Նալբանդյանը ՀԱՊԿ ԱԳ նախարարներին տեղեկացրել է Ադրբեջանի սադրանքների մասին

Նալբանդյանը ՀԱՊԿ ԱԳ նախարարներին տեղեկացրել է Ադրբեջանի սադրանքների մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար, ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում մասնակցել է Հավաքական անվտանգության անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը։

Նախարարները քննարկել են Հավաքական անվտանգության խորհրդի 2015-ի սեպտեմբերին կայացած նստաշրջանի որոշումների կատարման ընթացքն ու ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման հարցեր, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի անդամներն անդրադարձել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 70-րդ նստաշրջանի օրակարգային հարցերին։

ՀՀ-ն վերջերս էր Տաջիկստանից ստացել ՀԱՊԿ-ում նախագահության հերթափոխը:

Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերներին տեղեկացրել է վերջին օրերին Ադրբեջանի սադրանքների, հրադադարի կոպիտ խախտումների հետևանքով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի և այդ կապակցությամբ ձեռնարկված քայլերի մասին:

Վերջին շրջանում իրավիճակը ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված է: Սեպտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 1000 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120մմ ականանետերից ու ՌՊԳ-7, ՍՊԳ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 15.000 կրակոց: Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով զոհվել են չորս զինծառայող, վիրավորվել 16-ը:

Սեպտեմբերի 24-ի երեկոյան Ադրբեջանի կողմից Տավուշի սահմանամերձ գյուղերի գնդակոծման հետևանքով զոհվել էր 3 կին, ևս 4 գյուղացի վիրավորվել էին: Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը գնդակոծել էր Տավուշի Դովեղ և Բարեկամավան գյուղերը: Զոհեր և վիրավորներ չկային, սակայն գյուղերը կրել էին նյութական վնաս: Սեպտեմբերի սկզբին ևս Ադրբեջանը մի քանի օր ինտենսիվ գնդակոծության էր ենթարկել հայկական գյուղերը՝ կիրառելով խոշոր տրամաչափի գնդացիրներ, զենիթային թնդանոթներ, նռնականետներ, ականանետներ, 107-մմ ռեակտիվ հրետանային կայանքներ: Բացի զինծառայողներից, վիրավորվել էր 5 խաղաղ բնակիչ:

Հանդիպման մասնակիցները նաև մտքեր են փոխանակել գլոբալ և տարածաշրջանային անվտանգության վրա ազդեցություն ունեցող խնդիրների, ահաբեկչության դեմ պայքարի, Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ, անդրադարձել Սիրիայում և Իրաքում գործընթացներին։

Հանդիպման ավարտին նախարար Նալբանդյանը Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի անունից ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին է հանձնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատվոգիրը՝ ՀԱՊԿ շրջանակում գործակցության ամրապնդման գործում ակտիվ դերակատարության համար։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---