների մասին։

Եվրախորհրդարանի փաստաթուղթը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին կատարել Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի առաջ ստանձնած պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում, կատարել այդ կազմակերպությունների խորհուրդները՝ իրավիճակի բարելավման համար, ավելի ժողովրդավար նախընտրական միջավայր ստեղծել։

Սեպտեմբերի 15 –ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարել է, որ երկիրը կասեցնում է Եվրամիության հետ միջխորհրդարանական գործակցությունը՝ Ադրբեջանում մարդու իրավունքների մասին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևից հետո: «Եվրանեսթն» արդեն վերածվել է ամորֆ մի ուժի, ինչի պատճառով էլ Ադրբեջանի խորհրդարանը բնականաբար դադարեցնում է գործակցությունն այդ կառույցի հետ։ Դա Ադրբեջանի խորհրդարանի իրավունքն է: Դուք, հավանաբար, գիտեք, որ Ադրբեջանի խորհրդարանի և Եվրախորհրդարանի միջև գործակցությունն ևս կասեցվել է»,- հայտարարել է Ալիևը՝ նշելով, որ Բաքուն ադեկվատ պատասխան է տվել Ադրբեջանի դեմ ձեռնարկվող քայլերին:

Բազմաթիվ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար:

Կարդացեք նաև՝Freedom House. Դիտորդների առջև դրված պայմաններն ադրբեջանցիների ձայները գողանալու վտանգի մասին են վկայում

Զաքարյան. «Եվրանեսթ»-ից դուրս գալու որոշումը Բաքվի հերթական շանտաժն է

Politico. Բաքվի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառել

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---