ԴիջիԹեք 2015. Ամերիաբանկը ներկայացնում է հեռահար սպասարկման երկու ծառայություն

ԴիջիԹեք 2015. Ամերիաբանկը ներկայացնում է հեռահար սպասարկման երկու ծառայություն

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը 11-րդ ամենամյա ԴիջիԹեք ցուցահանդեսին, որն անցնում է Երևանում հոկտեմբերի 2-4-ը, երկու նորարար ծառայություն է ներկայացրել՝ Tv banking՝ համատեղ Յուքոմ ընկերության հետ, և օնլայն փոխանցումների նոր համակարգ:

Առաջին ծառայության մեկնարկը տրվելու է մինչև նոյեմբերի 1-ը, իսկ օնլայն փոխանցումների համակարգը գործում է սեպտեմբերի սկզբից:

Ամերիաբանկի տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն Բուրաստան Մովսիսյանի խոսքով՝ Յուքոմ-ի հետ համատեղ Tv banking ծառայության շնորհիվ Ամերիաբանկի այն հաճախորդները, որոնք նաև Յուքոմ-ի հաճախորդ են, հնարավորություն կստանան կատարել կոմունալ վճարումներ անմիջապես իրենց հեռուստացույցից:

«Սեփական հեռուստայույցի շատ պարզ մենյուից մուտք գործելով՝ բաժանորդները կկարողանան միանգամից կատարել բոլոր կոմունալ վճարումները», - պարզաբանեց Մովսիսյանը:

Նա կարևորեց նաև երկրորդ նորարարությունը, որը, ինչպես ակնկալվում է, շուկայական մեծ հետաքրքրություն կառաջացնի, հատկապես՝ սփյուռքում: Օնլայն փոխանցումների նոր համակարգը մրցակցելու է այնպիսի հայտնի ծառայությունների հետ, ինչպիսիք են Unistream-ն ու Money Gram-ը:

«Ուղղակի մուտք գործելով Ամերիաբանկի կայքի համապատասխան բաժին՝ ցանկացած երկրի ցանկացած բանկի հաճախորդ հնարավորություն կստանա այդ մեկ մուտքի միջոցով անմիջապես փոխանցում կատարել Ամերիաբանկի ցանկացած հաճախորդին: Ծառայությունը շատ մատճելի է ու հասանելի, ինչպես նաև արագ: Կարծում ենք, որ այն Հայաստան փոխանցումներ կատարելու մասով մեծ հետաքրքրություն կառաջացնի սփյուռքահայության շրջանում», - ասաց Մովսիսյանը՝ նշելով, որ փոխանցողը կարող է ունենալ ցանկացած բանկի MasterCard, Visa կամ ArCa վճարային քարտ, իսկ փոխանցում ընդունողը պետք է լինի միայն Ամերիաբանկի քարտապան:

Տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրենը նաև ընդգծեց, որ ծառայության առավելություններից է, որ փոխանցում կատարելու համար պետք չէ այցելել բանկ. դրա համար պետք է կայքում մուտքագրել համապատասխան տվյալներ և ստանալ եզակի կոդ, որն էլ ապահովում է փոխանցման բացարձակ անվտանգությունը:

Համակարգն ապահովված է անվտանգ միացումների (SSL) տեխնոլոգիայով, բացի այդ ինտերնետ միջավայրում վճարային քարտերով փոխանցումների անվտանգությունն ապահովվում է Master Card Secure Code և VISA Verified by Visa (VbV) տեխնոլոգիաներով:

Այսպիսով, փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ ինտերնետ հասանելիություն և միայն մուտքագրել շահառուի հաշվի/ քարտի համարը, ընդ որում՝ վիրտուալ քարտի գրանցման անհրաժեշտություն այլևս չկա: Գումարը ստացողի հաշվին մուտքագրվում է անմիջապես:

Մովսիսյանը նշեց նաև՝ ակնկալում են, որ երկու ծառայությունն էլ լայն տարածում կունենան, քանի որ այժմ համաշխարհային թրենդ է հեռահար համակարգերի միջոցով հաճախորդների օնլայն սպասարկումը:

«Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսը կրող 11-րդ ամենամյա ԴիջիԹեք-ին այս տարիմասնակցում են Թայվանի, Չինաստանի, Բելառուսի և Ուկրաինայի մի շարք առաջատար ընկերություններ: Տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսը 2014-ին մասնակից ընկերությունների և այցելուների աննախադեպ աճ էր գրանցել: Կանխատեսվում է, որ դրական միտումը կշարունակվի նաև այս տարի:

ԴիջիԹեք-ի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: Ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հեռանկարները տեսնելու համար: Այն նաև միտված է միջազգային կապերի ստեղծմանն ու ընդլայնմանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---