ContourGlobal-ը Որոտանի ՀԷԿ-ի համար վճարված միջոցների 1/3-ը վարկ է վերցրել Հայաստանի բանկերից

ContourGlobal-ը Որոտանի ՀԷԿ-ի համար վճարված միջոցների 1/3-ը վարկ է վերցրել Հայաստանի բանկերից

PanARMENIAN.Net - ContourGlobal ընկերությունը, գնելով Որոտանի հիդրոկասկադը, դրա դիմաց վճարված միջոցների 1/3-ը վարկ է վերցրել Հայաստանի բանկերից: Այս մասին հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովի և կառավարության միջև հերթական հարց ու պատասխանի ժամանակ ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

«Ընկերությունը գրավադրել է իր ձեռք բերած բաժնետոմսերը ոչ միայն բանկերին, այլև ՀՀ կառավարության օգտին, որովհետև քանի դեռ չի վճարվել գործարքի ամբողջ գումարը, այդ բաժնետոմսերը կշարունակեն գրավադրված մնալ», - հայտնեց Հարությունյանը:

Օգոստոսի 13-ին ContourGlobal-ը և Հայաստանի Հանրապետությունը հայտարարել են Որոտան գետի ափին, Հայաստանի հարավում տեղակայված՝ 405 մՎտ ընդհանուր հզորության երեք հիդրոէլեկտրակայաններից բաղկացած Որոտանի հիդրոկասկադի առուվաճառքի գործարքի ավարտի մասին: Համաշխարհային Բանկի Խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան ձեռք է բերել ContourGlobal Հիդրո Կասկադ ընկերության բաժնետոմսերի 20%-ը՝ Որոտանի հիդրոկայանների գնման, շահագործման և վերականգնման գործընթացին նպաստելու նպատակով:

Գոծադիրը, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ն ու ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունները 2014-ի հունվարի 29-ին գույքի $180 մլն արժողությամբ առուվաճառքի պայմանագիր էին ստորագրել:

Աշխատակազմի ղեկավարը նկատել է, որ բանկերը առաջին հերթին նրա համար են, որպեսզի ներգրավեն մի կողմից ավանդներ, մյուս կողմից՝ ֆինանսավորեն ձեռնարկատիրական գործունեությունը։

«Այստեղ որևէ զարմանալի բան չկա, ավելին, սա ամենատարածված ձեռնարկատիրական գործարքն է, որը տեղի է ունենում։ Մենք պետք է միայն ուրախ լինենք, որ այդ վարկային միջոցները հենց հայկական բանկերից են վերցված, որովհետև որքան շատ լինի վարկային փաթեթը մեր բանկերում, այնքան ավելի մեծ ակտիվություն է ներմուծվում տնտեսական կյանք», - նշեց Հարությունյանը:

Նա նաև ընդգծեց, որ ContourGlobal-ը հայտնի կազմակերպություն է էներգետիկայի ոլորտում, գործում է աշխարհի տասնյակից ավել երկրներում, էներգետիկայի տարբեր բնագավառներում, այդ թվում՝ մի շարք նորարարական ուղղություններով, օրինակ՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում։

Հարությունյանի խոսքով՝ այդ է պատճառը, որ գործադիրը կանգ է առել հենց այդ կազմակերպության վրա։ Ի տարբերություն նախկինում ստորագրված պայմանագրի, գործարքը լուրջ վերաբանակցվել է, և որոշակի խնդիրները, օրինակ, երբ սեփականության իրավունքով ռազմավարական օբյեկտները հանձնվում էին ի սեփականություն, վերանայվել են:

«Լուրջ վերանայվել է պայմանագրի այն հատվածը, որը վերաբերում է սեփականության իրավունքով ռազմավարական օբյեկտները հանձնելուն: Այդ օբյեկտները այժմ չեն կարող սեփականության իրավունքով գրավադրվել: Ընկերությանը տրված է կառուցապատման իրավունք, ինչը նշանակում է, որ իրենք իրավունք ունեն օգտագործելու այդ տարածքները, օրինակ՝ տեղադրել տեխնիկական կառույցներ, ինժեներական ենթակառուցվածքներ ավելացնել։ Այդ ամենը կառուցապատման իրավունքի պարագայում համարվում է այսպես կոչված ժամանակավոր սեփականություն, այլ ոչ թե ամբողջական սեփականություն։ Գրավադրված է ընդամենը կառուցապատման իրավունքը, իսկ սեփականության իրավունքը շարունակում է պահպանել Հայաստանի Հանրապետությունը», - պարզաբանեց նախարարը։

Կայանների արդիականացման, դրանց շահագործման ցուցանիշների, տեխանվտանգության, հուսալիության և արդյունավետության բարելավման նպատակով՝ մոտակa 6 տարիներին ContourGlobalը նախատեսում է կատարել €50 մլն-ի ներդրում: Ի հավելումն կայաններում աշխատող տեխնիկական ոլորտի 150 հիմնական աշխատողների՝ ընկերությունն ակնկալում է արդիականացման գործընթացի արդյունքում որոշակի ժամկետով ստեղծել ևս 150 աշխատատեղ:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ի նիստում հավանություն տվեց ամերիկյան «ContourGlobal Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ին Սյունիքի մարզի «Սպանդարյան», «Շամբ» և «Տաթև» հիդրոէլեկտրակայաններում՝«Որոտան» ՀԷԿ-երի կասկադում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրելու որոշման նախագծին՝ 25 տարի գործողության ժամկետով:

ContourGlobal ընկերությունն էներգիա արտադրող միջազգային ընկերություն է, որի գործունեությունը ծավալվում է 20 երկրներում և 4 մայրցամաքներում: Ընկերության կայանների և շինարարական փուլում գտնվող օբյեկտների ընդհանուր հզորությունը կազմում է մոտավորապես 4000 մՎտ: Ընկերության 1650 աշխատակիցներ ապահովում են տարբեր վառելիքով, նաև վերականգնվող՝ քամու, արևի և կենսազանգվածի էներգիայով աշխատող 58 էլեկտրակայանների, ինչպես նաև մի շարք ջերմային կայանների աշխատանքը:

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ContourGlobal-ը տնօրինում և շահագործում է 1 220 մՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրաէներգիայի արտադրության ընկերություններ, որոնք գտնվում են Ավստրիայում, Իտալիայում, Բուլղարիայում, Ուկրաինայում, Ռումինիայում և Լեհաստանում:

Որոտան հիդրոկասկադը կազմում է ՀՀ էլեկտրականության համակարգի դրվածքային հզորության մոտ 15%-ը և բավարար էլեկտրականություն է թողարկում 250000 տնտեսություններ էլեկտրաէներգիայով ապահովելու համար:< /i>

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---