Տիգրան Համասյանը՝ Երևանում մենահամերգի, «Լոյս ի Լուսոյ»-ի թուրքական «ուխտագնացության» ու նոր ծրագրերի մասին

Տիգրան Համասյանը՝ Երևանում մենահամերգի, «Լոյս ի Լուսոյ»-ի թուրքական «ուխտագնացության» ու նոր ծրագրերի մասին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 4-ին` ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում երաժիշտ, կոմպոզիտոր Տիգրան Համասյանի մենահամերգն է լինելու, որի հատուկ հյուրերն են նորվեգացի շեփորահար Մաթիաս Էյքը, ինչպես նաև երաժիշտներ Նորայր Քարտաշյանն ու Միքայել Ոսկանյանը: Համասյանը PanARMENIAN.Net ին պատմեց, որ համերգի առաջին մասը գրեթե ամբողջությամբ սոլո է լինելու, ընթացքում նաև նոր կատարումներ են հնչելու:

«Ժողովրդական մեղեդիների ու Կոմիտասի նոր մշակումներ կհնչեն, Մաթիաս Էյքի հետ հնարավոր է նաև ջազ նվագենք: Միքայել Ոսկանյանի համար նոր գործ եմ գրել, որ միասին նվագենք: Քարտաշյանի հետ էլ Կոմիտաս ենք նվագելու: Բացի այդ, հյուրերիս հետ տարբեր դուետներն են լինելու, մի գործ էլ կա, որը բոլորս միասին ենք նվագելու»,- նշեց երաժիշտը:

Համասյանն ասում է՝ Քարտաշյանի հետ շատ են միասին նվագել, բայց ոչ այն, ինչ վաղն է սպասվում: Մաթիասի հետ այս տարվա հուլիսին Ֆրանսիայում են համերգ տվել՝ հայ երաժիշտը նորվեգացուն հրավիրել էր իր տրիոյի հետ համերգին մասնակցելու: Ինչ վերաբերում է Միքայել Ոսկանյանին, ապա նրա հետ սա Համասյանի առաջին համատեղ համերգն է:

«Հայաստանում շատ քիչ են ազատ մտածող երաժիշտները: Օրինակ, Քարտաշյանը եզակի երաժիշտներից է, ով կարողանում է իմպրովիզ անել, շատ գրագետ է, ազատ մտածելակերպ ունի»,- ասում է Տիգրանը և հավելում.- Ուզում էի, որ այս համերգիս ժամանակ մի քանի ֆոլկ գործիք լինի ու դաշնամուր, որ տարբեր դուետներ հնչեն»: Համասյանի խոսքով, երբ համերգի գաղափարը ծնվում էր, ուզում էր նաև որ ժողովրդական ձայնին ու դաշնամուրին միանա նաև շեփորը.

«Նորվեգիայի դպրոցը շատ է մոտ ֆոլկլորին: Սկանդինավյան դպրոցն է, որտեղ ֆոլկլորով հետաքրքրվող երաժիշտներ շատ են եղել, ու բացի այդ՝ շեփորն ինձ շատ հոգեհարազատ գործիք է»:

Անդրադառնալով «Լոյս ի Լուսոյ» նախագծին, երաժիշտը հատկապես առանձնացրեց դեպի Թուրքիա «ուխտագնացությունը», ինչպես ինքը՝ Համասյանն է այն կոչում:

«Թուրքիայում մեզ շատ բուռն ընդունեցին, ասում էին՝ «հայերը, ինչ ուզում, անում են, չափերն անցել են»: Իրենց նախարարությունից համերգներն անցկացնելու թույլտվություն ունեինք, բայց, չնայած դրան, մեզ սպառնում էին, ասում՝ «դուրս ենք գալու հայերի որսի»: Մի խոսքով, ինչպես կան, այդպես էլ իրենց դրսևորում էին: Կայսերիում, որտեղ հայություն հիմա գրեթե չկա, հայկական մի եկեղեցի կա: Երբ հասնում էինք քաղաք, եկեղեցու հայ ատենապետը ոստիկանների էր ուղարկել, որ ուղեկցեն մեզ, նույնիսկ երբ հաց էինք ուտում, այդ ժամանակ էին մեզ հսկում»,- պատմում է Համասյանը:

