Սպիտակ տուն. Իրավիճակը Սիրիայում ԱՄՆ և ՌԴ միջև «անուղղակի պատերազմի» չի վերածվի

Սպիտակ տուն. Իրավիճակը Սիրիայում ԱՄՆ և ՌԴ միջև «անուղղակի պատերազմի» չի վերածվի

PanARMENIAN.Net - Իրավիճակը Սիրիայում չի վերածվի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև լայնածավալ հակամարտության: Նման տեսակետ է հայտնել Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:

«ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հասկացրել է, որ իրավիճակը Սիրիայում չի վերածվի այսպես կոչված` «անուղղակի պատերազմի» ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև», - ասել է Էռնեստը, հայտնում է Tert.am-ը ՌԻԱ Նովոստիի վրա հղումով:

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և դաշնակիցներն անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն դիմակայելու համար Ռուսաստանին Սիրիայում վերջինիս ծավալած գործողությունների առնչությամբ: Շեշտվել է, սակայն, որ ԱՄՆ-ն բաց է Ռուսաստանի հետ համագործակցության համար:

Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով` «Ռուսաստանի համար առավել մեծ վտանգ կա` պայմանավորված սիրիական հակամարտության մեջ առավել խորը ներգրավվածությամբ»: Ինչպես նշել է Էռնեստը` Ռուսաստանը կարող է բախվել «միջազգային հանրության դիվանագիտական դեմարշին»:

Նա ընդգծել է այն տեսակետը, որ Ռուսաստանում «բավականին մեծ մահմեդական համայնք կա, որը կարող է դժգոհություն հայտնել առ այն, որ Մոսկվան ռմբակոծում է մահմեդականներին Սիրիայում»:

Մինչդեռ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է սկսել համակարգել գործողությունները Պենտագոնի հետ «Իսլամական պետության» դեմ պայքարում:

Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

«ՌԴ ՊՆ-ում արձագանքել են Պենտագոնի խնդրանքին և օպերատիվ կերպով քննարկել են Սիրիայում ԻՊ դեմ գործողությունները համակարգելու ամերիկացիների խնդրանքը»,-հայտարարել է գեներալ-մայորը:

Ըստ Կոնաշենկովի, այդ առաջարկները կարող են իրագործվել, պահանջվում է միայն «հստակեցնել տեխնիկական մանրամասները»: Նա հավելել է, որ Պենտագոնի և ՊՆ ներկայացուցիչները մանրամասները կքննարկեն արդեն հոկտեմբերի 7-ին: Պենտագոնի հարցապնդման ամասթիվը չի նշվում, հայտնում է gazeta.ru-ն:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ում հայտարարել էին, որ փաստաթղթեր են պատրաստվում ԱՄՆ հետ համագործակցության մասին Սիրիայում:

Ըստ ՌԴ ՊՆ հայտարարության, ռուսական ինքնաթիռները կարող են ԻՊ գրոհայինների դիրքերը խոցել «բացարձակ ճշգրտությամբ»: Թիրախներն ընտրվում են Սիրիայում ՌԴ հետախուզության, այդ թվում օդային, տվյալների հիման վրա: Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադդադը ավելի վաղ հաստատել էր, որ հարվածները հասցվում են հենց ահաբեկչական խմբավորումներին, ոչ թե ընդդիմության դիրքերին կամ քաղաքացիական բնակչությանը: Ըստ դեսպանի, սիրիական բանակն ունի ահաբեկիչների տեղակայման ճշգրիտ կոորդինատները:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---