Կիրիենկո. ԱԷԿ-ի աշխատանքը թույլ կտա իջեցնել ՀՀ-ում էլէներգիայի սակագինը

Կիրիենկո. ԱԷԿ-ի աշխատանքը թույլ կտա իջեցնել ՀՀ-ում էլէներգիայի սակագինը

PanARMENIAN.Net - Մեծամորի ԱԷԿ-ի աշխատանքը թույլ կտա զգալիորեն նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանում: Այդ մասին հոկտեմբերի 7-ին հայտարարել է «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն «Ատոմեկս-Հայաստան» խորհրդաժողովի ընթացքում:

«ԱԷԿ-ի գործող բլոկն ապահովում է էլեկտրաէներգիայի պահանջարկի 35-37%-ը, դա Հայաստանի էներգետիկ անվտանգության հարց է: Մենք տեսել ենք հաշվարկները, որ արվել են: Եթե հանկարծ Մեծամորի ԱԷԿ-ը չգործի, սակագինը Հայաստանում կավելանա մոտ 3 անգամ: Սա ամենաէժան էլեկտրաէներգիան է, Մեծամորի ԱԷԿ-ի աշխատանքի հաշվին ՀՀ կառավարությունը կարող է զգալիորեն նվազեցնել սակագինը բնակչության և ձեռնարկությունների համար»,-ասել է Կիրիենկոն, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ռոսատոմի» հետ համատեղ իրականացվելու է Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարացման և արդիականացման ծրագիր Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում։ Ռուսաստանը կտրամադրի այդ նպատակների համար ընդհանուր մոտ 300 միլիոն դոլարի միջպետական վարկ և դրամաշնորհ։ ՀԱԷԿ-ի վերակառուցումը կմեկնարկի 2017-ի գարնանը և մոտ կես տարի կտևի:

ՌԴ-ն նաև հայտարարել է, որ պատրաստ է տրամադրել նոր բլոկի կառուցման համար անհրաժեշտ գումարի մի մասը` 4,5 մլրդ դոլար տրամադրելով սարքավորումների տեսքով: Մասնավորապես, Ռուսաստանն առաջարկում է «միջուկային կղզին» տրամադրել որպես ներդրում նոր ԱԷԿ-ի կառուցմանը: ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարությունը նախատեսվում է 2018-2019 թթ.: Մյուս միջոցները նախատեսվում է ներգրավել տարբեր երկրների ֆինանսական աջակցության միջոցով:

Հայաստանում էլեկտրաէներգիա արտադրող մի շարք ընկերություններ մայիսին դիմել էին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ առաքվող էլեկտրաէներգիայի և հզորության ամսական վճարի վերանայման նպատակով։ Ընկերությունները մատնանշում էին տարբեր ոչ բարենպաստ պայմանների արդյունքում իրենց կրած ֆինանսական խոշոր վնասները․ մասնավորապես՝ ջերմաէլեկտրակայանների վնասները պայմանավորված էին դրամի արժեզրկմամբ և գազի սակագնի բարձրացմամբ, ՀԷԿ-երինը՝ սակավաջրությամբ, իսկ ԱԷԿ-ի հայցը պայմանավորված էր 4-րդ գեներատորի վերանորոգման համար աշխատանքները 88 օրով դադարեցնելով։ Նույն այդ ժամանակահատվածում էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագնի վերանայման հայցով հանդես եկան բաշխիչ ցանցերը, և, որպես այս ամենի ամփոփում՝ վերջնական արտադրանքը սպառողին վաճառող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը։

Վերջինը, հաշվարկելով իր կրած վնասները և իրականացվելիք աշխատանքների, ինչպես նաև ֆինանսական ճեղքվածքի փակման համար ներգրավված վարկային միջոցների սպասարկման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, առաջարկել էր Հանձնաժողովին սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի 1 կՎտ/ժամի սակագինը բարձրացնել 17 դրամով՝ դարձնելով, համապատասխանաբար, 58 և 48 դրամ ցերեկային ու գիշերային սպասարկման դիմաց։

Սեպտեմբերի 30-ին«Դելոյթ և Տուշ» խորհրդատվական ընկերությունն ավարտեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ) խորհրդատվական ծառայության 1-ին փուլի հաշվետվությունը: Սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ նաև, որ «Տաշիր» ընկերությունների խումբն ու «Ինտեր ՌԱՈ» ընկերությունն ավարտել են Հայաստանում էներգոակտիվների առք-վաճառքի գործընթացը: «Տաշիրը» ձեռք կբերի «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ու Հրազդանի ՋԷԿ-ը: Կառավարությունն արդեն հաստատել է գործարքը. այն կավարտվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան որոշումից հետո:

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ ապագա պլաններում է ՀԷՑ ֆինանսական գործունեության օպտիմիզացման, ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման ուժեղացման նպատակով հակաճգնաժամային ծրագրի ընդունումն ու բաշխիչ ցանցերի սարքավորումների արդիականացումն է: «Հայաստաննի հանրապետության բնակչության աջակցության նպատակով որոշում է ընդունվել անձնական հաշիվներից Հայաստանի կառավարության հետ համատեղ հատուցել բարձրացված և մինչև օգոստոսի 1-ը գործող սակագնի տարբերությունը հետագա մեկ տարվա ընթացքում», - ասել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---