Հարուցվել են քրգործեր՝ ադրբեջանական մարտական դիրքերից ՀՀ 3 բնակչի սպանության, 4-ի սպանության փորձի առթիվ

Հարուցվել են քրգործեր՝ ադրբեջանական մարտական դիրքերից ՀՀ 3 բնակչի սպանության, 4-ի սպանության փորձի առթիվ

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ ադրբեջանական մարտական դիրքերից 2015-ի սեպտեմբերի 24-ին Հայաստանի սահմանամերձ գյուղերի 3 բնակչի սպանության, 4-ի նկատմամբ սպանության փորձ կատարելու, գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքերի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

7 տուժածից 5-ը կանայք են, որոնցից 3-ն սպանվել են։

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 16-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանագծի ադրբեջանական մարտական դիրքերից ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի Պառավաքար գյուղի բնակչուհի, 1932-ի ծնված Պայծառ Վանեսի Աղաջանյանի առանձնատան ուղղությամբ, որի հետևանքով վերջինս տան բակում ստացել է հրազենային մարմնական վնասվածք և մահացել:

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 17:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային ատելության շարժառիթով, Ադրբեջանի մարտական հենակետերից, տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի Բերդավան գյուղի ուղղությամբ, որի հետևանքով արկի բեկորներից մահացու վնասվածքներ են ստացել և սպանվել Բերդավան գյուղի բնակիչ, 2 երեխաների մայր, 41-ամյա Սոնյա Վարդանի Ռևազյանը՝ իրենց անասնագոմի մոտ, և 1921-ի ծնված Շուշան Սերգոյի Ասատրյանը՝ իր վագոն տնակում։ Արկի բեկորներից վնասվածքներ են ստացել նաև վերջինիս աղջիկը՝ 1953-ի ծնված Արփիկ Արտաշի Մարալչյանը, ով գտնվել է տնակի մոտ, նույն գյուղի բնակիչ, 1971-ի ծնված Արմեն Հայկազի Հախվերդյանը՝ գյուղի ավտոկանգառի մոտ։

Ժամը 17։30-ի սահմանում ադրբեջանական մարտական դիրքերից տարբեր տրամաչափի զենքերից կրակ է արձակվել նաև Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի ուղղությամբ, որի հետևանքով բեկորային վնասվածքներ են ստացել իրենց տան բակում գտնվող երկու բնակիչ՝ 1931-ի ծնված Գուրգեն Իվանի Սիմոնյանը և 1970-ի ծնված Նունե Ռաֆիկի Շահնազարյանը։

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ կետերի, 185-րդ հոդվածի հատկանիշներով։

Կատարվում է քննություն, նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքերի վայրերում նույն օրն անհապաղ զննություն իրականացնել հնարավոր չի եղել, քանի որ հակառակորդը շարունակել է կրակել տարբեր տրամաչափի զենքերից։

Սեպտեմբերի 24-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածվեց, որտեղ ասվում է, որ սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և ադրբեջանական զինված ուժերին զսպելու նպատակով ՀՀ ԶՈւ-ն դիմելու է համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը գնդակոծել էր Տավուշի մարզի Դովեղ և Բարեկամավան գյուղերը: Զոհեր և վիրավորներ չկային, սակայն գյուղերը կրել են նյութական վնաս: Սեպտեմբերի 1-ին գնդակոծության էին ենթարկվել Տավուշի մարզի Ոսկեվան և Բաղանիս գյուղերը, ինչպես նաև, Ոսկեվանի դպրոցի հարևանությամբ անցնող միջպետական ճանապարհի հատվածը: Դրանից հետո Ադրբեջանը մի քանի օր ինտենսիվ գնդակոծության է ենթարկել հայկական գյուղերը՝ կիրառելով խոշոր տրամաչափի գնդացիրներ, զենիթային թնդանոթներ, նռնականետներ, ականանետներ, 107-մմ ռեակտիվ հրետանային կայանքներ: Բացի զինծառայողներից, գնդակոծությունների ընթացքում վիրավորվել է նաև հինգ խաղաղ բնակիչ: Բացի այդ, զգալի վնաս է հասցվել բազմաթիվ բնակելի տներին ու համայնքային նշանակության շինություններին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---