Էրդողան. Զրկվելով բարեկամ Թուրքիայից` ՌԴ-ն շատ բան կկորցնի

Էրդողան. Զրկվելով բարեկամ Թուրքիայից` ՌԴ-ն շատ բան կկորցնի

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին քննադատել է ՌԴ իշխանություններին Սիրիայում իրավիճակի համար: Նա մասնավորապես ասել է. «Բոլորին են հայտնի մեր լավ հարաբերությունները Ռուսաստանի հետ: Սակայն եթե ՌԴ-ն կորցնի այնպիսի բարեկամի, ինչպիսին Թուրքիան է, որի հետ համագործակցում է տարբեր ոլորտներում, նա շատ բանից կզրկվի: Մոսկվան պետք է դա իմանա», հայտնում է kp.ru-ն:

Էրդողանը նաև նշել է, որ ռուսական ավիացիայի կողմից Թուրքիայի օդային սահմանի խախտումը շոշափում է նաև ՆԱՏՕ-ի շահերը:

Էրդողանը հայտարարել է, որ հարձակումը Թուրքիայի վրա կընկալվի որպես հարձակում ՆԱՏՕ-ի դեմ: «ՌԴ-ն փորձում է ռազմակայան ստեղծել Սիրիայում: Մենք դա չենք կարող հանդուրժել: Ցավոք, վերջին օրերի իրադարձությունները հակասում են ՆԱՏՕ-ի սկզբունքներին, այդ մասին արդեն արվել են կտրուկ հայտարարություններ: Ես վստահ եմ, որ ՆԱՏՕ-ի դիրքորոշումն անփոփոխ կմնա և ցանկացած հարձակում Թուրքիայի վրա հարձակում է ՆԱՏՕ-ի դեմ»,-ասել է Էրդողանը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր հերթին հայտարարել էր, որ ռուսական ռազմական օդանավերը պատահաբար չեն հայտնվել Թուրքիայի օդային տարածքում` կոչ անելով Մոսկվային «խուսափել նման գործողություններից»:

Մինչդեռ Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբը հայտարարել է, որ անհայտ պատկանելությանՄիԳ-29-ը կործանիչը հոկտեմբերի 6-ին հետապնդել է թուրքական F-16 ինքնաթիռներին թուրք-սիրիական սահմանին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ ռուսական ռազմական ինքնաթիռը ևս մեկ անգամ խախտել է Թուրքիայի օդային տարածքը հոկտեմբերի 4-ին` վերջին 3 օրում երկրորդ անգամ: Հոկտեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայում ՌԴ դեսպանին կանչել են ԱԳՆ` բողոք հայտնելով Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցող ռուսական կործանիչի կողմից այդ երկրի օդային տարածքը հոկտեմբերի 3-ին խախտելու համար:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ հոկտեմբերի 3-ին ռուսական Սու-30 ինքնաթիռը հայտնվել է Թուրքիայի օդային տարածքում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:

Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

Ռուսական զորքերը Սիրիայում կարող են օգտագործվել նախագահ Բաշար Ասադի ուժերին ցամաքից աջակցելու համար: Այդ մասին հայտնել է CNN-ը Պենտագոնում երկու աղբյուրի վրա հղումով, որոնք ծանոթ են Սիրիայում ռուսական մարտական ներուժի վերջին գնահատականին: Նրանք նշում են, որ ռուսական զորքերն ավելի շատ զենք ունեն, քան դա հարկավոր է Լաթակիայի մոտ «Հմեյմիմ» ավիաբազան պաշտպանելու համար:

Ըստ պարբերականի տվյալների, ռուսական խմբավորումն «ավելացնում է ցամաքային ակտիվությունն, աջակցելու համար «չափավոր» ընդդիմության, ոչ թե ԻՊ դեմ հարձակման պատրաստվող սիրիական բանակին: Նշվում է, որ Լաթակիա է տեղափոխվել ինքնագնաց հրետանային 6 կայանք: Սկզբում ենթադրվում էր, որ դրանք օգտագործվելու են նավահանգստի պաշտպանության համար, սակայն վերջերս դրանք տեսել են սիրիական տարածքի խորքում` Հոմսի և Իդլիբի միջև: Հայտնաբարվել է նաև ԲՄ-30 «Սմերչ» համազարկային կրակի 4 համալիր:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---