Սերժ Սարգսյան. Սահմանին թույլ արտահայտված պատերազմ է ընթանում

Սերժ Սարգսյան. Սահմանին թույլ արտահայտված պատերազմ է ընթանում

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ աշխատանքային այցի վերջին օրը` հոկտեմբերի 1-ին, Վաշինգտոնում մասնակցել էր «Քարնեգի» հիմնադրամի կողմից կազմակերպված` «առանց հղումների» ձևաչափով քննարկմանը:

Panorama.am-ը «Քարնեգի» հիմնադրամից և ՀՀ նախագահի աշխատակազմից ստացել է հանդիպման ձայնագրությունը` դրա սղագրության հրապարակման թուլտվությամբ:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, Սարգսյանը, մասնավորապես, ընդգծել է, որ թեև Բաքուն խնդիրը ներկայացնում է իբրև Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ, Հայաստանը երբեք որևէ տարածքային հավակնություն չի ունեցել Ադրբեջանի հանդեպ: «Ավելին՝ մենք ճանաչում ենք Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որի մաս Լեռնային Ղարաբաղը երբեք չի կազմել: Սրանք իմ տեսակետները չեն, սրանք պատմական փաստեր են, հետաքրքրվողները կարող են ուսումնասիրել և համոզվել դրանցում», - նշել է նա:

ՀՀ նախագահը հայտարարել է, որ ադրբեջանական իշխանությունների պատկերացումների և քաղաքակիրթ աշխարհում ընդունված նորմերի միջև հսկայական անդունդ է: «Եթե քաղաքակիրթ աշխարհում որևէ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման համար ստեղծվում են անհրաժեշտ պայմաններ, ապա Ադրբեջանը, իր նավթային եկամուտներից կուրացած, ամեն կերպ սեփական պատկերացումները փորձում է պարտադրել ոչ միայն Լեռնային Ղարաբաղին ու Հայաստանին, այլև միջնորդ երկրներին: Ահավասիկ՝ Շոտլանդիայի օրինակը. Մեծ Բրիտանիան Շոտլանդիային ընձեռում է ինքնորոշվելու իրավունք, այսինքն՝ որքան էլ թանկ է իր համար սեփական տարածքային ամբողջականությունը, Շոտլանդիայի ժողովրդին ինքնորշվելու և իր ճակատագիրը տնօրինելու իրավունք է տալիս. բայց չգիտես ինչու մտահոգված է Ադրբեջանի տարածքային ամբողջականությամբ: Զավեշտ է, բայց փաստ», - ասել է Սարգսյանը:

Իր ելույթում նախագահն ընդգծել է նաև, որ վերջին երկու տարիներին Ադրբեջանի սադրիչ գործողությունները արձանագրել են լարվածության աննախադեպ աճ: «Ավելին՝ այսօր Ադրբեջանը ձեռնամուխ է եղել խոշոր տրամաչափի զենքերից հրետակոծությանը, որին զոհ է գնում խաղաղ բնակչությունը: Չեմ կարող թաքցնել, որ սահմանին թույլ արտահայտված պատերազմ է ընթանում. դա բոլորդ եք տեսնում», - ընդգծել է նա։

Վերջին շրջանում իրավիճակը ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված է: Սեպտեմբերի 24-ին Տավուշի մարզի հայկական գյուղերի հրետակոծության արդյունքում զոհվել է երեք կին, ևս չորս գյուղացի վիրավորվել էր: Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ թիկունքային զորամասը, որի հետևանքով զոհվել է 4 զինծառայող, վիրավորվել 16-ը:

Ի պատասխան այդ գործողություններին հայկական բանակը սպառնաց աանհրաժեշտության դեպքում հրթիռահրետանային հարվածներ հասցնել Ադրբեջանի ցանկացած դիրքերին: Սերժ Սարգսյանն էլ հայտարարեց, որ այլընտրանքի բացակայության դեպքում Ադրբեջանի «պատժիչ սուրը» հայկական կողմն է լինելու: «Երբ ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, դատարկ խոսքեր չեն: Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են», - նշել է նա: Նախագահը վստահեցրել է, որ նման իրավիճակում հայկական կողմը կստիպի Ադրբեջանի կառավարությանը հաշվետու լինել իր ժողովրդին՝ նրան պատճառած նորանոր տառապանքների համար:

Ընդհանուր առմամբ, հայկական կողմի պատասխան գործողություններում զոհվեց 20-25 ադրբեջանցի զինծառայող: Պաշտոնական Բաքուն ընդունեց զոհերի միայն մի մասը:

Սարգսյանն անդրադարձել է նաև Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե «Ադրբեջանի թիվ մեկ թշնամին աշխարհի հայերն են»: «Եվ սա հայտարարում է երկրի ղեկավար, ոչ թե, ասենք, ըննդիմադիր գործիչ, ոչ թե խորհրդարանական, այլ ոչ ավել ոչ պակաս՝ երկրի նախագահը: Հենց նման հայտարարություններն են ծնում ռամիլ սաֆարովներ, որոնք հերոսացվում են սեփական երկրում քնած հայ սպային կացնահարելու համար», - ասաց Սարգսյանն, շեշտելով, որ Հայաստանը թշնամի պետություններ ու ժողովուրդներ չունի, և Ադրբեջանը բացառություն չէ։

Նախագահն ընդգծել է, որ Բաքուն ծառայեցնում է ղարաբաղյան հիմնահարցը նաև ներքաղաքական շահերին` փորձելով արդարացնել ռազմական ոլորտին ուղղվող հսկայածավալ միջոցները, մարդու իրավունքների ծայրահեղ վիճակը, սոցիալական խնդիրները: «Մի՞թե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որն ավելի քան 20 տարի ընթանում է ժողովրդավարության ուղիով, կարող է ապրել ավտորիտարիզմից դեպի բռնապետություն հաստատուն քայլերով ընթացող Ադրբեջանի կազմում։ Մի՞թե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որ արյան գնով տեր է եղել իր ֆիզիկական գոյության իրավունքին, կարող է նորից հայտնվել Ադրբեջանի կազմում. երկիր, որտեղ ատում են հայերին, որտեղ հայի արյուն թափողը հերոս է և ոչ մարդասպան։ Ես շատ կցանկանայի, որ Ադրբեջանը Եվրասիական տարածաշրջանում ժողովրդավարության ոլորտում ոչ թե ամենամեծ անկում, այլ վերելք արձանագրած երկիրը լիներ։ Այդ դեպքում, վստահ եմ, մենք կկարողանայինք գտնել այս հիմնահարցի լուծման բանալին և զերծ կպահեինք մեր տարածաշրջանը ևս մի կործանարար պատերազմից», - եզրափակել է Սարգսյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---