World Affairs. Ադրբեջանի հանդեպ փափուկ քաղաքականությունից տառապում են տեղի քաղբանտարկյալները

World Affairs. Ադրբեջանի հանդեպ փափուկ քաղաքականությունից տառապում են տեղի քաղբանտարկյալները

PanARMENIAN.Net - Միջազգային հարաբերություններին անդրադարձող World Affairs պարբերականում հրապարկվել է մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով վերլուծաբան Էլեն Բըրքի հոդվածը, որտեղ հեղինակը ներկայացնում է Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումը:

«2014-ին անդրադարձել եմ լրագրող Խադիջա Իսմայիլովային, ով ձերբակալվել էր նավթով հարուստ բռնատիրական Ադրբեջանում պաշտոնական կաշառակերության վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելու համար։ Բանտից Իսմայիլովան ամանորյա կենսուրախ բարեմաղթանքներ էր հղել իր ընկերներին այն ժամանակ, երբ կառավարությունը նրա դեմ գործ էր հարուցում «ինքնասպանության դրդման» տարօրինակ մեղադրանքի հիման վրա», - գրված է հոդվածում:

Հեղինակը մեջբերում է լրագրողի խոսքերը. «Այո, ամեն ինչ իր գինն ունի։ Սակայն արժեր վճարել այդ գինը»:

Ըստ Բըրքի՝ այժմ վարչակարգը ստիպում է Իսմայիլովային առավել բարձր գին վճարել։ Սեպտեմբերի 1-ին նա դատապարտվել է 7.5 տարվա ազատազրկման։

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը սեպտեմբերի 1-ին 7,5 տարվա ազատազրկման է դատապարտել «Ազատություն» ռադիոկայանի ադրեջանական ծառայության հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային: Իշխանությունները նրան մեղադրել են յուրացումների, հարկերից խուսափելու, պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ:

«Իսմայիլովան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նյարդայնացրել էր 2011-ին Radio Free Europe/ Radio Liberty-ում լույս տեսած իր հոդվածով, որում բացահայտել էր նախագահի դստրերի կապն առանց մրցույթային գործընթացի իր գործունեությունը սկսած հեռախոսակապի ընկերության շահառուների հետ։ Ալիևյան վարչակարգն արձագանքել է հետապնդմամբ և շանտաժով։ Եվ երբ այդ քայլերն որևէ արդյունքի չհանգեցրեցին, նրանք առաջ քաշեցին յուրացման և իշխանության չարաշահման մեղադրանքներ», - նշել է հոդվածագիրը, գրում է Panorama.am-ը:

Նա նկատել է, որ Իսմայիլովան ալիևյան վարչակազմի միակ թիրախը չէ։ Ադրբեջանում կան 100 քաղաքական բանտարկյալ:։ Եվ ամենազարմանալին այն է, որ Ադրբեջանը շարունակում է մնալ Եվրոպայի խորհրդի անդամ, իսկ մայիսից ի վեր նաև նախագահել այդ կազմակերպությունում, որն իրեն ներկայացնում է որպես «մայրցամաքի առաջատար իրավապաշտպան կազմակերպություն»։

Բըրքը հիշեցրել է, որ Journal of Democracy ամսագրի հուլիսյան համարում լույս տեսած իր ջախջախիչ հոդվածում Գերալդ Կլաուսն անդրադառնում է կաշառակերությանը, Խորհրդի՝ Ադրբեջանի առնչությամբ գործունեության բարոյական և ֆինանսական կողմին։ Վերջում նա եզրակացնում է, որ Ալիևի արտասովոր ազդեցությունը հիմնված է ոչ փողի, ոչ էլ լոբբիստական գործունեության, այլ «Եվրոպական ժողովրդավարների՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրենց իսկ կառույցների նկատմամբ ցուցաբերվող անտարբերության» վրա։

Հեղինակը եզրակացրել է, որ Ադրբեջանի՝ մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ փափուկ քաղաքականության հետևանքներից տառապում են ոչ թե եվրոպական պաշտոնյաները, այլ Իսմայիլովան ու նրա ձերբակալված գործընկերները։

«Կարծում եմ՝ ռեպրեսիվ մեքենան արդեն իսկ կործանման եզրին է գտնվում»,- ասել է Իսմայիլովան իրեն դատապարտած դատարանին, մեջբերում է հեղինակը:

Եվրախորհրդարանը սեպտեմբերի 10-ի նիստում Ադրբեջանում լրագրողների ու ակտիվիստների հիմնարար ազատությունների ու իրավունքների խախտումները դատապարտող բանաձև է ընդունել: Բանաձևի տեքստում հիշատակվում է մարդու իրավունքների աղետալի վիճակն Ադրբեջանում, նշվում է քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ գործադրվող ճնշումների մասին։ Եվրախորհրդարանի փաստաթուղթը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին կատարել Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի առաջ ստանձնած պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում, կատարել այդ կազմակերպությունների խորհուրդները՝ իրավիճակի բարելավման համար, ավելի ժողովրդավար նախընտրական միջավայր ստեղծել։

Սեպտեմբերի 15 –ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարել է, որ երկիրը կասեցնում է Եվրամիության հետ միջխորհրդարանական գործակցությունը՝ Ադրբեջանում մարդու իրավունքների մասին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևից հետո: «Եվրանեսթն» արդեն վերածվել է ամորֆ մի ուժի, ինչի պատճառով էլ Ադրբեջանի խորհրդարանը բնականաբար դադարեցնում է գործակցությունն այդ կառույցի հետ։ Դա Ադրբեջանի խորհրդարանի իրավունքն է: Դուք, հավանաբար, գիտեք, որ Ադրբեջանի խորհրդարանի և Եվրախորհրդարանի միջև գործակցությունն ևս կասեցվել է»,- հայտարարել է Ալիևը՝ նշելով, որ Բաքուն ադեկվատ պատասխան է տվել Ադրբեջանի դեմ ձեռնարկվող քայլերին:

Բազմաթիվ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար:

Կարդացեք նաև՝Politico. Բաքվի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառել

Freedom House. Դիտորդների առջև դրված պայմաններն ադրբեջանցիների ձայները գողանալու վտանգի մասին են վկայում

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---