26 սեպտեմբերի 2015 - 11:02 AMT
Ամերիկահայերը շնորհակալություն են հայտնել Հռոմի պապին՝ Ցեղասպանությունը ճանաչելու համար

Ֆիլադելֆիայի հայ համայնքը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներ այցելած Հռոմի պապին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարության համար։

«Շնորհակալ ենք, Հռոմի պապ, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, երբեք չենք մոռանա 2015-ը», - գրված է եղել ամերիկահայերի շնորհակալական պաստառների վրա, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Սեպտեմբերի 23-ին Հռոմի պապը առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Միացյալ Նահանգներ։ Սեպտեմբերի 25-ին նրան ընդունել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագի ժամանակՀռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Նա հայտարարել է, որ XX դարում մարդկությունը վերապրել է երեք «մեծ չլսված ողբերգություն»` Հայոց ցեղասպանությունը, նացիզմն ու ստալինիզմը։

Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել էր հենց Հռոմի պապը: Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Իսկ պատարագից հետո թուրքական հիստերիան նախագահի, վարչապետի, արտգործնախարարի, այլ նախարարների մակարդակով էր կոպիտ քննադատություններից մինչև վիրավորանքներ Հռոմի պապի և արգենտինացիների հասցեին:

Հռոմի պապը Վատիկանում` Արևելյան եկեղեցիների օգնության միավորման ընդլայնված նիստի մասնակիցների ընդունելության ժամանակ հորդորել է բարեգործներին քրիստոնյաներին օգնելիս չմոռանալ նաև Հայաստանի մասին:

Սեպտեմբերի 7-ին Կիլիկիայի նորընտիր պատրիարք Գրիգոր Պիեռ Գաբրոյանի հետ մատուցած պատարագի ժամանակ Սանտա Մարթա բնակավայրում գտնվող մատուռում Հռոմի պապը հայտարարել է, որ հայ ժողովրդի նկատմամբ տեղի է ունեցել ամենամեծ հալածանքներից մեկը, և հայերին հետապնդել են միայն քրիստոնյա լինելու համար։