Երևանի «չաշխատող» փողոցներն ու շաբաթ առավոտյան աշխատանքից ուշանալու պատճառները

Երևանի «չաշխատող» փողոցներն ու շաբաթ առավոտյան աշխատանքից ուշանալու պատճառները

PanARMENIAN.Net - Շաբաթ առավոտյան (ոչ «աշխատանքային») տանից դուրս ես գալիս, սովորական ճանապարհովդ ուղևորվում աշխատանքի: Ճանապարհն անցնում է մայրաքաղաքի կենտրոնով, որտեղ հասնելիս հասկանում ես, որ չես կարող մեքենայով/ երթուղայինով առաջ շարժվել, քանի որ ոստիկանության մեքենան փակել է փողոցը: Ինչո՞ւ: Անհասկանալի է: Փորձում ես շրջանցել ավելի փոքր փողոցներով, բայց պարզվում է՝ դրանք էլ են փակ: Արդյունքում տասնյակ րոպեներով կանգնում ես խցանման մեջ, մի կերպ ուշացած հասնելով նախանշված վայր, կամ մինչև այդ իջնելով մեքենայից ու ինչ-որ տեղ այն թողնելով:

Հասնում ու հասկանում, որ միակը չես, ով ուշացել է. երթուղայինով քաղաքի մյուս ծայրերից եկող գործընկերներդ նույնպես խցանման մեջ էին ընկել, լսել իրենց ու կողքի երթուղայինների վարորդների նյարդային արդարացված գոռգոռոցը, իրենց սովորական կանգառից բավականին հեռու իջել ու ոտքով քայլել, մինչև տեղ են հասել: Այս ամենի միակ դրական կողմն այն է, որ բոլորը քայլել են՝ դե, առողջ ապրելակերպ է, որը շատերին պակասում է, բայց պարզ չէ՝ փոխարենն այդ ընթացքում քայքայված նյարդերն արդյո՞ք ավելի վատ չեն անդրադարձել առողջության վրա: Ու այդպես էլ պարզ չէ՝ ինչի համար էր այդ ամենը:

Սա Երևանի կենտրոնում աշխատող կամ դրա փողոցներով աշխատավայր հասնող սովորական քաղաքացու հոկտեմբերի 3-ի շաբաթ-առավոտն էր, ով տեղյակ չէր, որ առավոտյան անցկացվում է Երևան ՌԱՆԱՐՄ-ը, որի կապակցությամբ էլ կենտրոնական գրեթե բոլոր փողոցները փակ էին: Հարցը մարաթոնը չէ, այլ այն, որ պարզապես ոչ ոք չէր զգուշացրել դրանց փակ լինելու մասին, չէր ասել, թե կոնկրետ որ փողոցներն են փակ լինելու, որ ժամերին, ու որ փողոցներով է խորհուրդ տրվում շրջանցել: Գուցե մոռացե՞լ էին, որ պետական ու որոշ ոչ պետական հիմնարկներից դուրս շատ տեղերում շաբաթ օրերին էլ են աշխատում:

Ճանապարհային ոստիկանությունում փակ փողոցների ցանկը չունեին, բայց գիտեին, որ ճանապարհները կբացվեն մինչև ժամը 14:00-ն: Տվեցին ԱԻՆ-ի համարը, որտեղ, իրենց հերթին, տվեցին քաղաքապետարանի թեժ գծի համարը: Վերջինում ասացին, որ փակ փողոցներով զբաղվում է ՃՈ-ն, այնուհետև հավելեցին՝ իրենց տեղյակ են պահել, որ Երևան ՌԱՆԱՐՄ-ի անցկացման կապակցությամբ փակ է լինելու Հանրապետության հրապարակը, Սայաթ-Նովա-Չարենց հատվածն ու Ֆրանսիայի հրապարակի շրջակա տարածքը: Այլ տեղեկություն չունեին: Արդյունքում, փակ փողոցների ամբողջական ցանկն այդպես էլ չստացա:

Ամեն դեպքում, մարաթոնի կայքում տեղադրված վազքուղուց ելնելով կարելի է դատել, թե որ փողոցներով երթևեկել չարժե:

Երևան ՌԱՆԱՐՄ-ի վազուղին

Երևանը Մոսկվա չէ, որտեղ պլանշետներում առանց խցանումների մակարդակը ցույց տվող հատուկ ծրագրերի չեն երթևեկում ու խցանումների պատճառով աշխատանքից, հանդիպումից, ժամադրությունից կամ մեկ այլ վայրից ուշանալը սովորական է: Շրջանցման համար հարմար փողոցների քանակն էլ Փոքր կենտրոնում այդքան շատ չէ: Չգիտեմ՝ այս պարագայում մեղքն ումն էր, բայց նույնիսկ լրատվամիջոցները, որոնք մարաթոնի անցկացման մասին վաղուց գիտեին, փակ փողոցների մասին ոչինչ չգիտեին՝ չէին տեղեկացվել ու, հետևաբար, չէին տեղեկացրել:

Այսպիսով, սիրելի վարորդներ, Փոքր կենտրոնը գրեթե ամբողջությամբ փակ է՝ Ալեք Մանուկյանի, Խանջյանի, Սայաթ-Նովայի, Կորյունի որոշ հատված, փակ է նաև Թումանյան փողոցը, Աբովյանը, խցանման մեջ՝ Գրիգոր Լուսավորիչն ու Ամիրյանը: Այսքանն ուղղակի ինքներս ենք տեսել, մնացածի մասին այդպես էլ չիմացանք:

Ու մի բան էլ. վաղն էլ, հավանաբար, նույն վիճակն է լինելու, քանի որ ևս մեկ կիսամարաթոն է սպասվում, որն այսօրվանի հետ ոչ մի կապ չունի: Ու մինչև այս պահը որևէ հաղորդագրություն չկա, թե որ փողոցներն են փակ լինելու...

Կարդացեք նաև՝ Քաղաքապետարան. Հոկտեմբերի 4-ին Երևանյան կիսամարաթոնի ժամանակ մի շարք փողոցներ փակ կլինեն

Մանե Եփրեմյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---