3 տարում Հայաստանի մանկատներում առողջական խնդիրներով 49 երեխա է մահացել

3 տարում Հայաստանի մանկատներում  առողջական խնդիրներով 49 երեխա է մահացել

PanARMENIAN.Net - Համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2012-2014 թթ. ընթացքում Հայաստանի մանկատներում մահացել է 49 երեխա, մասնավորապես, 2012-ին` 16, 2013-ին՝ 15, 2014-ին` 18 երեխա:

Մահացած երեխաներից 20-ը աղջիկ է, 29-ը` տղա: Երեք տարվա ընթացքում մահացած 41 երեխա եղել է մինչև 6 տարեկան հասակում:

Երեխաների մահացության պատճառների վերաբերյալ PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան աշխատանքի և սոցիալական նախարարության Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանը որոշ մանրամասներ հայտնեց: Հիմնականում մահվան դեպքեր են գրանցվում նախարության համակարգի մասնագիտացված մանկատներում` Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն, Գյումրու «Երեխաների տուն» և «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ներում: Այստեղ են խնամվում կենտրոնական նյարդային համակարգի օրգանական կամ ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական և մտավոր արատներով մինչև 18 տարեկան երեխաներ:

Գյունաշյանի խոսքերով, մահերի 90 տոկոսը գրանցվում է Գյումրու «Երեխաների տանը», որը նախատեսված է 0-6 տարեկան երեխաների շուրջօրյա խնամքի համար:

«Այս տարիքի երեխաները գտնվում են բարձր ռիսկային խմբում (ներքին հիդրոցեֆալիա, միկրոցեֆալիա, գլխուղեղի կիստոզ, դեգեներացիա, ողնուղեղային ճողվածք), քրոմոսոմային պաթալոգիաներից՝ դաունի համախտանիշ, սրտի բազմակի բնածին արատներ՝ միջփորոքային միջնապատի դեֆեկտ, միջնախասրտային միջնապատի դեֆեկտ, ֆալլոյի տետրադա, որոնք բերում են սրտային անբավարարություն 3-րդ 4-րդ աստիճան ասցիդի և մահվան: Կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ախտահարումները բերում են ուղեղային կախեկսիայի, ուղեղային ատրոֆիայի, ներքին օրգանների դիստրոֆիայի և մահվան», - մանրամասնեց նա:

Գյունաշյանը հայտնեց նաև, որ 2012-2014 թվականներին Հայաստանում որդեգրվել է առողջական խնդիրներով 94 երեխա: Նրանցի 89-ին որդեգրել են օտարերկրյա քաղաքացիներ և միայն հինգը` հայաստանցի ընտանիքներ: Ներկայում խնամակալության է հանձնված հաշմանդամություն ունեցող 11 երեխա:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---