Էրդողանը «խնդրելու է Պուտինին վերագնահատել ՌԴ գործողությունները Սիրիայում»

Էրդողանը «խնդրելու է Պուտինին վերագնահատել ՌԴ գործողությունները Սիրիայում»

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտահոգություն է հայտնել Սիրիայում Ռուսաստանի օդուժի գործողությունների առնչությամբ և մտադիր է քննարկել այդ հարցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Ես անպայման հանդիպելու եմ Պուտինի հետ` քննարկելու համար իրավիճակը Սիրիայում և մտահոգություն եմ հայտնելու այդ հարցի վերաբերյալ: Քանի որ մեր երկրները բարեկամ երկրներ են, ես կխնդրեմ նրան վերագնահատել ՌԴ գործողությունները Սիրիայում»,-ասել է նա Ալ Ջազիրա հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Էրդողանն ասել է, որ տվյալներ ունի, որ հարվածները Սիրիայում հասցվում են նաև չափավոր ընդդիմության դիրքերին, սակայն, չի հստակեցրել, թե որտեղից այդ տեղեկությունները:

Հոկտեմբերի 1-ին ՌԴ ՌՕ ուժերը սկսել են կետային ավիահարվածներ հասցնել «Իսլամական պետության» օբյեկտներին Սիրիայում:

Ըստ ՌԴ ՊՆ տվյալների, 2 օրում ռուսական ավիացիան խոցել է ահաբեկիչների կենտրոնակայանը, պայթուցիկի արտադրության գործարանը, մարզչական ճամբարն ու մի շարք օբյեկտներ: Թիրախներն ընտրվում են ՌԴ և Սիրիայի հետախուզական տվյալների հիման վրա` ներառյալ օդային հետախուզության: Ռուսական ինքնաթիռների սպառազինությունը չի կիրառվել քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների խոցման համար, հայտարարել էր ՌԴ ՊՆ-ն:

Էրդողանը նշել էր, որ Պուտինի հետ Մոսկվայում սեպտեմբերի 23-ին կայացած վերջին հանդիպմանը նա առաջարկել էր ստեղծել Թուրքիայի, Ռուսաստանի և ԱՄՆ եռակողմ հանձնաժողով ԱԳ նախարարների մակարդակով սիրիական ճգնաժամի կարգավորման համար:

Էրդողանը կրկին հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է հեռանա իր պաշտոնից. «Նա պատասխանատու է 300-350 հազար մարդու մահվան համար: Սիրիայի վերականգնման համար ժողովրդական իշխանություն կպահանջվի: Պուտինն ինձ ասաց, որ եթե Ասադը հեռանա, նրա տեղը կզբաղեցնի ԻՊ-ն: Ես պատասխանեցի, որ Սիրիայի ժողովրդի աջակցությամբ մենք միասին կհաղթահարենք այդ չարիքը»,-հավելել է Թուրքիայի նախագահը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ ԱՄՆ-ն և Թուրքիան հայտարարել էին, որ «մտավախություններ ունեն Սիրիայում ՌԴ գործողությունների վերաբերյալ»: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ֆերիդուն Սինիրլիօղլուն Նյու Յորքում ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են Ռուսաստանի գործողությունները Սիրիայում: Կողմերը «քննարկել են գործակցությունը «Իսլամական պետության» դեմ պայքարում, մտավախությունները Սիրիայում ՌԴ գործողությունների կապակցությամբ»:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը չի կարող անդամակցել ԱՄՆ գլխավորած կոալիցիային, քանի որ այն ստեղծվել է շրջանցելով միջազգային իրավունքը:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---