Նրա խոսքով, եկեղեցու հայ ատենապետը վախեցած էր, որ տեղացիները հանկարծակի կարող են վնասել իրենց: Ասում է՝ Թուրքիայում համերգներին հայեր էլ էին գալիս, բայց մեծամասնությունը թուրքեր ու քրդեր էին:

«Շատերը համերգի ժամանակ կողքից անցնելիս էին լինում ու տեսնում, որ համերգ է, նստում էին ու սկսում լսել: Այդ առումով համերգներին ներկա թուրք հանդիսատեսը շատ լավ էր տրամադրված: Ֆանտաստիկ զգացողություններ ունեցանք Ստամբուլի 2 համերգի ժամանակ: Երկուսն էլ լեփլեցուն դահլիճներում անցան, մոտ 1200 հանդիսատեսով»,- ասում է երաժիշտը՝ նշելով, որ մոտ 8 տարի է՝ մերժում էր Ստամբուլում համերգ տալու առաջարկները, ինչի պատճառով էլ շատ սպասված հանդիպումներ էին:

Անդրադառնալով Հայաստանում նախագծի համերգներին, Տիգրան Համասյանն առանձնացրեց Նորավանքում ու Հաղպատի վանքում համերգները:

«Երկու տեղում էլ անիրական զգացողություններ ունեցա՝ ակուստիկան բոլորովին այլ էր. նվագում ես ու հասկանում, որ ամեն ինչ այլ կերպ է հնչում, առհասարակ, այլ կերպ ես զգում ու նվագում: Ինձ համար այդ համերգներն ասես երազանքի իրականացում լինեին, քանի որ գրեթե ամբողջ կյանքիս ընթացքում երազել եմ նվագել նման մի եկեղեցում»,- ասաց նա՝ նշելով, որ այդ երկու վայրում փակ ձայնագրություն է արվել, բայց ովքեր այդ պահին ներս էին մտնում, լսում էին:

Համասյանը պատմեց, որ արդեն մոտ 3 շաբաթ է՝ աշխարհում վաճառքի է հանվել «Լոյս ի Լուսոյ»-ի ձայնասկավառակը, ու արդեն հոկտեմբերի 8-ին Եվրոպայով շրջագայության են մեկնելու՝ ներկայացնելու այն: Ընդհանուր առմամբ, մոտ 10 համերգ են տալու, որոնց ընթացքում կլինեն Լոզանում, Փարիզում, որտեղ նվագելու են եվրոպական ամենամեծ եկեղեցիներից մեկում, Լինոնի մեծ սրահում և այլուր: Պատմում է նաև՝ որոշել են առաջիկայում ցուցահանդես կազմակերպել, որտեղ յուրօրինակ ինստալյացիաներ կներկայացնեն:

«Կլինի ձայն, վիդեո և լույս. ուզում ենք ցույց տալ այն ամենը, ինչ այս ընթացքում վերապրել ենք, արդյունքում յուրօրինակ արվեստի գործ կստացվի: Առաջին ցուցադրությունը կլինի Մյունխենում՝ հոկտեմբերի 24-ին, երկրորդը՝ Գյումրիում, այս ամսվա 29-ին»,- ասաց երաժիշտը:

Խոսելով այլ նախագծերի մասին, որտեղ ներգրավված է, Տիգրան Համասյանն ասաց՝ Լևոն Մինասյանի ու Հրաչ Քեշիշյանի նոր նախագծում՝ «Բրավո, վիրտուոզ» ֆիլմի երաժշտության հեղինակն է լինելու: Իսկ անդրադառնալով հետագա պլաններին, նշեց, որ արդեն սկսել է աշխատել նոր ձայնասկավառակի վրա, որը գրեթե ամբողջությամբ սոլո է լինելու, հնարավոր է մի քանի դուետ ներառվի: Քանի որ աշխատանքները դեռ նախնական փուլում են, պատմեց միայն, որ նոր ալբոմը կթողարկվի 2017-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---