76 մլն դրամ՝ Տավուշի սահմանամերձ գյուղերին

76 մլն դրամ՝ Տավուշի սահմանամերձ գյուղերին

PanARMENIAN.Net - «Գրանդ Հոլդինգ» ընկերությունը 76 մլն դրամի օգնություն է տրամադրել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերին: Այս մասին տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Գրանդ Հոլդինգ»-ի սեփականատեր Միքայել Վարդանյանը հանդիպել է սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ: Վերջիններս ներկայացրել են գյուղերում տիրող իրավիճակը՝ ջրի խնդրից, մինչև նախակրթարանի ջեռուցում: Հանդիպումից հետո ընկերությունը օգնություն է տրամադրել:

Մասնավորապես, սահմանամերձ 9 համայնքում՝ Բաղանիսում, Ակնաղբյուրում, Պտղավանում, Հաղթանակում, Ծաղկավանում, Պառավաքարում, Նոյեմբերյանում, Այգեհովիտում և Մովսեսում իրականցված ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմել է 76 միլիոն դրամ:

Սեպտեմբերի 24-ի երեկոյան Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով զոհվել է երեք կին, ևս երկու գյուղացի վիրավորվել: Զոհվածներն են 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, 94-ամյա Շուշան Ասատրյանը, 41-ամյա Սոնա Ռևազյանը: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ ադրբեջանական մարտական դիրքերից 2015-ի սեպտեմբերի 24-ին Հայաստանի սահմանամերձ գյուղերի 3 բնակչի սպանության, 4-ի նկատմամբ սպանության փորձ կատարելու, գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքերի առթիվ։

Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը գնդակոծել էր Տավուշի մարզի Դովեղ և Բարեկամավան գյուղերը: Զոհեր և վիրավորներ չկային, սակայն գյուղերը կրել են նյութական վնաս: Սեպտեմբերի 1-ին գնդակոծության էին ենթարկվել Տավուշի մարզի Ոսկեվան և Բաղանիս գյուղերը, ինչպես նաև, Ոսկեվանի դպրոցի հարևանությամբ անցնող միջպետական ճանապարհի հատվածը: Դրանից հետո Ադրբեջանը մի քանի օր ինտենսիվ գնդակոծության է ենթարկել հայկական գյուղերը՝ կիրառելով խոշոր տրամաչափի գնդացիրներ, զենիթային թնդանոթներ, նռնականետներ, ականանետներ, 107-մմ ռեակտիվ հրետանային կայանքներ: Բացի զինծառայողներից, գնդակոծությունների ընթացքում վիրավորվել է նաև հինգ խաղաղ բնակիչ: Բացի այդ, զգալի վնաս է հասցվել բազմաթիվ բնակելի տներին ու համայնքային նշանակության շինություններին:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---