ԵԽԽՎ ադրբեջանամետ զեկուցողին չեն ցանկանում տեսնել Ստեփանակերտում

ԵԽԽՎ ադրբեջանամետ զեկուցողին չեն ցանկանում տեսնել Ստեփանակերտում

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի զեկուցող Ռոբերտ Ուոլթերը դիմել էր պաշտոնական Ստեփանակերտին՝ խնդրելով աջակցել «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցի պատրաստման նպատակով Լեռնային Ղարաբաղ այցելելու հարցում։ Ուոլթերի զեկույցի վերնագիրը արտացոլում է հակամարտության միայն մեկ կողմի՝ Ադրբեջանի դիրքորոշումը, ինչը կանխորոշում է զեկույցի բովանդակությունը և եզրակացությունները, նման մոտեցումը խախտում է Եվրոպայի խորհրդի զեկույցների պատրաստման հիմնական սկզբունքները, որոնք են՝ անկողմնակալությունն ու չեզոքությունը, ինչը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ համագործակցությունը։Այս մասին հայտարարել է ԼՂՀ ԱԳ փոխնախարար Արմինե Ալեքսանյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նա նշել է, որ ակնհայտ է, որ իր զեկույցում Ռոբերտ Ուոլթերը մտադիր է նաև անդրադառնալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ռազմաքաղաքական ասպեկտներին։ «Այս կապակցությամբ, մենք նշել ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցերը դիտարկվում են համաձայնեցված ձևաչափով, որն ունի միջնորդական գործունեություն իրականացնելու մանդատ՝ ճանաչված միջազգային հանրության կողմից։ Հակամարտության բոլոր երեք կողմերի հետ համաձայնեցված ձևաչափն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որն անհրաժեշտ փորձ է կուտակել, ինչը թույլ է տալիս միջնորդներին մասնագիտորեն, հետևողականորեն և ինստիտուցիոնալ հիմքերի վրա իրականացնել իրենց գործունեությունը»,-ասել է Ալեքսանյանն` անդրադառնալով զեկույցին:

Պատասխանելով հարցին, թե ինչպես Եվրոպայի խորհուրդն ու ԵԽԽՎ-ն կարող են աջակցել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Ալեքսանյանն ասել է. «Եվրոպայի խորհրդի նպատակն է կառուցել Եվրոպա՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության սկզբունքների վրա։ Համոզված ենք, որ հենց այդ արժեքների խթանմամբ Եվրոպայի խորհուրդը և ԵԽԽՎ-ը կկարողանան իրենց եզակի ներդրումն ունենալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։

Պատահական չէ, որ Ադրբեջանում հիմնարար ազատությունների սահմանափակման, լրագրողների և իրավապաշտպանների դեմ ճնշումներին զուգահեռ պաշտոնական Բաքվի դիրքորոշումը բանակցային գործընթացում գնալով ավելի անզիջում է դառնում, հռետորաբանությունը՝ ավելի ագրեսիվ, իսկ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ծավալներն ու բնույթն՝ ավելի սպառնալից։

Այս իրավիճակում ժողովրդավարական արժեքներից Ադրբեջանի հրաժարվելու նկատմամբ ԵԽԽՎ անտարբեր դիրքորոշումը տարակուսանք է առաջացնում։ Զարմանալի չէ, որ Ադրբեջանի մոտ ամենաթողության կեղծ զգացում է առաջանում, ինչն արտացոլվել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարի հայտարարության մեջ՝ «Եվրոպայի խորհուրդը պատկանում է Ադրբեջանին»։ Հատկանշական է, որ սույն արտահայտությունը հնչել է այն բանից հետո, երբ 2013 թ. ձմեռային նստաշրջանի ժամանակ Ռոբերտ Ուոլթերը տապալել է Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ պատգամավոր Շտրասերի զեկույցի ընդունումը՝ պատճառաբանելով, որ զեկուցողը հնարավորություն չի ունեցել այցելել Ադրբեջան»:

Անդրադառնալով ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերի հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց իրավունքները պետք է պաշտպանվեն, քանի որ նրանք նույնպես Եվրոպայի խորհրդի անդամներ են` ԼՂՀ ԱԳ փոխնախարարն ասել է. «Մենք կիսում ենք ինչպես տիկին Բրասերի, այնպես էլ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թ. Յագլանդի դիրքորոշումն առ այն, որ Եվրոպայի խորհրդի չափանիշները պետք է հասանելի լինեն եվրոպական տարածքի բոլոր քաղաքացիներին՝ անկախ բնակության վայրից։

