$21 մլն-ի վարկ Համաշխարհային բանկից՝ ՀՀ պետական հատվածի արդիականացմանը

$21 մլն-ի վարկ Համաշխարհային բանկից՝ ՀՀ պետական հատվածի արդիականացմանը

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը սեպտեմբերի 30-ին հաստատել է $21 միլիոն վարկի հատկացումը Հայաստանի պետական հատվածի արդիականացման III ծրագրին (ՊՀԱԾ III): Վարկը տրամադրվում է փոփոխական տոկոսադրույքով, 14.5 տարվա արտոնյալ ժամանակաշրջանով և 25 տարի մարման ժամկետով:

Այս ծրագիրը կաջակցի ՀՀ կառավարության հետագա ջանքերին պետական ֆինանսական հաշվետվությունների ու էլեկտրոնային կառավարման առանձին ծառայությունների հասանելիության բարելավմանը:

ՊՀԱԾ III-ի շրջանակում երեք հիմանական բաղադրիչներ են ներառված. (1) պետական ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգեր; (2) ծառայությունների մատուցման բարելավման համար նախատեսված էլեկտրոնային կառավարման լուծումներ; և (3) կարողությունների զարգացում ու փոքր միջամտություններ կարողությունների զարգացման նպատակով:

Առաջին բաղադրիչը կօգնի Կառավարությանը պետական ֆինանսների կառավարման համակարգի (ՊՖԿՀ) զարգացման միջոցով բարելավել ֆինանսական կառավարման ու հաշվառման ծախսային և նպատակային արդյունավետությունն ու ամբողջականությունը:

ՊՖԿՀ առաջարկվող մոդուլներով, ի թիվս այլ բարելավումների, կատարելագործվում են բյուջեի պլանավորման, բյուջեի կատարման, պետական գնումների, պարտքի կառավարման, հաշվապահական հաշվառման, բյուջետային հաշվետվությունների ու ընդհանուր գրանցամատյանի մոդուլները:

«Բարելավված հանրային ծառայությունների մատուցման միջոցով կառավարման բարելավումը հանդիսանում է Համաշխարհային բանկի աջակցության առաջնահերթություններից մեկը: Ուզում եմ մասնավորապես ընդգծել հաշվետվողականության նպատակով ծրագրային երկրորդ բաղադրիչի ներքո առաջարկվող քաղաքացու և կառավարության միջև կապի հաստատումը , որը կօգնի ձևավորել հետադարձ կապի մեխանիզմներ՝ դյուրացնելով պետական ծառայությունների հասանելիությունը քաղաքացիների ու տնտեսավարողների համար, ինչպես նաև լուծում տալով բողոքներին ու մշտադիտարկելով հաճախորդների գոհունակությունը», - ասել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին:

Երկրորդ բաղադրիչի ներքո կիրականացվեն աշխատանքներ Հայաստանի Էլեկտրոնային կառավարման ռազմավարական ծրագրի առանձին առաջնահերթ ուղղություններով: Հիմնական տարրերը կներառեն քաղաքականության, կանոնակարգիչ դաշտի, պետական հաստատությունների զարգացման ու դրանցում կարողությունների ձևավորման միջոցով նպաստավոր միջավայրի ձևավորում էլեկտրոնային կառավարման հարթակների ներդրման համար և հիմնարար հարթակների ու ենթակառուցվածքների ներդրում, որոնք անհրաժեշտ են ողջ կառավարության մակարդակով էլեկտրոնային ծառայությունների մատուցման համար:

Մյուս ենթաբաղադրիչներն ուղղված են տրանսպորտի էլեկտրոնային կառավարման մոդուլների ձևավորմանը, որոնք կմեծացնեն տրանսպորտային ծառայությունների արդյունավետությունը Երևան քաղաքում, հյուպատոսական ծառայությունների էլեկտրոնային կառավարման լրացուցիչ մոդուլների ձևավորմանը, մասնավորապես ճանապարհորդողների հյուպատոսական գրանցման ու էլեկտրոնային վիզաների մոդուլները, լիցենզավորման ընթացիկ էլեկտրոնային համակարգի կատարելագործմանը, մասնավորապես ներառելով՝ ֆինանսների նախարարության անունից պարզեցված կարգով տրվող լիցենզիաների գործընթացի ավտոմատացումը, լիցենզիաների էլեկտրոնային ռեգիստրի կառավարումը, հաշվետվությունների ու ծանուցումների արդիականացումը:

Երրորդ բաղադրիչը միտված է Քաղաքացիական ծառայության խորհրդի և Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի կարողությունների զարգացմանը՝ նպատակ ունենալով արդիականացնել պետական ծառայողների ուսուցման համակարգը և բարելավել ուսուցումների որակը:

ՊՀԱԾ III-ի ներքո կշարունակվեն ՊՀԱԾ I-ի և ՊՀԱԾ II-ի (ընթացքի մեջ է) մեկնարկած բարեփոխումները:

ՊՀԱԾ I-ը, որն իրականացվել է 2004-2011--ին աջակցել է քաղաքականության ձևակերպման, տեղական ինքնակառավարման ու քաղաքացիական ծառայության ինստիտուցիոնալ բարեփոխումներին և դրանց զուգընթաց նաև միջամտություններ է կատարել պետական ֆինանսների կառավարման ուղղությամբ պետական գնումների և ներքին ու արտաքին աուդիտի ոլորտներում:

1992-ին Համաշխարհային բանկին, իսկ 1993-ին ՄԶԸ-ին միանալուց ի վեր այդ երկու կառույցների կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է $2.179,730 մլն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---