Սարգսյանը՝ ՄԱԿ-ում․ Ընտրություն չկա, իրավական և ռազմաքաղաքական քայլերի կդիմենք՝ ապահովելու ՀՀ և ԼՂՀ անվտանգությունը

Սարգսյանը՝ ՄԱԿ-ում․ Ընտրություն չկա, իրավական և ռազմաքաղաքական քայլերի կդիմենք՝ ապահովելու ՀՀ և ԼՂՀ անվտանգությունը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին, որտեղ ելույթ է ունեցել։ Շնորհավորելով ներկաներին Միավորված ազգերի կազմակերպության 70-րդ տարեդարձի կապակցությամբ, նախագահը նշել է, որ դրա ստեղծումը մարդկության մեծագույն նվաճումներից է, որը ժողովուրդներին համախմբել է` միավորելով ընդհանուր սկզբունքների շուրջ:

«Անցած 70 տարիները բնորոշվեցին կարևորագույն դրական զարգացումներով` վերջ դրվեց գաղութատիրությանը, ռասայական խտրականությանն ու ապարտեիդին: Աշխարհի ժողովուրդներին հնարավորություն տրվեց ինքնորոշվելու, պետականություն կերտելու և իրենց ճակատագիրը տնօրինելու իրենց իսկ ստեղծած պետությունում՝ ՄԱԿ-ի անդամների թիվը 51-ից հասցնելով 193-ի:

Այս բոլոր նվաճումներով հանդերձ՝ պետք է խոստովանենք, որ ներկայում աշխարհը կանգնած է նոր մարտահրավերների առջև` ահաբեկչություն, ծայրահեղականություն, անհանդուրժողականություն, տնտեսական ճգնաժամեր, կլիմայի փոփոխություն, թմրամիջոցների, զենքի և մարդկանց ու մարդկային օրգանների թրաֆիքինգ, միգրացիոն ճգնաժամ և այլն: Այս մարտահրավերների շարքը երկար է: Եվ հենց դրանց դեմ պայքարելու անհրաժեշտությունն է, որ մեզ պարտավորեցնում է վճռականորեն վերահաստատել մեր համատեղ հանձնառությունն այս կազմակերպության առաքելությանն ու նրա Կանոնադրությանը»,- ասել է նախագահը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ 2014-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, նույն ամբիոնից անուն առ անուն շնորհակալություն հայտնեց Ցեղասպանությունը ճանաչած երկրներին՝ կոչ անելով ամբողջ միջազգային հանրությանը ճանաչման ու դատապարտման միջոցով ցեղասպանությունների կրկնության դեմ պայքարին նոր թափ հաղորդել:

«Այսօր նույն այս ամբիոնից շնորհակալություն եմ հայտնում Հռոմի պապ Ֆրանցիսկոսին և հիշատակում նրա կողմից մատուցված պատմական պատարագը, Եվրոպայի խորհրդարանին և մատնանշում նրա ընդունած բանաձևը, Գերմանիայի Նախագահին և վստահեցնում, որ նրա հայտնի ելույթն այսուհետ լինելու է մեր ժողովրդի պատմության էջերում, Ավստրիայի, Բոլիվիայի, Բրազիլիայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների, Չիլիի օրենսդիր մարմիններին, բազմաթիվ երկրների նահանգային և քաղաքային խորհուրդներին, ինչպես նաև տասնյակ ու հարյուրավոր հասարակական-քաղաքական կառույցներին»,- նշել է նախագահը՝ շնորհակալություն հայտնելով նաև Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի, Սերբիայի նախագահներին, ինչպես նաև բազմաթիվ երկրների պատվիրակություններին ապրիլի 24-ին Երևանում Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը մասնակցելու համար:

Ըստ Հայաստանի ղեկավարի, ցեղասպանությունների կանխարգելումը միջազգային օրակարգում պահելու ՀՀ հաստատակամության մասին են վկայում Մարդու իրավունքների խորհրդում պարբերաբար առաջադրվող բանաձևերը, որոնցից վերջինն ընդունվել է այս տարի: Դրա հիման վրա էլ օրեր առաջ այս վեհաժողովը դեկտեմբերի 9-ը հռչակեց «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, Սերժ Սարգսյանը նշել է, որ այն շարունակում է մնալ կարևորագույն խնդիրներից մեկը մեր տարածաշրջանում:

