Ուորլիքը կողմ է շփման գծից դիպուկահարներին հետ քաշելու ԱՄՆ կոնգրեսականների առաջարկին

Ուորլիքը կողմ է շփման գծից դիպուկահարներին հետ քաշելու ԱՄՆ կոնգրեսականների առաջարկին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ սատարում է ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Ռոյսի և Էլիոթ Էնգելի նախաձեռնությանը` ձեռնարկել միջոցներ, որոնք կօգնեն դադարեցնել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի խախտման դեպքերը:

Ուորլիքը իր տեսակետը հայտնել է Հանրային հեռուստաընկերության ԱՄՆ-ի թղթակցին տված հարցազրույցում, Asbarez.com-ին հղումով գրում է Panorama.am-ը:

«Մենք աջակցում ենք կոնգրեսականներ Ռոյսի և Էնգելի առաջարկած նախաձեռնությանը։ Վստահության կառուցմանն ուղղված քայլերը և հասարակություններին վերաբերող ծրագրերը նվազեցնում են լարվածությունը և հիմք դնում երկարատև խաղաղության հաստատման համար: Մենք կողմերին բարձրաձայնել ենք բոլոր այս նախաձեռնությունների մասին և կշարունակենք կատարել բոլոր քայլերը, որոնք կարող են հանգեցնել բանակցված կարգավորման»,- նշել է դիվանագետը:

Ուորլիքին ուղղված կոնգրեսականների նամակից պարզ է դառնում, որ կոնգրեսականները հանդես են գալիս երեք հստակ առաջարկով, որոնց ապահովման դեպքում, ըստ նրանց, կարելի է ԼՂ հակամարտության գոտում թուլացնել լարվածությունը և խաղաղության հասնել:

Կոնգրեսականները մասնավորապես առաջարկում են` շփման գծից դիպուկահարներին հետ քաշելու համար ստանալ հակամարտության կողմերի համաձայնությունը, շփման գծի երկայնքով տեղակայել լոկատորներ և ձայնային սարքավորումների զարգացած համակարգեր, որոնք կպարզեն, թե կողմերից ով է նախաձեռնում սահմանային լարվածությունը և ավելացնել ԵԱՀԿ դիտարկումներ իրականացնող առաքելությունը:

Վերջին շրջանում իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարված է:

Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով զոհվել են չորս զինծառայող, վիրավորվել 16-ը:

Ընդհանուր առմամբ սեպտեմբեր ամսում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 4000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 60.000 կրակոց, այդ թվում՝ 60 մմ ականանետից (1566 արկ), 82մմ ականանետից (733 արկ), 120մմ ականանետից (51 արկ), ՌՊԳ-7 տիպի նռնականետից (54 արկ), ՀԱՆ-17 տիպի նռնականետից (828 արկ), ՍՊԳ-9 տիպի նռնականետից (9 արկ), TR-107 հրթիռահրետանային կայանքից (168 արկ) և 122մմ Դ-30 հաուբից հրանոթից (30 արկ):

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---