Բորդյուժա. ՀԱՊԿ խաղաղապահները պետք է պատրաստ լինեն գործողությունների աշխարհի «թեժ կետերում»

Բորդյուժա. ՀԱՊԿ խաղաղապահները պետք է պատրաստ լինեն գործողությունների աշխարհի «թեժ կետերում»

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ կոլեկտիվ խաղաղապահ ուժերը պետք է պատրաստ լինեն հնարավոր խաղաղարար օպերացիաներին աշխարհի «թեժ կետերում»: Այս մասին «Բաղրամյան» զորավարժարանում լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Իրավիճակն այսօր սրվել է բոլոր ուղղություններով: Աշխարհի բոլոր «թեժ կետերում», որոնք գոյություն ունեն, այսօր ակնհայտ երևում է, որ հարկավոր է կիրառել խաղաղապահ ուժեր: Այդ իսկ պատճառով կոլեկտիվ խաղաղապահ ուժերի կողմից պրակտիկ ռազմական գործողությունների մշակումը նախապատրաստում է հնարավոր օպերացիաների»,- ասել է Բորդյուժան՝ հավելելով, թե չի կարծում, որ դրանք կլինեն, բայց անհրաժեշտ է միշտ պատրաստ լինել խաղաղապահ ուժերի կիրառմանը, գրում է Aysor.am-ը:

Հոկտեմբերի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Զրուցակիցները քննարկել են Դուշանբեում կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ընդունված որոշումների կատարման ընթացքին և Կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնայնություններին վերաբերող հարցեր:

Սարգսյանն ու Բորդյուժան անդրադարձել են Կազմակերպության հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցերին:

Քննարկել են վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում հրադադարի խախտման հետևանքով առաջացած իրավիճակը:

Հոկտեմբերի 2-ին Բորդյուժան հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:Քննարկվել են ՀԱՊԿ շրջանակում առկա օրակարգային խնդիրները, ինչպես նաև ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության շրջանում պաշտպանության որորտում առկա անելիքները:

Բորդյուժայի խնդրանքով Օհանյանը ներկայացրել է վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը:

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 1-ին ելույթ է ունեցել «ԵԱՀԿ խաղաղությանն ուղղված գործողություններին» նվիրված նախարարական միջոցառմանը՝ հայտարարելով, որ Խաղաղապահությունը ԼՂ կարգավորման հիմնարար տարրերից է:

Ըստ Նալբանդյանի՝ քաղաքական լուծումները պետք է որոշեն և ուղղորդեն խաղաղապահ գործողությունների ձևաչափը և հնարավոր տեղակայումը: Բազմաթիվ առիթներով Մինսկի խմբի համանախագահների կողմից, այդ թվում` համանախագահ երկրների նախագահների մակարդակով, հայտարարվել է, որ անվտանգության միջազգային երաշխիքները՝ ներառյալ խաղաղապահ գործողությունները, ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հիմնարար տարրերից են: Դրա նպատակը՝ հակամարտության քաղաքական կարգավորման պարագայում զինված ուժերի բաժանումն է և խաղաղության պահպանումը: ԱԳ նախարարի խոսքով՝ ոչ մի այլ մանդատ կամ բաղադրիչ, ներառյալ` ոստիկանական գործունեություն, այս դեպքում նախատեսված չէ:

Սեպտեմբերի 30-ին Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժեր մտցնելու անհրաժեշտություն այս պահին չկա։ «Մենք ինքներս էլ կարող ենք զսպել սադրանքները, որոնց ամեն օր դիմում է Ադրբեջանը», - ասել է նա:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը խոսել էր Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման հնարավորության վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթի՝ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների հայտնվելու մասին պարբերաբար տարածվող խոսակցթյունների վերաբերյալ հարցմանն ի պատասխան նա հայրարարել է, թե ԱՄՆ դիրքորոշումն այն է, որ համանախագահ և հարևան երկրները չպետք է ներգրավվեն միջազգային խաղաղապահ ուժերի կազմում: «Մեր պատկերացմամբ կողմերը համակարծիք են այս հացում, և թեման արդեն իսկ քննարկվել է», - ասել է նա:

Վերջին շրջանում իրավիճակը ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված է:

Հոկտեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 130 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (107 արկ) և 82 (16 արկ) միլիմետրանոց ականանետերից ու ՀԱՆ-17 (70 արկ) տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:

Ընդհանուր առմամբ սեպտեմբեր ամսում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 4000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 60.000 կրակոց, այդ թվում՝ 60 մմ ականանետից (1566 արկ), 82մմ ականանետից (733 արկ), 120մմ ականանետից (51 արկ), ՌՊԳ-7 տիպի նռնականետից (54 արկ), ՀԱՆ-17 տիպի նռնականետից (828 արկ), ՍՊԳ-9 տիպի նռնականետից (9 արկ), TR-107 հրթիռահրետանային կայանքից (168 արկ) և 122մմ Դ-30 հաուբից հրանոթից (30 արկ):

Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով զոհվել է 4 զինծառայող, վիրավորվել 16-ը: Սեպտեմբերի 24-ի երեկոյան Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով զոհվել էր երեք կին, ևս չորս գյուղացի վիրավորվել էին: Զոհվածներն են 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, 94-ամյա Շուշան Ասատրյանը, 41-ամյա Սոնա Ռևազյանը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---