17  27.09.15 - Ադրբեջանցիների կողմից գնդակոծված Տավուշի մարզի Բերդավան գյուղը

Տավուշի Բերդավանում հակառակորդն անկանոն կրակում է խաղողի այգիների ուղղությամբ. Դպրոցում դասերը վերսկսել են

Տավուշի Բերդավանում հակառակորդն անկանոն կրակում է խաղողի այգիների ուղղությամբ. Դպրոցում դասերը վերսկսել են

PanARMENIAN.Net - Տավուշի Բերդավան գյուղում, որտեղ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, հակառակորդի գնդակոծության հետևանքով զոհվել էին խաղաղ բնակիչներ՝ 94-ամյա Շուշան Ասատրյանը և 41-ամյա Սոնյա Ռևազյանը, սեպտեմբերի 27-ի առավոտյան կրակոցներ չեն հնչել, չնայած նախորդ երեկո ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարը, բայց ոչ գյուղի ուղղությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ին ասաց Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը՝ նշելով, որ նույն օրվա երեկոյան նորից որոշ ժամանակ ոչ գյուղի ուղղությամբ կրակոցներ են հնչել: Կիրակի օրը գյուղում հուղարկավորում էին խաղաղ բնակիչ Սոնյա Ռևազյանին, որը մահացու վիրավորում էր ստացել իր իսկ բակում՝ արկը դիպել էր տան պատին ու, պայթելով, երկաթե կտորներով մահացու վիրավորել կնոջը:

Եվս մեկ զոհված խաղաղ բնակչի՝ 94-ամյա Շուշան Ասատրյանին հուղարկավորել էին սեպտեմբերի 26-ին: Արկը նրա վագոն-տնակ էր մտել, որտեղ, պայթելով, գլխի հատվածում մահացու վիրավորել կնոջը. պայթյունի արդյունքում վիրավորվել էր նաև Շուշան Ասատրյանի դուստրը՝ Արփիկ Մարալչյանը, ում վիճակը, ըստ գյուղապետի, կայուն է, ու մոտ օրերս նա դուրս կգրվի հիվանդանոցից: Հակառակորդի գնդակոծության արդյունքում վիրավորված գյուղի ևս մեկ բնակիչ՝ Արմեն Հախվերդյանը, արդեն դուրս է գրվել հիվանդանոցից ու այն պահին, երբ զրուցում էինք գյուղապետի հետ, համագյուղացիների հետ նրա տանն էր:

Զոհված Շուշան Ասատրյանի տնակը

Արարատ Գաբրիելյանի խոսքով, գյուղացիների շրջանում խուճապ չկա, նրանք սովոր են պարբերաբար կրակոցներին: Ասում է՝ շատերն են պատրաստ ցանկացած պահի միանալ հայկական բանակին. վերջին օրերին էլ գալիս, հարցնում են իրեն՝ ինչ է պետք անել, ինչ քայլեր ձեռնարկել:

«Փառք աստծո՝ մեր բանակն իր առաքելությունը կատարում է, շատ լավ է կատարում, ուղղակի ցավալի է, որ կյանքն այպես է դասավորվել, որ մեր հարևաններն իրենք են, բայց ինչպես ասումն են՝ հարևաններին չեն ընտրում»,- նշեց նա:

Գնդակոծության հաջորդ՝ սեպտեմբերի 25-ի առավոտյան դպրոցի 375 աշակերտը դասի չէին եկել, մանկապարտեզի երեխաները՝ նույնպես: Գաբրիելյանն ասաց, որ իր որոշմամբ մանկապարտեզը ևս 2-3 օր չի գործի: Արդեն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, դպրոցի աշխատակազմը եկել էր, երեխաների մի մասը՝ նույնպես, այնպես որ դասերը կայացել են:

Բերդավանի գնդակոծված տներից մեկի դարպասը

Գյուղապետի խոսքով, այսօր համեմատաբար հանգիստ է: Հակառակորդի կրակոցները քչացել են ու անկանոն են: Բնակավայրերի ուղղությամբ սեպտեմբերի 28-ին չեն կրակել, բայց մի քանի կրակոց է հնչել խաղողի այգիների ուղղությամբ, ինչը խանգարել է բերքահավաքին, չնայած հուսով են՝ դեռ կհաջողվի հավաքել բերքը:

Սեպտեմբերի սկզբին Ադրբեջանը մի քանի օր ինտենսիվ գնդակոծության էր ենթարկել հայկական գյուղերը՝ կիրառելով խոշոր տրամաչափի գնդացիրներ, զենիթային թնդանոթներ, նռնականետներ, ականանետներ, 107-մմ ռեակտիվ հրետանային կայանքներ: Սեպտեմբերի 24-ի երեկոյան Տավուշի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով Բերդավանի խաղաղ բնակիչներից բացի զոհվել էր նաև Պառավաքարի բնակիչ, 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, ևս երկուսը վիրավորվել: Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը գնդակոծել էր Տավուշի մարզի Դովեղ և Բարեկամավան գյուղերը: Զոհեր և վիրավորներ չկային, սակայն գյուղերը կրել են նյութական վնաս:

Կարդացեք նաև՝ ՀՀ ՔԿ. Տավուշի գնդակոծության հետևանքով պատճառվել են խոշոր նյութական վնասներ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---