Համենեին արգելել է բանակցություններն Իրանի և ԱՄՆ միջև, այդ թվում միջուկային ծրագրի շուրջ

Համենեին արգելել է բանակցություններն Իրանի և ԱՄՆ միջև, այդ թվում միջուկային ծրագրի շուրջ

PanARMENIAN.Net - Իրանի գերագույն առաջնորդ Ալի Համենեին արգելել է հետագա բանակցությունները Թեհրանի և Վաշինգտոնի միջև, հայտնում է Gazeta.ru-ն The Wall Street Journal-ի վրա հղումով:

Ինչպես հայտարարել է Համենեին, ԱՄՆ և Իրանի միջև բանակցությունները հնարավորություն են տալիս Վաշինգտոնին ազդել երկրի ներքին քաղաքականության վրա: Նա նշել է, որ բացառություն չեն նաև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները:

Այաթոլլան ամբողջական արգելք է դրել երկու երկրների միջև ուղիղ բանակցությունների վրա:

Սեպտեմբերին Համենեին արդեն ասել էր, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունից հետո ԱՄՆ հետ բանակցություններ այլևս չեն լինի, սակայն անմիջական արգելք մինչ օրս չկար: Իրանի առաջնորդը նշել է, որ իր կարծիքով, ամերիկացիները ձգտում են ազդել Իրանի վրա: Բացի այդ, Համենեին կարծում է, որ ԱՄՆ-ն և Իսրայեկը կարող են գործարքի մեջ մտնել Իսլամական Հանրապետության դեմ:

Մինչդեռ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ երկրի կառավարությունը պատրաստ է բանակցել ԱՄՆ հետ Սիրիայում հակամարտության կարգավորման շուրջ:

Ինչպես նշում են արևմտյան ԶԼՄ-ները, Համենեին վերջին 18 ամիսներին սատարել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին «վեցյակի» և Թեհրանի միջև, սակայն հրապարակավ հավանություն չի հայտնել ձեռք բերված պայմանավորվածության վերաբերյալ:

Սեպտեմբերին Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հույս հայտնեց, որ ՄԱԳԱՏԷ-ն ու Թեհրանը կկարողանան հանգուցալուծել բոլոր առկա տարաձայնություններն Իրանի միջուկային խնդրի հարցում:

Այս հայտարարությունը հաջորդեց ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի այցին Թեհրան, որի ընթացքում նա հանդիպումներ է ունեցել Սալեհիի, երկրի նախագահ Հասան Ռոուհանիի, ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆի, ինչպես նաև Իրանի խորհրդարանի անդամների հետ:

«Իրանը միանգամայն գոհ է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի այցից, և մենք հուսով ենք, որ առկա գործակցությունը մինչև տարեվերջ արդյունք կտա բազմամյա հակասությունների հանգուցալուծման հարցում»,-մեջբերում է գործակալությունը Սալեհիի խոսքը, որը նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի այցը արդյունավետ կլինի և կգոհացնի բոլոր կողմերին:

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն մամուլի ասուլիսում ամփոփել է Փարչինում ռազմական օբյեկտի տեսչության արդյունքները: Նա հայտարարել է, որ Իրանի իշխանությունները պատրաստակամություն են ցուցադրում «միջուկային գործարքի» իրագործման պայմանների կատարման ուղղությամբ:

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը նշել է, որ կազմակերպությունն առաջին անգամ կարողացավ տեսչական ստուգում անցկացնել Փարչինում: Մինչ այդ միջազգային դիտորդներին հասանելի էին միայն օբյեկտի արբանյակային լուսանկարները: Փարչինում տեսչական ստուգման հնարավորությունը վկայում է, որ Իրանի իշխանությունները պատրաստակամ են կյանքի կոչելու Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության իրականացման «Ճանապարհային քարտեզը», հայտնում է vestifinance.ru-ն:

Ընդ որում Ամանոն նշել է, որ մինչ տեսչական աշխատանքի ավարտը Իրանը «դեռ շատ անելիք» ունի:

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության հասան Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը կչեղարկի Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ, ասվում է բանակցությունների արդյունքում ընդունված համաձայնագրի նախագծում: «Եվրամիությունը կկասեցնի բոլոր այն դրույթները, որոնք սահմանափակումներ են ենթադրում Իրանի դեմ, ներառյալ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Իրանն իր հերթին պարտավորվում է ձեռնամուխ լինել բոլոր պայմանավորվածությունների կատարմանը միջուկային հարցի վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում: Հանվում է նաև ԵՄ օդանավակայաններում Իրանի բեռնատար ինքնաթիռների վայրէջքի արգելքը: Թեհրանն ու «վեցյակը» պայմանավորվել են նաև հանել ԵՄ համար գործող «նավթի, գազի, բենզինի և նավթաքիմիայի» արտահանման բոլոր սահմանափակումները, ինչպես նաև «ածխաջրածինների արդյունահանման համար նախատեսված սարքավորումների» արտահանման մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---