ԻՊ գրոհայիններն ականապատել են Պալմիրայի ամֆիթատրոնը

ԻՊ գրոհայիններն ականապատել են Պալմիրայի ամֆիթատրոնը

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ականապատել են Պալմիրայի հռոմեական դարաշրջանի ամֆիթատրոնը, հայտնել է Սիրիայի մշակույթի փոխնախարար Ալի ալ Քաիմը:

«Այդ տեղեկությունը ճիշտ է: Մեզ այդ մասին հաղորդել են Պալմիրայի բնակիչները, որոնց մենք վստահում ենք: ԻՊ-ն ականապատել է ամֆիթատրոնը…Նրանք գիտեն, որ սիրիական ուժերը չեն կարող հարվածներ հասցնել պատմական հուշարձաններին: Եթե գրոհի փարձ կամ սպառնալիք լինի, նրանք կականապատեն նաև մյուս հուշարձանները: Այդ գործողություններն անմարդկային են և քաղաքակիրթ մարդկանց անվայել»,-հայտարարել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ Աստվածաշնչի Պալմիրան հիմնել է Սողոմոն արքան Դամասկոսի և Եփրատի միջև գտնվող օազիսում: 3 կմ տարածք զբաղեցնող Պալմիրայի ավերակները, թվագրված III դարով, ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Մինչ պատերազմը այստեղ ապրում էր 35 հազար մարդ, 2013-ին ծայրահեղականների առաջին հարձակումից հետո մոտ 9 հազարը հեռացան քաղաքից: Վտանգ կա, որ Պալմիրան կարժանանա Իրաքի մի շարք ճարտարապետական հուշակոթողների ճակատագրին, որոնք քանդեցին «Իսլամական պետության» գրոհայինները: Նման մտավախություն է հայտնել նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի տնօրեն Իրիան Բոկովան` պահանջելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները անտիկ դարաշրջանի ավերակների հարևանությամբ:

Հոկտեմբերի 4-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները պայթեցրին Սիրիայում գտնվող հնագույն Պալմիրայի գլխավոր հուշակոթողը` Հաղթակամարը: Հաղթական կամաըը Պալմիրայի այցեքարտն է համարվում: Այն դասվում է մ.թ.ա II դարին: Հաղթակամարը գտնվում էր անտիկ քաղաքի գլխավոր առևտրային փողոցի սկզբնամասում:

Օգոստոսի 30-ին ԻՊ գրոհայինները պայթեցրեցին Բելի տաճարը, որը համարվում էր հին քաղաքի գլխավոր սրբավայրերից մեկը: Սեպտեմբերին նրանք երեք դամբարան պայթեցրին հնագույն Պալմիրայում: Շինությունները կառուցվել էին մ.թ.ա. 103-ից՝ 44 թվականներին, դրանց թվում էր նաև Էլաբելի աշտարակ-դամբարանը:

Մինչդեռ Սիրիայի հնագիտական հուշարձանների պահպանության գործակալության ղեկավար Մաամուն Աբդելքարիմը հայտարարել է, որ Պալմիրայի հնությունների պայթեցումը ԻՊ ահաբեկիչների վրեժն է Սիրիայում պարտությունների համար:

«Հաղթակամարի պայթեցումը ոչ մի սոցիալական կամ կրոնական հիմնավորում չունի: Ամեն անգամ, երբ ԻՊ-ն պարտություն է կրում, վրեժխնդիր է լինում ժողովրդներից, քաղաքներից ու պատմությունից, ինչպես դա եղավ նաև Իրաքի հյուսիսի հին քաղաքներում: Վստահ եմ, այն, որ Պալմիրան ԻՊ գրոհայինների ձեռքում է, անդառնալի կորուստ է Պալմիրայի քաղաքակրթության ժառանգության համար»,-ասել է նա:

Աբդելքարիմը հորդորել է բոլոր պետություններին, որոնք կարող են նպաստել ավերումից Պալմիրայի փրկության գործին, անհապաղ միջոցներ ձեռնարկել և սկսել կատարել ՄԱԿ 2199 բանաձևը, որն ուղղված է Մերձավոր Արևելքի երկրներում գործող ահաբեկիչների ֆինանսական հոսքերի կասեցմանը:

«Պալմիրայի ճակատագիրը մտահոգում է միջազգային կազմակերպություններին և արձագանք է ստանում ԶԼՄ-ներում: Ուստի այն, ինչ կատարվում է, միջազգային հանրությանը հրահրելու փորձ է` ասելով, թե ինչ ուզեն կարող են անել»,-ասել է Աբդելքարիմը:

Ըստ նրա, Սիրիայի պատմական արժեքների ոչնչացումն ու թալանը Դեր Զորի և Ռաքքայի գավառներում գրոհայինների տարբեր խմբավորումները սկսել էին դեռ «Իսլամական պետության» հայտնվելուց առաջ: Միայն Ռաքքայի ազգային թանգարանից գողացել են 527 ցուցանմուշ` դուրս բերելով Սիրիայի տարածքից: ԻՊ, «Ջեբհաթ ան Նուսրա», «Ահրար աշ Շամ» խմբավորումների ահաբեկիչները ոչ միայն պատմական արժեքներով են մատակարարում սև շուկան, այլ նաև պայթեցնում են հին կառույցները:

«Պարզվեց, որ բոլոր գործողությունները համակարգվել են միջազգային խմբավորումների, գրոհայինների և սիրիացի գողերի միջև: Դա տեղի է ունենում և Դերաաում, և Կունեյտրում` Սիրիայի հարավում, որտեղ մաքսանենգության ուղիներ են հաստատվել»,-հավելել է տնօրենը:

Մինչդեռ Reuters գործակալությունը Սիրիայի պետհեռուստատեսության վրա հղումով հայտնել է ռուսական օդուժի ավիահարվածների մասին Պալմիրայի մատույցներին և բուն քաղաքին` չնշելով սակայն ամսաթիվը:

Սակայն ՌԴ ռազմական աղբյուրը հայտարարել է, որ ՌԴ OՏՈւ (օդատիեզերական ուժերը) հարվածել են ոչ թե քաղաքին, այլ գրոհայինների դիրքերին քաղաքի մատույցներում` 80 կմ հեռավորության վրա:

«ՌԴ ՕՏՈւ կետային հարվածներ են հասցրել Պալմիրայի արվարձանների բնակավայրերին և քաղաքից 80 կմ հեռավորության վրա գրոհայինների կուտակումներին` Էլ Քարյաթան ավանի մոտ»,-հայտարարել է աղբյուրը: Հարվածների քանակը չի հստակեցվում:

Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին: Թիրախներն ընտրովում են ՌԴ և Սիրիայի հետախուզական տվյալների հիման վրա` ներառյալ օդային հետախուզությունը: Ինչպես հայտարարել է ՌԴ ՊՆ-ն, ռուսական ինքնաթիռների հագեցվածությունը թույլ է տալիս հարվածներ հասցնել ԻՊ-ին Սիրիայի ամբողջ տարածքում «բացարձակ ճշգրտությամբ»:

ՌԴ-ում Սիրիայի դեսպան Ռիադ Հադդադն ավելի վաղ հաստատել էր, որ հարվածները հասցվում են հեցն ահաբեկչական խմբավորումների դիրքերին, ոչ թե քաղաքացիական բնակչությանը: Ըստ դեսպանի, սիրիական բանակն ունի ահաբեկիչների տեղկայման ճշգրիտ կոորդինատները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---