ԱՄՀ նոր կանխատեսում. ՀՀ-ում 2015-ին կգրանցվի 2,5% տնտեսական աճ

ԱՄՀ նոր կանխատեսում. ՀՀ-ում 2015-ին կգրանցվի 2,5% տնտեսական աճ

PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) բարձրացրել է ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը. ըստ ԱՄՀ-ի գնահատականների՝ 2015-ին կգրանցի 2.5%, իսկ 2016-ին՝ 2.2% աճ։ Այս մասին սեպտեմբերի 25-ին հայտնել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ավելի վաղ ԱՄՀ-ն կանխատեսել էր, որ Հայաստանի տնտեսությունը 2015-ին կգրանցի շատ փոքր աճ, միգուցե ընդհանրապես աճ չի ունենա։

Սեպտեմբերի 25-ին ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին ընդունել են նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Սարգսյանը հույս է հայտնել, որ Հորթոնի հերթական առաքելությունն արդյունավետ կլինի, մասնավորապես, Հայաստանի տնտեսության վրա արտաքին հատվածից շարունակվող բացասական հետևանքների գնահատման և դրանց հաղթահարման, տնտեսական աճի խթանման ուղղությամբ լուծումներ գտնելու առումով: Նախագահը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ իրականացվող ծրագրերն ու գործակցությունը և շնորհակալություն հայտնել հիմնադրամի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար:

Սարգսյանը կարևորել է ԱՄՀ-ի կողմից «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» հերթական վերանայման ամփոփումը և ԱՄՀ-ի գործադիր խորհրդի կողմից արդյունքների հաստատումը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը օգոստոսին վերահաստատել է իշխանությունների մտադրությունը՝ ապահովել 4.1% տնտեսական աճի ցուցանիշը: Ըստ Աբրահամյանի՝ ՀՀ-ն բոլոր ոլորտներում ունի աճ, միակ անկումը ապրանքաշրջանառության մեջ է, որը կապված է ՌԴ-ի տնտեսության անկման հետ:

Սակայն տնտեսական աճի հետ կապված կառավարությունում միակարծություն չկա. սեպտեմբերին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարել է, որ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում ծավալների անկում կա:

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը չի հավատում, որ տարին կփակվի 4.1% տնտեսական աճով, ինչպես ամրագրված է 2015-ի պետբյուջեում:

«Ես սպասում եմ ավելի ցածր աճ, բայց դա իմ անձնական սպասումներն են, պաշտոնական գնահատականներ հնարավոր կլինի տալ մի քիչ ավելի ուշ, երբ մանրամասն տվյալներ ունենանք», - սեպտեմբերի 22-ին ասել է Գաբրիելյանը:

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) սեպտեմբերի 22-ին հրապարակած իր «Ասիայի զարգացման 2015-ի թարմացված տեսությունում» ՀՀ-ի 2015-ի արդյունքներով 1.6% տնտեսական աճի իր նախկին կանխատեսումը վատացրել է մինչև 1.2%՝ Հայաստանի գործընկեր երկրներում շարունակվող տնտեսական խնդիրների պատճառով:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակված կանխատեսումների համաձայն՝ Հայաստանը 2015-ը կփակի ընդամենը 0.9% տնտեսական աճով, իսկ ԵՏՄ-ն՝ 2.4% անկումով:

2015-ի հունվարի հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը 4.2%-ով գերազանցել է 2014-ի ցուցանիշը նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ ցուցանիշը օգոստոսի 20-ին հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:

2015-ի հուլիսին հունիսի համեմատ նույն ցուցանիշը աճել է 9.2%-ով, իսկ 2014-ի նույն ամսվա՝ հուլիսի համեմատ՝4%-ով:

2014-ին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 3.9%:

Ըստ պետբյուջեի` Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2015-ին նախատեսված է 4,1 տոկոսի չափով։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---