«Պետք է նշեմ, որ Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականության արդյունքում այսօր ոչ միայն էական առաջընթաց չկա խնդրի կարգավորման բանակցային գործընթացում, այլև արձանագրվել է լարվածության աճի միտում: Նավթի վրա կառուցված տնտեսության սասանման պայմաններում հասունացող ժողովրդական ցասումը խեղդելու համար այդ երկրի բռնակալ ռեժիմը խայտառակ ճնշումները գործիք է դարձրել, ինչը, սակայն, այլևս անբավարար է համարում:

Հիմա նրան սեփական հասարակության ուշադրությունը շեղող պատկերներ են պետք շփման գծից: Ցանկանում եմ վեհաժողովի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը, ի լրումն տարատեսակ սադրիչ գործողությունների, արդեն սկսել է կիրառել խոշոր տրամաչափի հրետանի՝ կրակի տակ պահելով ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանամերձ շրջանների խաղաղ բնակավայրերը:

Ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանի սահմանամերձ գոտում ադրբեջանական ռմբահարման զոհ դարձան երեք կին՝ իրենց տանը, իրենց այգում խաղաղ աշխատող հայ կանայք: Հարց՝ կա՞ որևէ բանական արարած, ով կարող է որևէ չխեղված տրամաբանություն ցույց տալ նման վայրագության մեջ: Մեզ համար արդեն ակնհայտ է՝ Ադրբեջանի ղեկավարությունն անդառնալիորեն կորցրել է ոչ միայն իրականության զգացողությունը, այլև մարդկային բոլոր նորմերը»,- ասել է նախագահը:

Սեպտեմբերի 24-ի երեկոյան Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով զոհվել էր երեք կին, ևս չորս գյուղացի վիրավորվել էին: Զոհվածներն են 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, 94-ամյա Շուշան Ասատրյանը, 41-ամյա Սոնա Ռևազյանը: Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը գնդակոծել էր Տավուշի մարզի Դովեղ և Բարեկամավան գյուղերը: Զոհեր և վիրավորներ չկային, սակայն գյուղերը կրել են նյութական վնաս:

Սերժ Սարգսյանի խոսքով, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների համատեղ 5 հայտարարությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը լիովին արհամարող Ադրբեջանի՝ նման ագրեսիվ քաղաքականության շարունակվելու դեպքում Հայաստանին այլ ընտրություն չի մնում. «մենք կիրականացնեք անհրաժեշտ իրավական և ռազմաքաղաքական քայլերը՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն ու խաղաղ զարգացումը»:

ՀՀ նախագահը նշել է՝ թեև բոլորի համար էլ վաղուց ակնհայտ է, թե որ կողմն է հրահրում հրադադարի խախտումները, մի քանի փաստ կա․

«Տարօրինակ չէ՞ արդյոք, որ Ադրբեջանը տարիներ շարունակ համառորեն հրաժարվում է դիպուկահարներին հետ քաշելու և հրադադարի խախտումների մեխանիզմ ստեղծելու՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկից: Հարց է առաջանում՝ ինչի՞ց է վախենում Ադրբեջանը:

Տարօրինակ չէ՞, որ Ադրբեջանում հյուրընկալված Եվրոպական խաղերի ընթացքում, երբ նրանց անհրաժեշտ էր կայունության պատկեր, գրեթե ոչ մի կրակոց չի հնչել սահմանին, մինչդեռ խաղերից անմիջապես հետո, դրանք լայնորեն վերսկսվեցին: Չեմ ակնկալում, որ հավատաք որևէ կողմի պնդումներին, ընդամենն ակնկալում եմ, որ ապավինեք տրամաբանությանը:

Տարօրինակ չէ՞, որ 21-րդ դարում մեր հարևանն ամեն օր, առանց հոգնելու, հպարտանում է սպառազինությունների գերկուտակմամբ և ռազմական բյուջեի բազմապատկմամբ, որ համառորեն շարունակում է հանդես գալ պատերազմը վերսկսելու սպառնալիքով, ընդ որում դա անում է պետության ղեկավարի մակարդակով»:

Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Խաչատրյանը, Ռոբերտ Մկրտչյանը, Հարութ Հակոբյանը և Կարեն Շահինյանը:

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ այժմ բոլորի համար է ակնհայտ, թե ինչու էր Հայաստանը տարիներ շարունակ հետևողականորեն հորդորում միջազգային հանրությանը ոչ թե ընդհանրական, այլ հասցեական հայտարարություններ անել հրադադարի խախտումների վերաբերյալ․ «Մենք պետք է հասկանանք, որ խաղաղությանը և անվտանգությանը սպառնացող նախանշանները քողարկելու փորձերը կարող են աղետալի հետևանքներ ունենալ»:

Անդրադառնալով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող դաժանություններին, նախագահը նշել է, որ կրոնական անհանդուրժողականությունը հանգեցրել է անդառնալի հետևանքների: Հայաստանն ամենաուղղակի կերպով է զգում տեղի ունեցող վայրագությունները, քանի որ դրանց հետևանքով ոչ միայն ոչնչացվում են հայկական հոգևոր և մշակութային ժառանգության նմուշները, այլև սպանվում և փախստական են դառնում Իրաքում և Սիրիայում բնակվող բազմաթիվ հայեր:

«Սիրիացի ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում դժվարությունները կիսում է նաև դարերով այդ տարածքներում ապրող հայությունը: Մենք մեր ուժերի ներածին չափով փորձում ենք օժանդակել փախստականներին. մինչ օրս Հայաստանն ընդունել է ավելի քան 16 հազար փախստական Սիրիայից: Նրանց ընդունման թվով Հայաստանն առաջիններից մեկն է Եվրոպայում:

Հայերը լավ գիտեն փախստականի տարագիր ճակատագիրը: Հայոց ցեղասպանության զոհերի թիվն անհամեմատ մեծ կլիներ, իսկ վերապրածների ճակատագիրը` շատ ավելի դաժան, եթե այդ ծանր շրջանում մեր ժողովրդի կողքին չկանգնեին մեր բարեկամ երկրները: Այսօր հարկ է արժանին մատուցել Գերմանիային, Շվեդիային և մյուս երկրներին՝ ցուցաբերվող մարդասիրության համար: Ապաստան տալով հարյուր հազարավոր փախստականների՝ նրանք վերահաստատեցին, որ օգնությունը պարտադիր է թե՛ իրավական, թե՛ մարդասիրական տեսանկյունից»,- ասել է նա:

Անդրադառնալով միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը, նախագահը նշել է, որ միասնական գործողությունների արդյունքում հնարավոր դարձավ հարթել «միջազգային նշանակության կնճռոտ խնդիրներից մեկը»:

«Շրջադարձային այդ պայմանավորվածությունն անխոս նպաստելու է համաշխարհային մակարդակով ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծմանն ու փոխադարձ վստահության ամրապնդմանը, ինչը հնարավոր եղավ երկարատև ու հետևողական քաղաքական և դիվանագիտական ջանքերի շնորհիվ։

Այս ամենը վկայում է, որ համապատասխան կամքի առկայության, հակասությունների հարթեցման և համագործակցային ոգու շեշտադրման պարագայում իսկապես կարելի է բարդագույն խնդիրների համար լուծումներ գտնել: Այս ամբիոնից ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել դիվանագիտական ջանքերի կիրառման կարևորությունը՝ հատկապես փակ սահմանների բացառման նպատակով»,- ընդգծել է նախագահը:

Նրա խոսքով, Հայաստանը, որի հարևանները անօրինական շրջափակում են իրականացնում, անթույլատրելի է համարում 21-րդ դարում միջմշակութային, մարդկային շփումները խաթարող և առևտրային կապերի համար արհեստական խոչընդոտներ ստեղծող անհեռատես քաղաքականությունը:

«Այս համատեքստում կարևորում ենք դեպի ծով ելք չունեցող զարգացող երկների հարցերով ՄԱԿ-ի համաժողովների պարբերաբար անցկացումը: Մենք պատրաստակամ ենք ներդնելու մեր ջանքերը այս գործում, այդ թվում նաև թեմայի շուրջ միջանկյալ աշխատաժողովներ հյուրընկալելով մեր երկրում»:

Ավարտելով խոսքը՝ Սերժ Սարգսյանը միացել է բոլոր այն ելույթ ունեցողներին, ովքեր միահամուռ պայքարի կոչ են անում «ընդդեմ խավարի, վանդալիզմի և ատելության»: Ըստ նրա՝ այս պայքարում չկան մեծ և փոքր երկրներ, յուրաքանչյուրն ունի իր դերը, և Հայաստանը պատրաստ է իր մասնակցությունը բերել ընդհանուր պայքարին:

Կարդացեք նաև՝ ՀՀ նախագահը` Նյու-Յորքում. Կարևոր է Իտալիայի և Շվեդիայի հավասարակշիռ մոտեցումը ԼՂՀ կարգավորմանը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---