ԼՂՀ-ն իր հերթին այդ ուղղությամբ հետևողական քայլեր է ձեռնարկում և արդեն միակողմանիորեն միացել է Եվրոպայի խորհրդի մի շարք կոնվենցիաների՝ ներառյալ Եվրոպական մշակութային կոնվենցիան, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան, Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան, Հնագիտական ժառանգության պահպանության մասին Եվրոպական կոնվենցիան»:

2014-ի հոկտեմբերի 2-ին Մեծ Բրիտանիայից պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը Լեռնային Ղարաբաղի գծով ԵԽԽՎ զեկուցող նշանակվեց: Նա հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ: Նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 35 խորհրդարանական, դեմ՝ 32-ը, երեքը ձեռնպահ էին մնացել: Այն պատրաստվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ադրբեջանական 2 բանաձևերի նախագծերի համատեքստում: Նախագծերը ներկայացվել էին ԵԽԽՎ ամառային նստաշրջանում. մեկը՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Էլհան Սուլեյմանովը, երկրորդը՝ ԵԽԽՎ-ում Հունաստանի պատգամավոր, Հունաստանի նախկին արտգործնախարար Թեոդորա Բակոյանիսը»:

Դեռև 2014-ի հոկտեմբերին ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը հայտարարեց, որ բոյկոտելու է Ղարաբաղի վերաբերյալ զեկույցն ու հանձնաժողովը, քանի որ դրանք վնասում են ղարաբաղյան կարգավորմանը: Նրա խոսքով, զեկույցի առաջարկն արդեն մի քանի ամիս է, ինչ քննարկվում էր, և հայկական պատվիրակությունը դրա անհրաժեշտության խնդիրը վիճարկել է լիագումար նիստում, որից հետո նաև, ըստ կանոնադրության, վիճարկել քաղաքական կոմիտեում:

«Այս քայլի իմաստը կայանում էր նրանում, որ քաղաքական կոմիտեի անդամներին, նրանց, ովքեր պետք է մասնակցեն զեկույցի պատրաստմանը, ընդունմանը առավել մանրամասն և փաստարկված ներկայացնենք մեր դիրքորոշումը, թե ինչու մենք կողմնակից չենք նման զեկույցի պատրաստմանը:

Մենք հայտնել ենք, որ սա Ադրբեջանի կողմից փորձ է խանգարելու Մինսկի խմբի գործընթացին, քանի որ Ադրբեջանը ներկայացրած բանաձևերի հիմքում դրել է այն, թե Մինսկի խումբը առաջընթաց չի արձանագրում: Հանձնաժողովում քննարկման մեր նպատակն էր ներկայացնել մեր դիրքորոշումը և մենք հույսեր չեինք փայփայում, որ կլինեն ինչ-որ փոփոխություններ: Մենք հայտարարեցինք, որ նման թեմայի առնչվելը համարում ենք վնասակար, վտանգավոր, որը կարող է տարածաշրջանում փխրուն կայունությանը սպառնալ: Ուստի մենք չենք համարում, որ անհրաժեշտ է այդ աշխատանքը ձեռնարկել և մենք չենք մասնակցելու ու չենք գործակցելու հանձնաժողովի հետ զեկույցի պատրաստման գործընթացին», - ասել էր նա:

Միևնույն ժամանակ նա հիշեցրել էր, որ ԵԽ բանաձևերը չունեն պարտադիր կատարման պահանջ, այլ խորհրդատվական բնույթի են: ԵԽ-ի հիմնական նպատակադրումներից մեկն անդամ երկրների միջև հարգանքի, խաղաղության պահպանումն է, իսկ նման նախաձեռնությունները ամենևին չեն ծառայում այս նպատակին, այլ հակառակը, առաջացնում են բախումներ, թշնամական հարաբերություններ։

Օրերս ԵԽԽՎ ազատ բանավեճի հարթակում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարել է. «Ուզում եմ բոլորիդ հիշեցնել, որ ընդունում եք, թե ոչ, ճանաչում եք, թե ոչ, աշխարհում կա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որի քաղաքացիներն ամենից շատ խաղաղություն են ուզում, բայց ապրում են շարունակվող պատերազմի պայմաններում: Արտ են հերկում, տուն կառուցում, երեխաներ են ունենում, միջազգային դիտորդների գնահատականով՝ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ են անում: Եթե մենք իսկապես շահագրգիռ ենք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմամբ, մենք պետք է հարգենք նրանց կյանքի և զարգացման իրավունքը», - ասել է Նաղդալյանը՝ հավելելով, որ Ստեփանակերտը ԵԽԽՎ քարտեզից դուրս չէ, Եվրոպայի մի մասն է:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---