Վարչապետ. 250 կՎտ-ից ավելի սպառողները պետք է իրենց վրա վերցնեն էլէներգիայի սակագնի տարբերությունը

Վարչապետ. 250 կՎտ-ից ավելի սպառողները պետք է իրենց վրա վերցնեն էլէներգիայի սակագնի տարբերությունը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կառավարության հոկտեմբերի 1-ի նիստին անդրադարձել է ՀԷՑ-ի վաճառքին ու նշել, որ ՀՀ իշխանությունները դիմել են էին «Տաշիր» խմբի նախագահ, հայրենակից Սամվել Կարապետյանին՝ քննարկել բաժնետեր «ԻՆՏԵՐ ՌԱՈ ընկերության հետ Հայաստանի էլեկտրական ցանցերի ձեռք բերման հարցը՝ հաշվի առնելով, որ «Տաշիրի» կազմում գործող «Կասկադ-Էներգո» ընկերությունը հանդիսանում է լավագույններից մեկը ՌԴ-ում:

Աբրահամյանը նշել է, որ «Տաշիր» խմբի նախագահը պատրաստակամություն է հայտնել իր անձնական միջոցների հաշվին մինչև 2016-ի օգոստոսի 1-ը կառավարության հետ հավասար հիմունքներով փոխհատուցել սակագների տարբերությունը ամսական մինչև 250 կիլովատ էլեկտրաէներգիա օգտագործող բնակչության և փոքր բիզնեսի համար, գրում է Tert.am-ը:

«Հայաստանի 766 հազար 889 բաժանորդներից միջին հաշվով 250 կիլովատ ամսական օգտագործում են 604 հազարը կամ բնակչության մոտ 79%-ը: Մենք փոխհատուցելու ենք բնակչության այդ հատվածի և ամսական մինչև 500 կիլովատ օգտագործող փոքր բիզնեսի համար 250 կիլովատ էլեկտրաէներգիայի արժեքը: Իսկ ավելի մեծ սպառում, այսինքն՝ ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող քաղաքացիները, կարծում եմ, պետք է իրենց վրա վերցնեն օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված սակագների տարբերությունը», - հայտնել է վարչապետը:

Սեպտեմբերի 30-ին հայտնի է դարձել, որ «Տաշիր» ընկերությունների խումբն ու «Ինտեր ՌԱՈ» ընկերությունն ավարտել են Հայաստանում էնորգոակտիվների առք-վաճառքի գործընթացը:Ինչպես նշվում է ընկերության հաղորդագրությունում, «Տաշիրը» ձեռք կբերի «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ու Հրազդանի ՋԷԿ-ը: Կառավարությունն արդեն հաստատել է գործարքը. այն կավարտվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան որոշումից հետո:

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ ապագա պլաններում է ՀԵՑ ֆինանսական գործունեության օպտիմիզացման, ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման ուժեղացման նպատակով հակաճգնաժամային ծրագրի ընդունումն ու բաշխիչ ցանցերի սարքավորումների արդիականացումն է: «Հայաստաննի հանրապետության բնակչության աջակցության նպատակով որոշում է ընդունվել անձնական հաշիվներից Հայաստանի կառավարության հետ համատեղ հատուցել բարձրացված և մինչև օգոստոսի 1-ը գործող սակագնի տարբերությունը հետագա մեկ տարվա ընթացքում», - ասել է նա:

Ըստ վարչապետի՝ ընդառաջելով Կառավարության խնդրանքին, կարճ ժամանակահատվածում «Տաշիր» խումբը բանակցեց և արդեն ստորագրեց Հայաստանում էներգետիկ ակտիվների ձեռք բերման պայմանագիր «ԻՆՏԵՐ ՌԱՈ» խմբի հետ, որի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը:

Աբրահամյանը նաև ընդգծել է, որ «Տաշիր» խումբը պարտավորվել է 5 տարիների ընթացքում ընկերությունում ներդնել միջազգային ստանդարտներին համապատասխան կառավարում և իջեցնել տեխնոլոգիական և առևտրային կորուստները:

Անդրադարնալով «Դելոյթ և տուշ» միջազգային խորհրդատվական ընկերության խորհրդատվական արդյունքներին՝ վարչապետը հայտարարել է, որ կարող են փաստել, թե սակագները հիմնավորված են և դրանց փոփոխության անհրաժեշտությունը չկա:

Սեպտեմբերի 30-ին«Դելոյթ և Տուշ» խորհրդատվական ընկերությունն ավարտել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ) խորհրդատվական ծառայության 1-ին փուլի հաշվետվությունը։

Ըստ դրա՝ ՀԷՑ-ում ֆինանսական միջոցների պակասորդն իրենց վրա արդեն զգացել էին էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները, ինչը կարճաժամկետ հեռանկարում կառաջացներ սպառնալիք երկրի ամբողջ էներգահամակարգի կայունության համար: Այս պայմաններում, սակագնի բարձրացման վերաբերյալ կարգավորող մարմնի որոշումը՝ ուղղված ոլորտում իրադրության կայունացմանը և սպառողների հուսալի էներգամատակարարման պահպանմանը, խորհրդատվական ընկերության տեսանկյունից համարվում է հիմնավորված:

«Միաժամանակ, մենք քննարկել ենք հարցը նախագահի հետ և որոշել ենք, որ կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի մեր քաղաքացիների նորմալ կենսագործունեության համար սակագնի բարձրացումը խոչընդոտ չհանդիսանա: Ի լրումն սակագների հիմնավոր լինելու հարցին, հասարակությանը հուզում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարման հարցը: Ինչպես վերջին ամիսների իրողությունները ցույց տվեցին, այս իրավիճակում հրամայական է դարձել ՀԷՑ-ում նոր, ժամանակակից կառավարման համակարգերի ներդրումը», - հավելել է վարչապետը, գրում է Panorama.am-ը:

Աբրահամյանը հանձնարարել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին երկշաբաթյա ժամկետում, խորհրդակցելով Տաշիր խմբի ներկայացուցիչների հետ, ներկայացնել սակագնի սումսիդավորման իրավական ակտի նախագիծ՝ համապատասխան մանրամասն հաշվարկներով:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հոկտեմբերի 1-ի նիստին հանձնաժողովի անդամների միաձայն քվեարկությամբ որոշել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերը վաճառելու թույլտվություն տալ:

Այս որոշմամբ, ՀԾԿՀ-ն թույլ է տվել «Ինտեր ՌԱՕ» ընկերությանը ՀԷՑ-ը վաճառել կիպրոսյան «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը:

«Կոմերսանտը» նախկինում հայտնել էր, որ ըստ Կիպրսոի ռեեստրի, Liormand-ի ընկերությունների շղթան բերում է Marcuard Trust Ltd-ին, որը Marcuard Heritage-ի կազմում է: Ընկերության գլխավոր տնօրենն ու համասեփականատերը Սինան Բոդմերն է` «Տաշիր» խմբի Ֆորա բանկի տնօրենների խորհրդի անդամը: Marcuard Heritage-ի մյուս համասեփականատերը Հանս Յորգ Ռուդլոֆն է, որը 7 տարի եղել է «Ռոսնեֆտի» տնօրենների խորհրդի անդամ: «Ռոսնեֆտի» նախագահ Իգոր Սեչինը նաև ՀԷՑ-ի նախկին սեփականատեր «Ինտեր ՌԱՕ»-ի տնօրենների խորհրդի նախագահն է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---