25 սեպտեմբերի 2015 - 15:02 AMT
Ադրբեջանի կողմից սպանված խաղաղ բնակիչների խնդրով ՄԻՊ-ը դիմել է միջազգային կառույցներին

Ադրբեջանի կողմից սպանված և վիրավորված խաղաղ բնակիչների խնդրով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է մի քանի տասնյակ միջազգային կառույցների: Այդ մասին ասվում է ՄԻՊ Facebook-յան էջում.

«Սեպտեմբերի 24-ին Ադրբեջանը կոպտորեն խախտել է Քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որն առաջին հերթին արգելում է բոլոր տեսակի ոտնձգությունները ռազմական գործողություններին չմասնակցող խաղաղ բնակչության կյանքի և առողջության նկատմամբ: Բացի այդ, ժնևի կոնվենցիաների 1-ին Լրացուցիչ արձանագրությամբ արգելվում են ցանկացած հարձակումները քաղաքացիական անձանցով բնակեցված բնակավայրերի վրա, անթույլատրելի են հարձակումները քաղաքացիական բնակչության գոյատևման համար անհրաժեշտ պարենի պաշարների, պարեն արտադրող գյուղատնտեսական շրջանների վրա:

Մինչդեռ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակելի տների ու ցանքատարածությունների վրա: Տավուշի մարզի Բերդավան գյուղում երկու կին զոհվել են հենց իրենց տներում: Նույն շրջանի մեկ այլ գյուղում հակառակորդի գնդակից տարեց կինը սպանվել է բերք հավաքելուց, իսկ երկու խաղաղ բնակիչ ծանր վիրավորվել են:

Խաղաղ բնակիչների սպանությանը միջազգային հանրության անհամարժեք արձագանքի պայմաններում ինքնապաշտպանական հակահարվածը կդառնա միակ լուծումը: Սա մեզ համար անթույլատրելի ու անցանկալի է, քանի որ մարդու կյանքը թե´ Հայատանում և թե´ այլուր մեզ համար բարձրագույն արժեք է: Որպեսզի կանխվեն նոր զոհերը, միջազգային համայնքը պետք է դադարեցնի մարդասպան պետությանը և գնդակծվող խաղաղ բնակչությանը հավասարեցնելու դիվանագիտական զգուշավոր գործելաոճը և նեցուկ լինի խաղաղ բնակչությանը, մարդու իրավունքների իրական պաշտպանությանն ու ժնևյան կոնվենցիաների տարրական պահպանմանը»,-ասվում է գրության մեջ:

Գրությունն ուղարկվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին, ԵԱՀԿ գործող նախագահին, Միջազգային օմբուդսմենների ինստիտուտին, Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Human Rights Watch-ին և օտարերկրյա մի շարք այլ գործընկերի:

Սեպտեմբերի 24-ի երեկոյան Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով զոհվել է երեք կին, ևս երկու գյուղացի վիրավորվել: Զոհվածներն են 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, 94-ամյա Շուշան Ասատրյանը, 41-ամյա Սոնա Ռևազյանը:

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածվեց, որտեղ ասվում է, որ սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և ադրբեջանական զինված ուժերին զսպելու նպատակով ՀՀ ԶՈւ-ն դիմելու է համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»

Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը գնդակոծել էր Տավուշի մարզի Դովեղ և Բարեկամավան գյուղերը: Զոհեր և վիրավորներ չկային, սակայն գյուղերը կրել են նյութական վնաս: Սեպտեմբերի 1-ին գնդակոծության էին ենթարկվել Տավուշի մարզի Ոսկեվան և Բաղանիս գյուղերը, ինչպես նաև, Ոսկեվանի դպրոցի հարևանությամբ անցնող միջպետական ճանապարհի հատվածը: Դրանից հետո Ադրբեջանը մի քանի օր ինտենսիվ գնդակոծության է ենթարկել հայկական գյուղերը՝ կիրառելով խոշոր տրամաչափի գնդացիրներ, զենիթային թնդանոթներ, նռնականետներ, ականանետներ, 107-մմ ռեակտիվ հրետանային կայանքներ: Բացի զինծառայողներից, գնդակոծությունների ընթացքում վիրավորվել է նաև հինգ խաղաղ բնակիչ: Բացի այդ, զգալի վնաս է հասցվել բազմաթիվ բնակելի տներին ու համայնքային նշանակության շինություններին: